Նանա Սահակյանցը տաղանդավոր նկարիչ-մոդելավորող ու օրիգինալ մարդ է, կարողանում է նկատել եւ ստեղծել գեղեցիկ ու տպավորիչ պատկերներ: Նրա աշխատանքների ոճը շատ ուրույն է, միանգամից տարբերվում է ուրիշների արածից՝ մի քիչ հեգնական, թեթեւ ու բարձրաճաշակ: 1997 թվականին ստեղծված «Զատիկ» նորաձեւության սրահը Նանա Սահակյանցի ստեղծագործությունն է:
– Ինչի՞ց սկսվեց «Զատիկը»:
– Սկսել ենք մանկական հագուստից՝ անում էինք դիմակահանդեսային, կառնավալային զգեստներ, իսկ հետո զուգահեռ ավելացան անհատական պատվերները: 7 տարի աշխատեցինք կանանց ու երեխաների հագուստ ստեղծելով: Ընթացքում անում էինք մեր հոգուն մոտ բաներ: Հետո ջղայնացանք…
– Անհատական պատվերները հոգուն մոտ չե՞ն համարվում:
– Անպայման համարվում են, որովհետեւ նույնիսկ մեր ճաշակի հետ ոչ մի կապ չունեցող պատվերը, միեւնույն է, այսպես ասած՝ մեզնով ենք սարքում ու սկսում ենք սիրել: Տրամադրվում ենք, սկսում ենք սիրել ու արդյունքում ստացվում է հիբրիդ: Երկու տարի պահանջվեց, որպեսզի անենք առաջին կոլեկցիան՝ մոտ 100 կոմպլեկտ, 30-ն ուղարկեցինք Մոսկվա, որտեղի բուտիկներից մեկում հիմա ցուցադրվում է, իսկ մնացածը տարանք Փարիզ ցուցադրելու: Կոլեկցիայի 70%-ը երեկոյան զգեստներ են, կան նաեւ ամենօրյա հագուստներ: Հագուստները պատրաստված են բնական գործվածքներից, հիմնականում` մետաքսից, ընդ որում, մեր տեղական՝ Ղարաբաղի հայտնի մետաքսից: Զգեստներն ամբողջությամբ նկարված են բատիկ ոճով: Դա նախշանկարում է տեքստիլի վրա: Ավելի շուտ ինդոնեզական արվեստ է, բայց հայերն ունեցել են շատ լավ ավանդույթներ ու վարպետներ: Մենք հաճախ օգտագործում ենք չմշակված մետաքսը: Ընդհանրապես բոլոր նյութերն են հայկական, նույնիսկ մի կոճակ, ուլունք չկա, որ չինական կամ պարսկական լինի:
– Ձեր պատրաստած մանկական հագուստը բավական թանկ է:
– Տոնավաճառների հետ համեմատած՝ թանկ է: Մեր որակն է բարձր: Հագուստի քիչ քանակի դեպքում միայն կարելի է որակ ապահովել, որը մենք ապահովում ենք:
– Ինչպե՞ս ստացվեց, որ գնացիք Փարիզ:
– Դե, ասացի՝ ջղայնացանք: Խթանը դա էր: Մենք նպատակ չունեինք հագուստը վաճառել, ուզում էինք կոլեկցիան ներկայացնել, իմիջ ձեռք բերել ու, այսպես ասած, PR անել, հետո նոր վաճառել: Հոգնել էինք ամեն մեկին բացատրելուց, որ, իհարկե, կարելի է գնալ տոնավաճառ ու 10 դոլարով ինչ-որ բան գնել, բայց որ գնում ես յուրահատուկ տեղ, պետք է յուրահատուկ հագուստով լինես: Բացատրելն ավելի բարդ էր: Եվ այսպես, հունվարի 27-ին Փարիզում ցուցադրություն արեցինք, հրավիրեցինք նորաձեւության բնագավառի մարդկանց, լրագրողների:
– Ձեր սեփական միջոցներո՞վ էր ամենն արված:
– Հիմնականում` հովանավորների ծախսերով ու մեր փարիզյան ընկերների մեծ օգնությամբ: Վարձել էինք հին փոքրիկ փարիզյան թատրոնի դահլիճը, որը նաեւ Փարիզի ամենահին կինոթատրոններից մեկն է եղել: Քանի որ մենք մի քիչ էլ Հայաստանում հագուստը մատուցելու ձեւից էինք դժգոհ ու ջղային, որոշեցինք նորովի մատուցել մեր կոլեկցիան: Մեզ մոտ բոլորը կարծես մռայլ գույներ են ընտրում, վամպ-կնոջ հայացքն ու անհասկանալի քայլվածքն ունեն ու հագնվում են այնպես, որ մտածում ես` իսկ նա այդ հագուստով ընդհանրապես կկարողանա՞ նստել, թե՞ դա միայն քայլելու համար է: Մենք արդեն ունեինք պարային ոճով հագուստը մատուցելու փորձ՝ աշխատել էինք «Նանե» պարային համույթի հետ ու շատ գոհ էինք: Ու նույնն արեցինք Փարիզում, բայց պարում էին բացառապես «Լիդոյի» ու «Մուլեն Ռուժի» հանրահայտ կաբարեների պարուհիները: Ոչ մի հայ չկար, «ամենահայը» ուկրաինուհի էր, բայց պարում էր այնպես, կարծես ղարաբաղցի հարս լիներ: Շատ հետաքրքիր պարուհիներ էին:
– Լրագրողները շա՞տ էին:
– Մեր դեպքում լրագրողների քանակը չտեսնված բան էր: Մենք Գերմանիայից կամ Իռլանդիայից չէինք եկել, այլ մի երկրից, որի մասին ֆրանսիացիները գիտեն միայն երկու բան՝ Շառլ Ազնավուր ու Եղեռն, եւ վերջ: Ոչ ոք չէր պատկերացնում, որ մենք ունենք haute coture, նորաձեւության տներ, արտադրություն: 10-ից ավելի լրագրողներ էին եկել. դա մեզ համար ռեկորդային թիվ էր: Մեր մասին գրեց «Փարի մատչը», «Գալան»:
– Իսկ «Վո՞գը»:
– «Վոգը» եւ «Էլլը» միայն փողով են, քանի որ ապրում են գովազդով: Պետք է իրենց մուծվել, որ գան քո մասին գրեն:
– Ցուցադրության ընթացքում հագուստները վաճառվո՞ւմ էին:
– Ոչ, մենք ընդամենը մեր այցեքարտը ներկայացնելու ու մեր մասին ինֆորմացիա թողնելու նպատակ ունեինք: Ուզում էինք ինչ-որ կապեր հաստատել հետագա վաճառքի համար: Ու հաստատեցինք: Հիմա Շանզ Էլիզե փողոցում ունենք ժամանակավոր վաճառքի տեղ՝ show room, որը մեր ընկերներից մեկն է տրամադրել: Կոլեկցիայի հիմնական մասն այնտեղ է ցուցադրվում: Մարդիկ գալիս են, նայում են, ասում են՝ ինչ լա՜վն է, ուզում ենք մեր բուտիկներում կախել, օրինակ, այս տեսականու այսքան քանակ, ու մենք հուլիսին պետք է այդ քանակն ապահովենք: Մեր ներկայանալը հաջող ստացվեց: Հիմա պետք է ճիշտ պայմանագրեր ձեռք բերենք ու աշխատենք: Մարտի 25-ին մեր այդ նույն շոուն նույն կազմով ցուցադրելու ենք Հայաստանում, հետո հագուստները երեւանյան բուտիկներից մեկում դնելու ենք վաճառքի, բայց դեռ չգիտենք, թե որ բուտիկում: Մենք ատելյե ունենք, սեփական բուտիկ չունենք:
– Մենք նորաձեւություն ստեղծող վառ դեմքեր ունե՞նք:
– Իհարկե, ունենք ֆանտաստիկ տաղանդավոր մարդիկ, զիլ մոդելավորողներ, որոնք եթե իրենց կյանքում 6 լավ բան են անում, ուրիշ երկրներում կարողանում են շատ փող աշխատել ու իմիջ ձեռք բերել, իսկ այստեղ առաջ չեն գնում: Հայաստանում չկա մեխանիզմ նորաձեւությունն առաջ հրելու, զարգացնելու համար: Արվում է, օրինակ, «Ռուսսկի սիլուետ» կամ «Հայկական սիլուետ», դրանից հետո ի՞նչ պետք է կատարվի: Պիտի գան բուտիկների տերերը ու պատվերներ անեն: Մոդելավորողը պետք է հնարավորություն ունենա ստեղծած նմուշներն ըստ անհրաժեշտ չափերի կրկնելու համար: Մերոնք հազիվ են առաջ շարժվում, սեփական փողերն են ներդնում՝ տնից բերած, մայրիկից, հայրիկից, ամուսնուց վերցրած, էստեղից-էնտեղից ճարած… Ո՞վ կարող է իրեն թույլ տալ 40 կտոր կոլեկցիա անել, իսկ նորմալ տեղ ներկայացնելու համար պետք է ունենալ այդ մինիմալ քանակը: Հետո պետք է գնալ` Փարիզի, Միլանի տարբեր սրահներում ցուցադրվել եւ այլն, եւ այլն:
– Ստացվեց, որ «Զատիկն» առաջին նորաձեւության տունն էր, որն իր աշխատանքները Փարիզում ցուցադրեց:
– Փաստորեն, այո: Մենք չգիտեինք, որ առաջինն ենք:
– Դուք նկարիչ եք եւ մի քանի տարի առաջ շատ հետաքրքիր ու սրամիտ բացիկների շարք ձեւավորեցիք: Եկամուտ ստացա՞ք:
– Բացարձակ ոչ մի բան: Ստացա ահռելի հաճույք: Մեր սեփական հրատարակչական ջանքերով նկարազարդել եմ նաեւ Թումանյանի հեքիաթների գիրքը, էլի մի քանի գիրք: Ձեւավորեցի ու նկարեցի Փարիզի ցուցադրության հրավերների ծրարները, որոնք մեծ հաջողություն ունեցան: Շատ աշխատեցի, որ յուրահատուկ լինեն, տարբերվեն ուրիշների ծրարներից: Դե, հիմա էլ եմ նկարում՝ այստեղ, այնտեղ, հենց այնպես կամ ոչ հենց այնպես, գործվածքի, թղթի վրա: Մեր էնտուզիազմի աստիճանը միլիոնի է հասնում, հիմա պետք է կարողանալ գործը կոմերցիոն ռելսերի վրա դնել, որ չդառնա հերթական ցուցահանդես, բոլորը ասեն՝ ինչ լավ երեխաներ են, եւ դրանով ամեն ինչ վերջանա: