Կրթությունն ու բարեկեցությունը տարբեր բաներ են

28/02/2007 Նաիրա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հայտնի ճապոնական ասացվածք կա. «Աղքատ մարդը հիմար մարդն է»: Հիմար ասելով` ճապոնացիները երեւի նկատի են ունեցել անգրագետ, կրթություն չունեցող մարդուն: Մեր հասարակության մեջ կրթական բարձր մակարդակ ունենալը դեռեւս բարեկեցիկ կյանքի երաշխիք չէ: Օրինակ, բարձրագույն կրթություն ունեցող մարդկանց թվաքանակով (29-30%) Հայաստանը համեմատվում է Ավստրիայի, Ավստրալիայի հետ, սակայն աղքատության եւ գործազրկության մակարդակով թվարկված երկրների հետ չի կարող համեմատվել:

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի եւ ՀՀ Կրթության, գիտության նախարարության 2005թ. անցկացրած մի ուսումնասիրության համաձայն, մասնագիտությունների վարկանիշային սանդղակում կրթական բարձր մակարդակ եւ որոշակի հիմնարար գիտական պատրաստվածություն ենթադրող այնպիսի մասնագիտություններ, ինչպիսիք են ինժեները, մաթեմատիկոսը, ֆիզիկոսը, կենսաբանը եւ քիմիկոսը, ըստ եկամտաբերության, զբաղեցնում են վարկանիշային ստորին դիրքեր` զիջելով բուժքրոջ, գործավարուհու եւ նույնիսկ ավելի ցածր կրթական մակարդակ ենթադրող մասնագիտություններին, օրինակ` վարսավիրին, ոսկերչին: Ներկայումս մասնագիտություն ընտրելիս մարդիկ առաջնորդվում են տվյալ աշխատանքի եկամտաբերությամբ: Նշված հետազոտության համաձայն, այնպիսի հին մասնագիտության տեր մարդիկ, ինչպիսիք մարմնավաճառներն ու գող- ավազակներն են (այդ խմբում ընդգրկված են նաեւ ոստիկանները, բրոքերները, վարսավիրները, ոսկերիչներն ու մաքսավորները), թեեւ հեղինակավոր մասնագիտություններ չեն համարվում (բացառությամբ միջին հեղինակությամբ օժտված մաքսավորի), սակայն եկամտաբերության տեսակետից անհամեմատ ավելի բարձր վարկանիշներ ունեն: 1990-ական թթ. դասախոսների եւ ուսուցիչների մի ստվար զանգված նախընտրեց տոնավաճառներում առեւտրով զբաղվել, որովհետեւ այլընտրանք չուներ: Մտավորականության շրջադարձը դեպի մանր եւ միջին բիզնեսի ոլորտ այլեւս արդիական չէ: Գաղտնիք չէ նաեւ, որ հայ օլիգարխներից շատերն այսօր ունեն կասկածելի բարձրագույն կրթություն (դիպլոմ գնելն առանձնապես դժվար գործ չէ) կամ թերի միջնակարգ կրթություն: Ուսումնասիրությունների համաձայն, կառավարման մարմինների ներկայացուցիչների մեջ նույնպես քիչ չեն միջնակարգ կրթություն ունեցողները: ԱԺ պատգամավորներից ոմանք նույնպես աչքի չեն ընկնում իրենց կրթական բարձր ցենզով:

Կրթության իրավունքի ապահովումը եւ պաշտպանությունն ամրագրված է ՀՀ սահմանադրությամբ, իսկ «Կրթության մասին» օրենքով` կրթության բնագավառի պետական քաղաքականության հենքն ազգային դպրոցն է: Թեեւ մեր երկրում միջնակարգ ութամյա կրթությունը պարտադիր է, սակայն մեր իրականությունում գոյություն ունեն պարտուսից խուսափող կամ հրաժարվող երեխաներ: Մեր տեղեկություններով, միայն մայրաքաղաքում մոտ 5 տասնյակից ավելի դպրոցահասակ երեխաներ չեն հաճախում դպրոց: Երեւանի քաղաքապետարանի Կրթության վարչության պետի տեղակալ Սիլվա Աչոյանի հավաստմամբ, տարին երկու անգամ ուսումնասիրություններ են իրականացվում` հանրակրթական դպրոցների աշակերտների դպրոցից դուրս մնալու հետեւանքների մասին: «Մեր դպրոցներում սովորող ոչ բոլոր աշակերտներն են, որ մայրաքաղաքում գրանցված երեխաներն են: Նրանք այնպիսի երեխաներ են, որոնք մշտական բնակություն չունեն այդ տարածքում կամ վարձով ապրողներ են: Պատահում է, որ նման երեխաների ծնողները բավարարվում են 6-7-րդ դասարանների կրթությամբ, ինչն առավել պատահում է եզդի ազգաբնակչության շրջանում: Նմանատիպ երեխաների ծնողները չեն ցանկանում, որ նրանք շարունակեն իրենց ուսումը, եւ տանում են աշխատանքի»,- ասում է Ս. Աչոյանը: Քաղաքապետարանի տվյալներով, մայրաքաղաքում պարտադիր կրթությունից հրաժարված երեխաների թիվը ներկայումս 7-8 է: Նրանք որակվում են նաեւ որպես վատ հաճախող երեխաներ: «10-12 տարի առաջ առավելապես սոցիալական վիճակից ելնելով` երեխաներին ծնողները դպրոց չէին ուղարկում: Հիմա պատճառները փոքր-ինչ այլ են: Օրինակ, Վ. Տերյանի անվան դպրոցում մի աշակերտ ունեինք, որի ընտանիքը սեպտեմբերին եկել էր Լաչինից, ու երեխան առաջին 2 ամիսը հաճախել էր դպրոց, այնուհետեւ դադարել էր հաճախել: Ոստիկանության տարածքային համապատասխան ստորաբաժանման եւ դպրոցի ղեկավարության միջամտությամբ այդ երեխային տեղավորեցինք գիշերօթիկում: Նրա մայրը թողել-հեռացել էր, իսկ հայրը ստիպված էր գիշեր-ցերեկ աշխատել: Այդպիսի դեպքեր երբեմն պատահում են»,- հավելում է Ս. Աչոյանը: Նրա տեղեկացմամբ, քաղաքապետարանի Երեխաների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի եւ ՀՀ Ոստիկանության անչափահասների գործերով բաժինների համագործակցությամբ տարվող ծրագրի շրջանակներում իրականացվում է դպրոցից դուրս մնացած, կյանքի դժվար պայմաններում հայտնված դպրոցահասակ երեխաների մասին տեղեկատվության հավաքագրում եւ անհատական աշխատանքներ: Իսկ դժվարին պայմաններում երեխաներն առավել հաճախ հայտնվում են ծնողների պատճառով: Դրանք հիմնականում միակողմանի ծնողների երխաներն են, որոնց ծնողներն աշխատում են գիշերուզօր, եւ երեխաներն ուշադրությունից դուրս են մնում: Արդեն երկրորդ տարին է, ինչ մայրաքաղաքի մոտ 80 հանրակրթական դպրոցներում իրականացվում է «ԶԱՆԳ» հապավմամբ (զարգացնենք արդարադատությանը նպաստող գաղափարները) ծրագիրը, որը, Ս. Աչոյանի խոսքով, միտված է անչափահասների իրավական գիտելիքների բարձրացմանը, կրթության դերի արժեւորմանը: «Մեր երեխաները դպրոցում են, մեր երիտասարդները բուհերում են: Հայ ժողովրդի համար երբեւէ կրթությունն անպիտան չի եղել: Ծնողն ու դպրոցը միաժամանակ պետք է երեխայի մեջ սերմանեն կրթության արժեքը, որովհետեւ այն անփոխարինելի է: Հայ ընտանիքը որքան էլ ծանր սոցիալական վիճակում լինի, ձգտում է իր երեխային ապահովել բարձրագույն կրթությամբ»,- համոզված է մեր զրուցակիցը: Սակայն կրթություն ստանալ, դեռեւս չի նշանակում ունենալ ինտելեկտ կամ ապրել հարուստ: