Հայաստանում այժմ կանանց մահացության պատճառներից առաջինը կրծքագեղձի քաղցկեղն է, երկրորդն՝ արգանդի պարանոցի քաղցկեղը: Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանն «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ ռիսկային են համարվում 35 տարեկանից բարձր կանայք, ովքեր գոնե տարին մեկ անգամ պետք է հետազոտվեն: Կենտրոնն իր գործունեության 10 տարիների ընթացքում հետազոտել է 92.250 կնոջ, 3100-ի մոտ հայտնաբերել է կրծքագեղձի քաղցկեղ՝ արդեն խորացած փուլում, մոտ 70-ի մոտ` արգանդի պարանոցի քաղցկեղ: Կրծքագեղձի քաղցկեղով հիվանդացության մակարդակն ամենաբարձրն է Գեղարքունիքի մարզում: Մոտ 400 կնոջ կյանք փրկվել է կրծքագեղձի քաղցկեղի վաղ կանխարգելման եւ վիրահատական միջամտության շնորհիվ: Կենտրոնում վիրահատություններ չեն արվում, սակայն նախատեսվում է շենքի վերանորոգումից հետո ստեղծել նաեւ վիրահատարաններ: