ԱԺ արտահերթ նիստում երեկ առաջին ընթերցմամբ ընդունվեցին «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին», «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» օրենքներում առաջարկվող փոփոխությունների նախագծերը: Առաջարկվող փոփոխությունների նպատակը գործող օրենքները Սահմանադրությանը համապատասխանեցնելն է: Երեկ ԱԺ-ն շարունակել է երկքաղաքացիության մասին օրենսդրական փաթեթի քննարկումը: Իսկ նախօրեին ԱԺ-ն 65 կողմ եւ 5 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունել է «Հայաստանի քաղաքացիության մասին» օրենքի այն փոփոխությունները, որոնք այլ երկրի քաղաքացիներին երկքաղաքացիություն ստանալու իրավունք են տալիս: Նախագծին դեմ է քվեարկել ՄԱԿ խմբակցությունը, իսկ ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը: ՄԱԿ-ն իր դիրքորոշումը բացատրում է նրանով, որ իրենց համար անընդունելի է, շատ անընդունելի է, որ ՀՀ նախարարները կարող են լինել նաեւ այլ երկրի քաղաքացիներ: Նկատենք, որ եթե ՄԱԿ-ը եւս չմասնակցեր քվեարկությանը, ապա նախագիծը չէր ընդունվի, քանզի քվորում չէր ապահովվի: Այսինքն՝ եթե ՄԱԿ-ն այդքան շատ չէր ուզում, որ այդ նախագիծն ընդունվի, դեմ քվեարկելու փոխարեն պետք է չմասնակցեր քվեարկությանը, եւ այն կտապալվեր: Փաստորեն ստացվում է, որ ՄԱԿ-ը «կողմ ըլլալով դեմ կպոռա»: Նկատենք, որ սա նոր երեւույթ չէ: «Ազգային Միաբանություն» եւ «Օրինաց երկիր» խմբակցությունները բազմիցս են նման կերպ վարվել: Նման «ընդդիմադիրներին» ընդունված է անվանել «կառուցողական»: