Հայաստանը երկու կրակի արանքում. ցինի՞զմ, թե՞ արդարություն

28/02/2007 Ռուբեն ԱՆԳԱԼԱԴՅԱՆ

Այսօր աշխարհում պատմական իրադարձություններ են տեղի ունենում: Մասնավորապես այն տարածաշրջանում, որտեղ գտնվում է Հայաստանը, որտեղ նրա կենսական կարեւորություն ունեցող շահերն են: Եվ սա առաջին հերթին վերաբերում է աշխարհայացքային հարցերին, որոնք ուղղակիորեն կապված են բարձր տեխնոլոգիաների զարգացման, գիտական մտքի այլ ոլորտների հետ, որտեղ նախ եւ առաջ շոշափվում են տեղեկատվական ուղղությունների, էներգետիկայի, բժշկության հարցերը, այսինքն` խոսքը տնտեսության մասին է: Տարածաշրջանը, որտեղ Հայաստանի շահերն են, շատ խայտաբղետ է, թեեւ մի բանում բոլորը նման են` դժվարին պայմաններում գոյատեւելու, տարբեր պայմաններին հարմարվելու մեծ փորձով: Այստեղ տարբեր երկրներում տարբեր կերպ է փոխվում աշխարհայացքային ուղղությունը: Այսպես, 1990-ականներին մենք ականատես եղանք, թե ինչպես Ադրբեջանը նետվեց Թուրքիայի գիրկը, հետո` իսլամական աշխարհի, իսկ դրանից հետո անսպասելի շրջվեց դեպի Ռուսաստանը… Որտե՞ղ է այսօր Ադրբեջանը: Ինչպե՞ս է ձեւավորվում նրա պետական գիտակցությունը, նրա քաղաքական դիրքորոշումն այն գործընթացների ներսում, որոնք լայն ճակատով ընդգրկում են իսլամական աշխարհն ու Թուրքիայի շահերը: Ինչպիսի՞ն է քաղաքական հարցերում զգուշավոր Թուրքիան եւ նրա կարեւորագույն ուղղությունները, որոնք ձեւավորում են թուրք հասարակայնությունը: Ինչպիսի՞ն է քրդական հարցն ու եվրոպական համագործակցության խնդիրը: Ինչպիսի՞ն են Թուրքիայի իրական հարաբերություններն արաբական աշխարհի հետ: Թուրքիան իսկապե՞ս ուզում է լինել Եվրոպայի հետ, թե՞ նրան ձեռք է տալիս սպասողական վիճակը, որտեղ, ինչպես հիմա է, նրան ակնհայտորեն վերապահված է մուսուլմանական աշխարհում Արեւմուտքի քաղաքականության կարեւորագույն բաղադրիչներից մեկի դերը: Ոչ ոք չի՞ ուզում երկխոսություն սկսել: Թեեւ բոլորը գիտեն, որ այդ երկխոսությունը թատերական բեմի վրա է լինելու: Ի՞նչ եւ ինչպե՞ս է մտածում այսօրվա Վրաստանը, ինչպիսի՞ն է նրա ռազմավարությունը մոտ ապագայում: Ինչպիսի՞ն են ազգային քաղաքականության, անվտանգության դոկտրինայի նրա հիմնական ուղղությունները: Եվ ի՞նչ դեր է նախատեսված այնտեղ Հայաստանի` իբրեւ հարեւանի համար: Որքանո՞վ են նրանք Հայաստանին ընդունում իբրեւ տարածաշրջանում գործոնի, եւ ինչպե՞ս են նրանք պատրաստվում Ջավախքի հայության հետ սուվերեն հարաբերություններ կառուցել: Վրաստանի իշխանություններն ունե՞ն արդյոք այդքան ուժ` վերադարձնելու համար օսերին եւ աբխազներին փոքրիկ վրացական կայսրության գիրկը: Ինչպիսի՞ն է Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի կամ Թուրքիայի համար տարանցիկ երկիր լինելու Վրաստանի գինը: Եվ այդ համամասնությա՞մբ են նրանք մեզ …վաճառում: Այստեղից էլ մեր գերակայություննե՞րն են Վրաստանի հարցում: Արդյո՞ք ամեն ինչ է հաշվեկշռված Իրանի հետ, որը մեծ հույսեր է կապում Հայաստանի հետ տարածաշրջանային լուրջ համագործակցության խնդրում: Ղեկավարությունն ունի՞ արդյոք այդպիսի ինտելեկտուալ հնարավորություններ, կամք եւ նման մասշտաբի խնդիրը հասկանալու կարողություն:

1. Ի՞նչ է մեզ համար արաբական աշխարհը: Ինչպիսի՞ն է տեսնում Հայաստանն իր դերն ու նշանակությունը այս կարեւորագույն զանգվածի հետ հարաբերություններում: Չէ՞ որ շատ խնդիրներ կան, որ պաշտոնական Երեւանը կարող էր լուծել` տեղեկատվական կամ միջնորդական այս կամ այն ծառայությունները մատուցելով այս կամ այն երկրին: Օրինակ` դա վերաբերում է Լիբանանին, Սիրիային…: Ինչո՞վ կավարտվի Իրաքյան պատերազմը, եւ ինչպե՞ս դրան այս կամ այն կերպ մասնակցած պետությունները կօգտագործեն քաղաքական դիվիդենտները: Արդյո՞ք մեզ շահավետ է Իրաքի փլուզումը: Եվ եթե այն փլուզվի, ի՞նչ քայլեր պետք է մենք ձեռնարկենք քրդական պետության հետ: Պատրաստվո՞ւմ ենք մենք արդյոք այս եւ շատ ու շատ այլ քաղաքական թեմաներին: Այս ամենը ցույց կտա Հայաստանի հասունությունն ու միջազգային խնդիրներում սեփական տեղը գնահատելու նրա կարողությունը, ինչը թույլ կտա նրան լուծելու բազմաթիվ խնդիրներ, որ կուտակվել են այս կամ այն երկրի հետ հարաբերություններում:

Այս ամենն իրոք պատմական գործընթացներ են` վերջին 100-150 տարիների ընթացքում կարեւորագույններից մեկը: Այս շրջադարձային փուլում ո՞րն է Հայաստանի դերը, նրա շահերը, պատմական անցյալը, ժառանգությունը, նրա հարաբերությունը տարածաշրջանի մյուս ժողովուրդների հետ: Եվ, ամենակարեւորը, ո՞րն է Հայաստանի դերը, իբրեւ պետության: Չէ՞ որ երբ վատ է աշխատում պետական մեքենան, առանձին վերցրած անհատները, որոնք գտնվում են այլ պետությունների այս կամ այն կառույցների պրոֆեսիոնալ հարաբերությունների համակարգում, կարող են կարեւոր դեր խաղալ (օրինակ` մասնագիտական, միջնորդական, գիտատեխնիկական, կոնսուլտացիոն եւն հանձնարարություններ)՝ օգուտ չբերելով, իսկ երբեմն էլ վնասելով սեփական երկրի, պատմական հայրենիքի շահերին: Այսպես է բազմիցս եղել անցյալում, այսպես է եւ հիմա: Եվ մեղավորը, բոլոր դեպքերում, եղել ու մնում է կառավարող իշխանությունը:

2. Ես բազմիցս ասել եմ, որ Հայաստանն այն ձեւով, ինչպիսին կա, տարածաշրջանային ռազմավարության մեջ բացարձակապես ոչինչ իրենից չի ներկայացնում, այն դեպքում, երբ հայ ժողովուրդը հզոր ուժ է: Այդ հզոր ուժը թեեւ քիչ արդյունավետ է Հայաստանի համար, եւ նա իրականում կառավարվում է ավելի շուտ այլ երկրների կողմից եւ հանուն ուրիշների շահերի: Խոցելի է այն պետությունը, որը լիակատար անկախություն չունի: Հայաստանը դրանց թվին է պատկանում: Մենք ամեն տեղ տանուլ ենք տալիս (միջազգային ուժերի նման դասավորության պայմաններում), քանի որ իրական իշխանության ներսում, որը ձեւավորում է արտաքին քաղաքականության եւ տնտեսության ուղղությունները, չկան Հայաստանի տարբերակված շահերը, չկա նաեւ ժամանակակից աշխարհայացքն ու օբյեկտիվ վերլուծությունը: Իշխանության արտաքին քաղաքականությունը նրա ներքին հարաբերությունների գերին է:

3. Արտաքին քաղաքականության մեջ Հայաստանը տարուբերվում է Ռուսաստանի, Եվրոպայի եւ ԱՄՆ-ի միջեւ` նրանց կողմից չգտնելով ոչ խոր վստահություն, ոչ իրական ըմբռնում, քանի որ Հայաստանի ղեկավարությունը ներքին հստակ պատկերացում չունի, թե արդյունքում ի՞նչ պետություն է ուզում ունենալ: Իշխանությունն ու նրա մերձավոր շրջապատը միայն թեզիս ունեն, թե ինչպես հարստանան եւ ինչպես մնան իշխանության գլուխ` հանուն հենց այդ հարստության: Եվ, այնուամենայնիվ, ի՞նչ է պետք ոչ թե իշխանություններին, այլ հենց Հայաստանին արտաքին եւ ներքին քաղաքականության մեջ: Ամենից առաջ ըմբռնել, որ այն իրավիճակում, որի մեջ գտնվում է երկիրը, եւ մեր ունեցած մարդկային ռեսուրսներով Հայաստանի համար չափազանց դժվար կլինի միայնակ փոխել այս իշխանություններին ավելի օբյեկտիվ իշխանությամբ:

Այսօրվա իշխանությունները ձգտում են ժամանակ շահել` սեփական ֆինանսական հոսքերը պահպանելու համար: Մի խոսքով, ամեն ինչ պտտվում է փողերի շուրջը: Իսկ թե ինչ կլինի երկրի ու ժողովրդի հետ, նրանք թքած ունեն: ԱՄՆ-ի համար փոքրիկ Հայաստանն իր դժվարին պատմական անցյալով իրենից մի բան ներկայացնո՞ւմ է, թե՞ նրան հիշում են միայն հայկական լոբբիի շնորհիվ: Հանուն ինչի՞ է գործում հայկական լոբբին. ունի՞ արդյոք աշխատանքային ծրագիր, ինչպիսի՞ն է այն, պատմական հեռանկար ունի՞, ծառայում է սեփական շահերի՞ն, թե՞ իրականում չի հասկանում, որ երկիրը կանգնած է անդունդի եզրին: Ո՞վ եւ ինչպե՞ս է լուծում այս բարդ խնդիրները: Հույս ունեմ, որ ԱՄՆ-ը ու Եվրոպան Ասիայի եւ Աֆրիկայի երկրներն ապագաղութացնելու հսկայական փորձ ունեն, որտեղ պետության կառավարման նույն գործընթացները մի համակարգից վերափոխեցին մի այլ համակարգի, եւ նրանք դա բավականին լավ գիտեն, որպեսզի այդ խնդիրները լուծեն նաեւ Հայաստանում:

4. Հազարամյակի ընթացքում սեփական քաղաքացիական հասարակության քայքայումն ապրած ժողովուրդը, որը նաեւ ծանր հոգեկան ու ֆիզիկական տրավմա է տարել, եւ որն իր մեջ կրում է ինչպես հայերի պատմական պատկերացումները երկրի ու աշխարհի, այնպես էլ ցեղասպանության ժամանակ ապրածի բարոյական եւ նյութական ասպեկտները, կարող է ապրել միայն ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՐԴԱՐ, ՊԱՇՏՊԱՆՎԱԾ պետության մեջ: Առանց այս ներքին մոտիվացիայի պետությունը չի կարող բարգավաճել: Բազմաթիվ պատճառներով Հայաստանը չի կարող դառնալ ոչ տուրիստական Մոնակո, ոչ Լյուքսեմբուրգ: Եվ ամենագլխավորն այն է, որ Հայաստանում ապրում է ԺՈՂՈՎՈՒՐԴ, ոչ թե բնակչություն՝ սպասարկող անձնակազմ, որը եւ հանդիսանում են տվյալ երկրի քաղաքացիները: Մեր ժողովուրդը 20-րդ դարի ընթացքում ապացուցել է, որ հիանալի ներգրավվում է բարձր տեխնոլոգիաների եւ հիմնարար գիտությունների ոլորտը, մեր գիտական միտքը թույլ է հենց հումանիտար գիտությունների բնագավառում: Իհարկե, ամեն տասնամյակ չէ, որ խոշոր անհատականություններ են ծնվում, սակայն երկրում գոյություն ունի ընդհանուր աշխարհայացքային, գիտական ֆոն: Այսօր համարձակ կարելի է ասել, որ երկրում մի քանի գիտնական է մնացել, իսկ գիտական միտքը կորել է: Հայաստանի գիտական ներուժն այլեւս երբեք չի վերականգնվի: Իշխանությունը (հիշո՞ւմ եք Տեր-Պետրոսյանի խոսքերը. «Ինչո՞վ է Սիրիան վատը») դեռ իշխանության չէր եկել, բայց արդեն բացեիբաց ծիծաղում էր մեծ գիտնական Վիկտոր Համբարձումյանի վրա…: Սրանից պետք էր հեռուն գնացող հետեւություններ անել, եւ մի քանի հարյուր իսկական գիտնականներ կատարեցին իրենց ընտրությունն ու այդ տարիների ընթացքում լքեցին երկիրը կամ գիտությունը: Բայց չէ՞ որ տեղեկատվության մեր դարաշրջանում մի կողմից անհնար է ուշացումով որոշումներ ընդունել, քանզի դա հավասարազոր է մահվան, մյուս կողմից՝ տեղեկատվության հոսքն այնքան մեծ է, որ անձի գործոնը, նրա ընդունակությունները դառնում են կարեւորագույն:

5. Այս բոլոր գործոնների հակասականությունն ակնհայտ է: Առջեւում հսկայական նախընտրական արշավն է ոչ միայն Հայաստանում, այլեւ մի շարք այլ երկրներում, որոնց հետ մեր իշխանությունները պետք է ակտիվ երկխոսություն վարեն: Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ընտրություններն ուղղակիորեն կապ ունեն մեզ հետ, քանի որ իշխանության են գալիս պրագմատիկ, բայց միեւնույն ժամանակ ժամանակակից միջազգային հիմնախնդիրները հասկացող նոր սերնդի առաջնորդներ: Իսկ ո՞վ է իշխանության գալու Երեւանում: Ո՞վ է ամրապնդելու հավատը, որ երկիրն ապագա ունի: Այս ամենը խոսում է իշխանության թույլ լինելու մասին, քանզի նա չի զգում իր քաղաքացիների աջակցությունը, նա ապրում է ժողովրդից անջատ:

6. Վերջին տարիների թվերը ցույց են տալիս, որ Ռուսաստանում հայկական բիզնեսն աստիճանաբար թափ է առնում: Եվ ինչքան շատ լինի Ռուսաստանում կարգուկանոնն ու թափանցիկությունը տնտեսական ոլորտում, այնքան շոշափելի կլինեն հայ գործարարների հաջողությունները: Ռուսաստանի հայ գործարարների մեծ մասը հայաստանցիներ են, որոնք Հայաստանից մեկնել են 90-ականներին: Ի դեպ, նրանց ապշեցնում է Հայաստանի տնտեսական գործընթացների վայրենիությունը, թեեւ Ռուսաստանում էլ ամեն ինչ կարգին չէ:

Ռուսաստանը, այս կամ այն նախագծերն առաջարկելով Հայաստանին, ակնհայտորեն նախ եւ առաջ մտածում է իր շահերի մասին եւ, բնականաբար, լուծում իր խնդիրները: Ունի՞ արդյոք պաշտոնական Երեւանը կամք՝ սեփական նախաձեռնություններն առաջ մղելու: Ինչպիսի՞ն են Հայաստանի համար այդ նախագծերի իրական նպատակները:

7. Հայաստանում ընտրությունները պետք է ցույց տան, որ երկրում դեռ հույս կա արդար կյանքի: Առանց դրա ամեն ինչ գրիմ է ու դիմակ, ոչ թե իրական դեմք: Իսկ առանց իսկական դեմքի ոչ ոք` ո՛չ սեփական երկրի քաղաքացիները, ո՛չ գործընկերները, ո՛չ ընդդիմախոսները, լուրջ չեն ընդունի ո՛չ երկիրը, ո՛չ էլ նրա ներկայացուցիչներին: Եվ երկրի գոյատեւելու խնդիրը ծանր բեռի պես ընկնելու է նրանց ուսերին, ում կյանքը նման է ռեզերվացիայում ստիպված ապրելուն:

Մեզ կարող էր օգնել Հայաստանի քաղաքական պատմությունը, եթե մենք չշարունակեինք միֆ կերտողներ լինել:

8. Ցանկացած ազգի յուրաքանչյուր նոր սերունդ ծնում է մոտավորապես նույն թվով խելոքների ու հիմարների, ազնիվների ու ստորների, խիզախների եւ թույլերի, բարիների, առատաձեռն մարդկանց ու ժլատների: Գլխավորն այն է, թե ինչպես է պետական մեքենան նրանց ընտրում: Հայոց պետությունը ոչ ադեկվատ ընտրություն է անում, եթե հաշվի առնենք այն խնդիրները, որոնք կանգնած են եղել ու դեռ կանգնած են մեր առջեւ: Ավելին, ընտրությունն էլ ավելի է խորացնում անցյալի խնդիրները եւ ստեղծում նորերը: