Կանայք էլ են շատ փոխվել

28/02/2007 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Շուտով մոտենում է Մարտի 8-ը, ավելի ճիշտ կլինի ասել՝ կանանց միամսյակը: Մենք փորձեցինք ճշտել, թե կանանց տոնին ինչպես են պատրաստվում տաքսու վարորդները: Նրանցից շատերն անտարբեր են եւ առանձնապես չեն կարեւորում այս իրադարձությունը, ոմանք էլ գտնում են, որ Մարտի 8-ն ամենացանկալի տոներից մեկն է, որովհետեւ կանայք այդ օրն իրենց ամուսիններին ժպտալով են դիմավորում: Ընթերցողին հիշեցնենք, որ մեր զրուցակից վարորդների իրական անունները հասկանալի պատճառներով փոխված ենք ներկայացնում:

«Կինս մազերս կպոկի ու տեղը ձնծաղիկներ կշարի»

«Ժպտալը` ժպտում են, բայց ժպիտի տեւողությունը նվերի որակից ա կախված»,- կատակում է վարորդ Հրայրը, ով դեռեւս չի կողմնորոշվել, թե ինչ է նվիրելու իր գերդաստանի կանանց: «Ես միշտ էլ սիրել եմ կանանց նվերներ տալ: Երիտասարդ տարիքում Մարտի 8-ին մեքենայիս մեջ ձնծաղիկների փնջեր էի պահում ու նվիրում էի ուղեւորներիս: Բայց դե՛, եթե հետները տղամարդ էր լինում` չէի տալիս, կռվի բուն ա: Էդ հասարակ ուշադրությունից էնքան էին շոյվում: Հիմա տենց բաներ չեմ անում, երեւի ծերացել եմ, մեջս խենթություն չկա: Համ էլ կինս խանդոտ ա, հանկարծ, որ էդ պահին ռաստ եկավ՝ մազերս կպոկի ու տեղը ձնծաղիկներ կշարի… Է՜, ջահելությունս հիշեցի գիտե՞ս: Մի աղջկա էի սիրահարված, ինձ չառավ, ասեց` ամբողջ կյանքդ պիտի ավտո քշես, ոչ կրթություն ունես, ոչ էլ կարգին աշխատանք: Ասում էի` բայց քեզ շատ կսիրեմ, լավ ամուսին կլինեմ, ասեց` չէ՛, հերս քեզ դեմ ա: Հիմա շատ են ասում, որ աղջիկները ձգտում են փողոտ, տնով-տեղով ամուսին ունենալ, բայց էդ ձգտումն էն լի ու բոլ տարիներին էլ կար: Աղջիկն ուզում էր տնով-տեղով տղա, իսկ տղան ձգտում էր օժիտով, դիպլոմով աղջկա: Ուղղակի արժեքները հիմա շատ են փոխվել: Չեմ հիշում` մենք ո՞ր դասարանում էինք, որ Մարտի 8-ին մեր դասարանի աղջիկներից ամեն մեկին Պուշկինի «Կապիտանի աղջիկը» գիրքը նվիրեցինք: Գրքի վրա էլ մակագրել էինք: Մի անգամ գնացել էի մեր դասարանի Մարգոյենց տուն, եղբայրը մտերիմ ընկերս էր: Էդ գիրքը տեսա, ասեցի` վա՜յ, էս մեր նվիրած գիրքն ա՞: Մարգոյի եղբայրն իրան ձեռ առավ, ասեց՝ էդ գիրքն էնքան ա սիրում, որ ամեն օր բացում, մակագրությունը կարդում ա: Գիրքն ամենաթանկ նվերն էր: Իսկ հիմա մեկին գիրք նվիրես տոնի առթիվ՝ երեսիդ կշպրտի»,- ասում է Հրայրը:

«Մեր երկրի տերերը լավ տղերք չեն»

Վարորդ Մինասը, ինչպես ամեն տարի, այնպես էլ հիմա պատրաստվում է կնոջը հաճելի անակնկալ մատուցել, բայց, թե ի՞նչ, դեռ չի կողմնորոշվել: «Ինձ համար Մարտի 8-ը, ավելի ճիշտ՝ կանանց միամսյակը սպասված տոն է: Ինչ իրավիճակ էլ լինի, միեւնույն է, նշում ենք: Ես ուղղակի հիմա մի քիչ հիասթափված եմ մեր նոր սերնդից, մի քիչ ջղայնացած եմ: Ջահելները գուցե իրենց տանն իրենց լավ են պահում, բայց դրսում՝ ահավոր է: Շատ բան է փոխվել, երկրի իրավիճակն է փոխվել: Շեղվեցի…»,- ինքն իրեն ուղղելով` շարունակում է Մինասն ու վստահեցնում, որ կանանց ազատությունն այսօր իրենց մեծ հնարավորություններ է տալիս, սակայն այդ ազատությունը շատ դեպքերում ճիշտ չի օգտագործվում: «Օրինակ՝ կին պաշտոնյաներ կան, որ օրինակելի են, կուզենամ, որ երիտասարդ աղջիկներն օրինակ վերցնեն իրենցից, բայց կանայք էլ կան, որ ազատությունն օգտագործում են ոչ մաքուր բաների համար: Քաղաքականությունը մարդկանց փոխում է, այդ թվում` նաեւ կանանց»,- կարծում է Մինասն, ով մասնագիտությամբ տնտեսագետ է, երկար տարիներ աշխատել է Արարատի շրջկոոպում: «Մարդն իր ափսեի մեջ չի էսօր: Ես ինչպե՞ս կարող եմ ինձ լավ զգալ, եթե տաքսու վարորդ եմ աշխատում: Էսօրվա մեր երկրի տերերը լավ տղերք չեն: Ես Լեւոն-Տեր Պետրոսյանի փեսան եմ, ու ինքը շատ լավ խոսք ուներ, միշտ ասում էր՝ «Քաղաքականությունը պոռնկություն է»: Լեւոնի շուրջը հավաքված տղերքից շատերը դավաճաններ էին, ու էսօր էդ դավաճանների դարն ա»: Հարցնում եմ՝ «Դե՛, եթե Լեւոն-Տեր Պետրոսյանի փեսան եք, ուրեմն՝ տեղյակ կլինեք, ինչպե՞ս է նա, չի՞ մասնակցելու քաղաքական իրադարձություններին»: Ասում է՝ «Լավ է, իր համար գրքեր է գրում: Դժվար թե մասնակցի, բայց, որ անկեղծ ասեմ, չգիտեմ, թե ինչ է անելու: Լեւոնը շատ կարգին մարդ է, մեծատառով մարդ: Ուղղակի դժվար է, երբ մարդկանց հավատում ես, բայց դուրս են գալիս դավաճաններ: Իսկ ընդհանրապես ինքը շատ լավ է, ու ես ավել բան չեմ էլ ուզում ասեմ: Ավելի լավ է ասեմ, որ ես` տնտեսագետի մասնագիտությամբ շարքային վարորդս, շատ եմ վախենում մեքենա քշելուց: Մի որոշ ժամանակ Մոսկվայում էի մեքենա քշում ու էնտեղից հետո Երեւանում երթեւեկելն առնվազն նշանակում է հիվանդություն ձեռք բերել: Լուրջ եմ ասում, ես վախենում եմ, որ շաքար կստանամ: Երթեւեկությունն անմխիթար է, ու մտածում ես` աշխատում ես, որ հետո էդ փողերով երթեւեկության հետեւանքները բուժես»,- ասում է Մինասը:

«Տիկին սարսափելին ինձ կուղարկի գուբախտ»

«Էս կյանքը տեղով մեկ կանանց համար նվեր ա, էդ ի՞նչ պիտի նվիրես, որ իրանց սիրտը շահես»,- ասում է 50-ն անց Գեղամը, ում կարծիքով, կանայք բնությամբ երես առնող էակներ են ու, երբ սանձերը բաց ես թողնում՝ «խրտնում են մի ուրիշ ձեւի»: Գեղամն ասում է, որ ամուսնության հարցում ինքն անհաջողակ է. «Երկրորդ կինս ա: Առաջինից բաժանվեցի, որովհետեւ մեզնից երեխա չեղավ: Երկրորդս էլ ոսկե ձկնիկի պառավն ա: Պահանջել ա, որ պահանջում ա… Մեկ-մեկ մտածում էի, որ ես լավ մարդ չեմ, բնավորությունս լավը չի, դրա համար էլ չեմ հասկանում կանանց: Է՜, հիմա էլ տղայիս ամուսնացրել ենք, ու ամեն օր հարսիս հետ սկանդալ ա սարքում: Ասում եմ` ա՛յ կին, դու իրավունք չունես իրանց ընտանիքի մեջ քիթդ մտցնես, իրանք ջահել են, իրանց մտածելակերպն ուրիշ ա, իսկ մենք հին մարդիկ ենք: Ասում ա՝ տղեդ դարձել ա զոքանչիդ հարազատ որդին, խնամիդ կանտրոլ ա անում իրանց, բա ես ո՞նց չխառնվեմ: Ա՛յ սենց, ծանր բնավորություն ունի մեր տիկին սարսափելին: Չէ՛, վատ իմաստով չեմ ասում, ինքն էլ լավ, սիրուն, թոթոլ տիկին ա, բայց բնավորությունը սարսափելի ա: Ես իրան դիմում եմ տիկին սարսափելիով, ու ինքն էլ հաճույքով պատասխանում ա, որովհետեւ իրա թերություններն իրա համար գաղտնիք չեն: Դե՛, հիմա դու ինձ ասա՛, ես էդ ի՞նչ պիտի անեմ, որ կնոջս Մարտի 8-ին գոհացնեմ»,- հարցնում է նա ու ավելացնում, որ իրականում շատ է սիրում կնոջը, իսկ իր ասածների մեջ հումոր կար: Հարցնում եմ՝ «Չլինի՞ վախենում եք, որ տիկին սարսափելին էս խոսքերի համար ձեզ պատասխանատվության կենթարկի»: Ծիծաղելով պատասխանում է՝ «Լավ էլ հասկացող աղջիկ ես: Որ էս տողերը կարդա, չէ՞, ինձ գուբախտ կուղարկի: Գուբախտը էդ մեր ամենավատ սենյակն ա, որտեղ մի հատ չորացած տախտակով դիվան կա: Հենց ինձնից նեղանում ա` ուղարկում ա էնտեղ քնելու»:

«Հայ կանայք արժանի են ուշադրության»

Վարորդ Մհերի համար Մարտի 8-ն իր կյանքի ամենառոմանտիկ օրերից մեկն է. «Եթե ասեմ` չեք հավատա, բայց էդ օրը ես ամեն ինչ անում եմ, որ կինս իրեն շոյված զգա: Ամեն տարի էդ օրը ես փոքրիկ երեկո եմ կազմակերպում: 2 երեխա ունեմ, ու արդեն պայմանավորվել ենք, որ կնոջս համար հաճելի օր պիտի դարձնենք: Ես ու տղաս էդ օրը շամպայնով, խմորեղենով մոմի լույսի տակ ընտանեկան հավաքույթ կանենք: Ինչ վերաբերվում ա նվերներին, ապա իմ ընտանիքի կանանց համար էդքան էլ նշանակություն չունի, թե ինչ նվեր ա լինելու, կարեւորը ջերմ մթնոլորտն ա: Օրինակ՝ անցյալ տարի դրսում անցկացրինք: Աղջկաս ու կնոջս համար ընթրիքի սեղան էինք պատվիրել, կերանք, խմեցինք, ու էսօր, երբ էդ նկարները նայում ենք, հիշում ու ուրախանում ենք: Ընդհանրապես մեր կյանքում տոներ նշելը շատ կարեւոր ա, որովհետեւ մարդն իր համար հաճելի բան անելու ժամանակ չի ունենում: Էդ կենցաղային ծանրաբեռնվածությունը ոնց որ ժամանակ չտա, որ քո համար ինչ-որ լավ բան անես: Մեկ-մեկ մտածում եմ, որ մարդկանց մեջ գեղագիտական հաճույքը մեռել ա, որովհետեւ ամբողջ օրը մտածում են ստամոքսի մասին: Մի Նոր տարի ա, էն էլ էնքան ենք ձեւի հետեւից ընկնում, որ շան պես շունչներս գցած տոներից հետո գնում ենք գործի,- ասում է Մհերը ու հավելում,- Ընդհանրապես հայ կանայք արժանի են ամենօրյա ուշադրության, հայ կնոջն ամեն օր պիտի մեծարես: Ես 3 տարի Հունաստանում եմ ապրել: Տեսնում ես, թե այլազգի կանայք ինչ կյանքով են ապրում, ու անգամ հայ կնոջը խղճում ես: Ես հարազատ ունեմ, որ կինը 8 հոգանոց ընտանիք ա պահում, 2 տեղ ա աշխատում, իսկ ամուսինն ամբողջ օրը բեսեդկայում նարդի ա խաղում: Երբ հարցնես` կամ գլուխն ա ցավում, կամ ճնշումն ա բարձր, կամ էլ չգիտեմ ինչը: Հունաստանում բոլորի տանը ամեն տեսակի տեխնիկա կար, ու կինը համարյա ոչինչ չէր անում՝ լվացքը, ամանեղենը, ամեն ինչ ավտոմատ էր: Եթե հավես ունենար` ճաշ կեփեր, իսկ, եթե չէ՝ դրսում էին սնվում, ու տղամարդկանց համար դա նորմալ երեւույթ էր: Հայերի ընտանիքում ես մի բան եմ նկատել, որ տղամարդիկ կարող ա հազարավոր դոլարներ աշխատեն, բայց ձեռքները չգնա, որ իրանց կանանց գործը թեթեւացնելու համար ամանեղենի տեխնիկա առնեն: Մի հարեւան ունեմ, որ ամբողջ օրն էդ կռիվն ա: Կինն ասում ա՝ լվացքի մեքենա առ, իսկ ամուսինն ասում ա՝ հինն ի՞նչ պակաս ա, որ, հնով լվացք արա: Ուզում եմ ասել, որ մենք մի քիչ սիրում ենք մեր կանանց տանջել: Կնոջը միշտ պատկերացնում ենք գոգնոցը հագին գործ անելիս: Էսօր ես շատ եմ ուրախանում, որ կանայք կրունկներով ցելոֆանները ձեռքներին չեն վազում փողոցներով, այլ մեքենայով են ման գալիս»,- ասում է Մհերն ու հայ տղամարդկանց կոչ անում ավելի ուշադիր լինել կանանց հանդեպ:

«Բա Փետրվարի 23-ը՞»

«Փաստորեն, կանայք էլի մեյդան ընկան, հա՞,- կատակով հարցնում է վարորդ Արսենն ու հայտարարում, որ ինքը մեր թերթից վիրավորվում է,- Որովհետեւ դրանից առաջ Փետրվարի 23 կա, բան կա: Ա՛յ տենց ա էլի, տղամարդիկ միշտ էլ տուժած են, մեր մասին ո՞վ պիտի հարցուփորձ անի որ, կամ էլ ո՞ւմ ա ձեռնտու, որ մեր տոնի մասին գրի: Վերջիվերջո, Սովետական բանակում ծառայած մարդիկ ենք, մենք էլ մեր ձեւով ենք ծառայել: Հիմա, եթե Հայոց բանակի տոն ա նշվում, ուրեմն՝ մենք էլ բանի պետք չենք հա՞,- ծիծաղում է շարունակելով: -Արի ես բացառություն լինեմ ու Փետրվարի 23-ից խոսամ: Ես կուզենայի, որ մեր էս նոր սերնդի երիտասարդներն էնքան առողջ ու հասուն լինեին, որ մեր բանակը ներկայացնելիս մենք հպարտություն զգայինք: Ես շատ եմ զարմանում մի բանի վրա ու ուզում եմ հասկանամ, թե ի՞նչն ա պատճառը: Մեր ժամանակներում ծառայության գնացող երիտասարդը հասուն, թիկնեղ տղամարդ էր, իսկ հիմիկվա նորակոչիկներին նայում ես, ոնց որ 7-րդ դասարանի երեխեք լինեն: Նայում եմ, ասում եմ՝ ախր էս նվազ երեխեն ո՞նց պիտի հայրենիք պաշտպանի, զենքն իրա քաշից ծանր ա: Չգիտեմ, թե՞ թերսնված են հիմիկվա երեխեքը, թե՞ ինչ ա: Մի խոսքով` Մարտի 8-ի կապակցությամբ էլ կասեմ, որ հիմիկվա աղջիկներին մաղթում եմ, որ իրանց կողքին ունենան ուժեղ տղամարդիկ»: