Տեղական հեռուստաալիքները երկուշաբթի, երեկոյան 7-ից սկսած տեղափոխեցին բոլոր հաղորդումները: Քաղաքի կենտրոնը շրջապատված էր մոտ հարյուր ոստիկանական մեքենաներով: Երթեւեկությունն այդ մասում դադարեցված էր:
Սիրահարվածների օրվա նախօրեին, երկուշաբթի, երեկոյան 6:40-ին երիտասարդ մի պատանի մոտենում է Սոլթ Լեյք Սիթիի ամենահայտնի առեւտրային կենտրոններից մեկին` Թրոլլի Սքվերին, եւ իր ճանապարհին կրակում անցորդների վրա: Կրակոցը շարունակվում է կենտրոնում: 6:44-ին ժամանում է Ոստիկանության հատուկ ծառայությունը: Շրջափակում են խանութը: Շտապօգնության մեկ տասնյակից ավելի մեքենա արդեն սպասում է վիրավորներին: Ոստիկանությունը, տեսնելով, որ հանցագործը չի պատրաստվում դադարեցնել կրակոցները եւ ոչ էլ հանձնվել, որոշում է գրոհել: 50 րոպե անց մարդասպանը վնասազերծվում է:
Զոհերը
Այս անիմաստ եւ տարօրինակ կրակոցների պատճառով մահանում է 6 հոգի եւ չորսը հոսպիտալացվում է: Թրոլլի Սքվերն այդ օրն աննախադեպ մարդաշատ էր, քանի որ բոլորը Սուրբ Վալենտինի օրվա առիթով գնումներ էին անում:
29-ամյա Թերեզա Էլլիսը եւ 24-ամյա Բրեդ Ֆրանցը սկսել էին հանդիպել մոտ կես տարի առաջ: Պատահական հանդիպումը «Չեյս» բանկում, որտեղ աշխատում էր Թերեզան, վերածվել էր իսկական սիրավեպի, որի տրամաբանական շարունակության համար Բրեդն ու Թերեզան եկել էին Թրոլլի Սքվեր` հարսանյաց մատանիներ ընտրելու:
52-ամյա Ջեֆրի Ուոկերը կենտրոն էր եկել որդու` 16-ամյա Ալանի հետ: Պատրաստվում էին գնումներ կատարել եւ խոսել կենտրոնի մենեջերի հետ: Ալանը ցանկանում էր այստեղ գործի անցնել: 16-ամյա Ալանը հիշում է միայն, որ ձայներ լսելով շրջվել է: Հաջորդ պահին նկատել է հորն ընկնելուց: Պատանին, որ ստացել է բազմաթիվ վնասվածքներ, այդ թվում` գլխի հատվածում, արդեն մեկ անգամ վիրահատվել է: Շուտով վիրահատելու են նորից: Նա դեռ չգիտի, որ հայրը մահացել է:
Զբաղվածության պատճառով փետրվարի 8-ին 29-րդ տարին բոլորած Վանեսա Քուինը չէր հասցրել իր համար նվեր գնել: Այդ պատճառով ամուսնու հետ պայմանավորվել էր հանդիպել աշխատանքից հետո Թրոլլի Սքվերում: Նվերը դեռ չէր գնել, երբ սպանվեց: Նրա կողքին, նույն խանութում էր 15-ամյա Քրիստին Հինկլին: Մի պահ թողնելով հորն ու քրոջը` մտել էր մեկ այլ սրահ:
Առեղծվածային մարդասպանը
Արդեն կեսգիշերին ոստիկանությունը հրապարակեց մարդասպանի անունը` ազգությամբ սերբ, 18-ամյա Սուլեյման Տալովիչ: Իր զոհերից ոչ մեկի հետ նա ծանոթ չի եղել: Կենտրոնում էլ ոչ մեկը չի ճանաչել սերբ փախստականին: Ընդհանրապես, նրան այս քաղաքում քչերը գիտեին, անգամ նրա հարեւանները: Սուլեյմանը ապրել է Սոլթ Լեյքի հյուսիս-արեւմտյան մասում` իր երեք քույրերի եւ մոր հետ: Ամերիկա են տեղափոխվել 93-ին` փրկվել զանգվածային ջարդերից: Սոլթ Լեյք են եկել ՄԱԿ-ի օդանավով` Հարավսլավիայում թողնելով ամեն ինչ: Ընդ որում, ընտանիքի հայրն ԱՄՆ է ժամանել երկու տարի անց` 95-ին: Ապրել են համեստ: Տալովիչների ընտանիքի հարեւանությամբ նույն փողոցում բնակվող Ջոն Բուդենսիկն ասում է. «Ես նրա քույրերին անընդհատ տեսել եմ, բայց Սուլեյմանին` երբեք: Նա գրեթե տանից դուրս չէր գալիս»:
50 տարի նույն փողոցում ապրող Լավոնդա Հարդմանը պնդում է, որ գիտի իր բոլոր հարեւաններին: Այդուհանդերձ, «երբեք այդ տղային չեմ նկատել եւ միայն մամուլից եմ հայտնաբերել, որ նա իմ հարեւանն է»,- ասում է Լավոնդան:
Սուլեյմանն ապրել է փակ կյանքով: Ոստիկանությանը նրա մասին ոչինչ հայտնի չէ: Երբեք չի ձերբակալվել: Ըստ սոցիալական ծառայությունների, անընդհատ փոխել է դպրոցը, իսկ 16 տարեկանում վերջնականապես հեռացել դպրոցից: Անցած տարի դեկտեմբերից աշխատանքի է անցել տեղի կարի ֆաբրիկայում: Հանցագործության օրն աշխատել է ամբողջ օրը` 8-ից 5-ը: Գործարանի տնօրենն ասում է, որ Սուլեյմանը բարեխիղճ եւ լռակյաց է եղել: Շատ բան չի կարող ասել, որովհետեւ, ըստ էության, չի ճանաչում երիտասարդին:
Խելագարությո՞ւն, թե՞ ինքնասպանության նոր ձեւ
Ամերիկայի Երուսաղեմը համարվող եւ մորմոնական եկեղեցու կենտրոնակայան համարվող Սոլթ Լեյք Սիթին Միացյալ Նահանգների ամենահանգիստ քաղաքներից մեկն է: Հանցավորության մակարդակն այստեղ ցածր է: Նույնիսկ տեղի քրեական կյանքը լուսաբանող լրագրողներն են պնդում, որ ամենալուրջ դեպքն ավտովթարներն են կամ, ծայրահեղ դեպքում, կենցաղային կռիվները:
Զանգվածային սպանություն վերջին անգամ եղել է 8 տարի առաջ, երբ 70-ամյա ռուս թոշակառու եւ հոգեկան հիվանդ Սերգեյ Բաբարինը, 1999թ. ապրիլի 15-ին մտնելով հանրային գրադարան, գնդակահարել էր երկու մարդու, իսկ եւս չորս մարդ էլ վիրավորվել էին: Նույն տարում մեկ այլ ասիացի փախստական էլ սպանել էր հեռախոսային ծառայություն մատուցող ընկերության երկու աշխատակցի: Բայց երկու դեպքում էլ, ոստիկանությունը գործ ուներ հոգեկան հիվանդ մարդկանց հետ:
Սուլեյմանը որեւէ հոգեկան հիվանդությամբ չի տառապել` ըստ բժշկական փաստաթղթերի, եւ նրա արարքը դեռ մնում է հանելուկ: Մահմեդական պատանին ընկերներ գրեթե չի ունեցել: Եթե չի աշխատել, տանն է մնացել: 1992-95 թվականներից Սոլթ Լեյք տեղափոխված մոտ 3100 սերբ փախստականների մեծամասնությունը նրան անգամ չգիտի: Սերբերը տարակուսած են: Թողնելով հայրենիքը պատերազմի պատճառով, այստեղ` Սոլթ Լեյքում խաղաղություն են գտել, եւ` ոչ նոր պատերազմ:
Ոստիկանությունն արդեն հայտարարել է, որ զանգվածային սպանությունը ահաբեկություն չէ: Այն կապված չէ մարդասպանի ոչ քաղաքական եւ ոչ էլ կրոնական նախասիրությունների հետ: Այդ դեպքում ի՞նչը ստիպեց նրան դառնալ մարդասպան:
Հոգեբան Ֆրենկ Ֆարլեի խոսքով, պատճառները, ինչպես դեղատոմսը, շատ բաղկացուցիչներ ունեն. «Կան դեպքեր, երբ հոգեբանական հիվանդությունը նույնիսկ չի էլ ախտորոշվում: Պատճառները կարող են նաեւ անձնական եւ ընտանեկան լինել` ալկոհոլիզմ, ընտանեկան բռնություն, դեզինտեգրացիա նոր երկրում»: Հոգեբանը նշում է նաեւ Սուլեյմանի անցումային տարիքը: «Նա, ըստ օրենքի, չափահաս է, հասուն մարդ, բայց ոչ հոգեբանորեն: Ենթադրում եմ, որ անցումային շրջանի շատ դժվարություններ է ունեցել` լեզվական եւ մշակութային խոչընդոտներ, սեռական հասունացում, ընկերների բացակայություն, չի բացառվում` նաեւ միայնություն եւ սոցիալական աջակցության բացակայություն»:
Քրեագետ-հոգեբանների խոսքով, Սուլեյմանը ծրագրել էր հրապարակային ակցիա: Հենց այդ պատճառով ընտրել էր ամենահայտնի առեւտրային կենտրոնը ու բացահայտ սկսել էր կրակել: Նա կարող էր հաշվարկել, որ ձերբակալվելու է կամ վնասազերծվելու: «Այս արարքով նա ցանկացել է իր մասին հայտնել: Ու հայտնելով` ավարտել: Գուցե սա ծրագրվա՞ծ ինքնասպանություն էր»,- հարցնում է Ֆարլեն:
Սուլեյմանը Թրոլլի Սքվեր է ժամանել կիսավերարկուով, որը քողարկել է հրացանը: Առաջին զոհին կրակել է հենց մուտքի մոտ: Առանց որեւէ զգացմունքի, երբեմն հայհոյելով եւ պահանջելով, որ չնայեն իր աչքերին: Սուլեյմանը, ըստ հոգեբանների, չի ունեցել կոնկրետ ծրագիր: Իր հետ վերցրել է պարկուճներ եւ երկու հրացան: Երբ ոստիկանությունը ներխուժել է, փորձել է թաքնվել մանկական խաղալիքների խանութում` որտեղ էլ եւ գնդակահարվել է` ավարտելով իր անհայտ կյանքը նույնքան անհասկանալի վերջաբանով: