Եվ Կոմիտասը Բեն Լադեն է դառնում

28/02/2007 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Երաժիշտներ Վահան Արծրունին եւ Արմեն Մովսիսյանը` լրագրողների հետ հանդիպելով, խնդրեցին չմտածել, որ եթե իրենք բողոքում են ներկայիս երաժշտական ճաշակի դեմ, ուրեմն անտեսված են: Նրանց կարծիքով` երաժշտական դաշտի 90 տոկոսը հանձնված է փոփ-երաժշտությանը, իսկ մնացած 10 տոկոսի հանդեպ հանրությունը շատ սառն է տրամադրված: «Հեռուստատեսությունները շաղկապված են ռեստորանների հետ, իսկ ռեստորանները` սպոնսորների հետ, եւ արդյունքում վաստակավոր արտիստի կոչում է ստանում ռեստորանային երգիչը»,- ասաց Վ. Արծրունին, ով միշտ տարանջատում է ստեղծագործողի եւ հանրության խնդիրները: Նրա կարծիքով` հենց հանդիսատեսը պետք է ցանկանա էկրաններից մաքրել «հանրամատչելի զզվանքը», քանի որ «մաքրողի» ֆունկցիան արտիստի ֆունկցիա չէ: Ա. Մովսիսյանը (ով իր երգերի ժանրը ոչ թե հեղինակային երգ, այլ` երգվող պոեզիա է անվանում) նեղսրտում է, որ համերգ կազմակերպելու համար պետք է հետեւի Մշակույթի նախարարության խորհրդին ու ինքն իրեն «անհատ ձեռներեց» հռչակի: Իսկ Վ. Արծրունին հանդիսատեսի պակասից չի բողոքում, քանի որ համարում է, որ երաժշտություն լսելու կամ չլսելու հարցին պետք է պատասխանի հենց հանդիսատեսը: «Պետք է տարանջատել արվեստի ֆունկցիաներն ու հանրության սպասումները»,- ասում է նա: Իսկ հանրությունն այսօր այնքան անտարբեր է, որ առանձնապես մեծ սպասումներ չունի եւ հաճույքով է դիտում ու լսում այն, ինչ իրեն մատուցվում է էկրանից:

«Չես ուզում՝ մի լսիր» դեմոկրատական կարգախոսին նա հավատում է, բայց համոզված է, որ մենք դեմոկրատական երկիր լինել չենք կարող, եւ պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվել: Վահան Արծրունին ինքն իրեն երբեք չի խաբում, քանի որ ռոք երաժշտությունը ոչ միայն երաժշտություն է, այլեւ` ապրելակերպ:

– Իսկ ինչո՞ւ եք դեմ դեմոկրատիային։

– Որովհետեւ հայկական մոդելի դեմոկրատիան բերեց այսօրվա վիճակին։

– Գուցե մենք ավելի շուտ ոչ թե դեմոկրատական, այլ՝ ավտորիտար երկիր ենք։

– Մեր մեխանիզմներն են դեմոկրատական, բայց մենք ավտորիտար ենք։ Մենք մեր էությամբ ենք ավտորիտար, իսկ դեմոկրատիան մեզ համար սուտ, ցինիկ մեխանիզմ է, որով մենք քողարկում ենք մեր նպատակները։ Ավելի անկեղծ կլիներ, եթե ասեինք ժողովրդին, որ ավտորիտար ենք։ Թող իշխանություններն ասեն՝ ղեկավարելու ղեկը մեր ձեռքին է, մենք այնպիսի երկիր ենք կառուցում, ինչպիսինն ուզում ենք, եւ ում դա դուր չի գալիս՝ թող գնա այստեղից։ Ժամանակին նման քայլ արեցին Ֆիդել Կաստրոն ու Պինոչետը, ովքեր երկիրը «փակեցին» ու ասացին, որ դեմոկրատիայի մասին խոսք լինել չի կարող։ Սա ավելի ազնիվ ձեւ է, որովհետեւ այդ դեպքում դու գիտես, թե ո՞վ է մեղավոր, ո՞վ չկարողացավ լավ երկիր կառուցել։ Իսկ դեմոկրատիայի պարագայում մեղավորը ժողովուրդն է, որն, ի դեպ, միշտ է մեղավոր։

– Երաժշտության ոլորտում է՞լ է դեմոկրատիան վտանգավոր։

– Երաժշտության մեջ դասակարգում կա։ Գոյություն ունի բարձր արվեստ ու «ստամոքսի» արվեստ։ Այդ դասակարգումը կարելի է եւ դեմոկրատական, եւ հանրամատչելի անվանել, բայց այն միշտ եղել է: Մոցարտն, օրինակ, իր ժամանակներում համազգային կոմպոզիտոր չէր համարվում, նրան լսում էր բնակչության միայն 10 տոկոսը։

– Ձեր երաժշտությունը բավական նեղ լսարանի համար է։ Դա չի՞ մտահոգում կամ գուցե որոշ չափով վիրավորում ձեզ։

– Լսարանը մեծացնելու գերխնդիր իմ առջեւ չեմ դրել` ուզում ես` լսիր, չես ուզում՝ մի լսիր։ Ենթադրեք` լսարան չկա, դա հո չի՞ նշանակում, որ պետք չէ երաժշտությամբ զբաղվել։ Երաժիշտները պրոբլեմ չունեն, պրոբլեմ ունի հանրությունը։ Մարդն անասունից տարբերվում է նրանով, որ ուզում է իր ներսի հոգեւոր տարածքը հագեցնել։ Եվ որքան շատ է հագեցնում, այնքան լավ է հասկանում, թե որքան շատ բարձրարվեստ նմուշներ կան։ Իսկ մեր հանրությունն ինքնակրթությամբ զբաղվել չի ուզում։ Ես վերջերս տեսա, որ մի հեռուստահաղորդման ժամանակ Կոմիտասի լուսանկարն էին ցույց տալիս ու մարդկանց հարցնում էին՝ թե նա ո՞վ է։ Պատկերացրու, որ երկու մարդ ասացին, որ սա Բեն Լադենն է։ Ես դա առանց կատակի եմ ասում, ու դա շատ տխուր է։

– Հնարավո՞ր է, որ երաժշտության մատուցման մեջ հենց կատակն է պակասում։ Գուցե բարձր արվեստն այնքան «ստերիլ» ու բարձր է դարձել, որ արդեն չի հասկացվում։

– Լուրջ արվեստը ծիծաղելի, տխուր, լավ, վատ չափանիշներից դուրս է, այն լավ իմաստով է «ստերիլ» եւ բացարձակ։ Իսկ աբսոլյուտը երանգավորումներ չունի, եթե երանգավորում ես` ուրեմն էժանացնում ես։ Հոգեբանության մեջ «ինդուկցիա» հասկացողություն կա, դա նշանակում է, որ երբ չես կարողանում որեւէ նմուշ ընկալել, ստիպված ես այն հասկանալու համար պարզեցնել եւ ցածրացնել։ Այդ դեպքում դու քո խնդիրը լուծում ես, բայց նմուշն, իրականում, ոչ մի բան չի կորցնում եւ, միեւնույն է, մնում է այն բարձրության վրա, որի վրա եւ կար։ Հիմա ինձ բացարձակապես չի հետաքրքրում՝ կվաճառվե՞ն իմ ձայներիզները, թե՞ ոչ։ Այդ խնդիրն ինձ տասը տարի առաջ էր հուզում, եւ ես նյարդայնանում ու գժվում էի, երբ իմ համերգների ժամանակ դատարկ տեղեր էի տեսնում։ Հիմա ես ավելի շատ հրատարակվելու ու ձայնագրվելու մասին եմ մտածում, այլ ոչ թե նստում ու դարդ եմ անում՝ մտահոգվելով լսողների կամ հանրաճանաչ դառնալու հարցերով։ Ինձ չի մտահոգում երաժշտական ոլորտի զարգացման, փոփ երաժշտության լավ կամ վատ լինելու, ռաբիսի լսելի կամ անտանելի լինելու հարցերը։ Ի սեր Աստծո, դրանք արժանի հարցեր չեն: Գիտեմ, որ բարձր արվեստը միշտ ստեղծվում է «մաքուր ձեռքերով» եւ բարձր գաղափարներով, զգացումներով ու ապրումներով։

– Բայց երբեմն արվեստը կարող է, պոետի խոսքերով ասած՝ աղբից ծնվել, եւ դրանով իսկ չդադարել արվեստ լինել։

– Այդպես է գրել Ախմատովան, բայց դուք աղբից ծնված արվեստի մի օրինակ կարո՞ղ եք բերել։ Չեք կարող, որովհետեւ նման օրինակներ չկան։

– Ստացվում է, որ բացարձակությունը ծնվում է բացարձակությունից…

– Հռոմեական մոդելի համաձայն, արվեստը կարող ես ընկալել ու ստեղծել միայն որոշակի հոգեվիճակում հայտնվելով, որը կոչվում էր, մոտավորապես թարգմանեմ՝ դիտողական անգործություն։ Միայն այդ հոգեվիճակում են քեզ մուսաներն այցելում։ Նույն կերպ է այդ հարցին մոտենում եւ Արեւելքը։ Հակառակ դեպքում, դու չես կարող արվեստն ընկալել, իսկ քո ստեղծածն էլ հանդիսատեսին չի գրավի, որովհետեւ հանդիսատեսը զգում է, որ ստեղծագործությունն իր զգացածի հետ ռեզոնանսի մեջ չի մտնում։ Բախի ստեղծած երաժշտությունը լսողին 300 տարի շարունակ հուզում է, քանի որ այն շինծու չէ եւ հիմնված է մարդկային զգայարանների վրա։ Երբ Բախ ես լսում, սուզվում ես այդ մարդու հոգեւոր աշխարհի մեջ ու ռեզոնանսի մեջ ես մտնում նրա հետ։ Նույնն էլ Մաշտոցի շարականները, որը լսելով քո մաշկի վրա կարող ես հավիտենության հովերը զգալ։

– Ձեր երգերի մեջ ձգտո՞ւմ եք նման ազդեցության։

– Ես այդ էֆեկտը ստանալու համար չեմ գրում։ Ես իմ տեղը լավ գիտեմ, լա՞վն է, թե՞ վատն է այդ տեղը. դա հարցից դուրս է։ Ինձ հետաքրքիր է իրականացնել այն, ինչ ես ուզում եմ, իսկ դա ավելի լուրջ խնդիր է, քան մտածել` դա դուր կգա՞ հանդիսատեսին, թե՞ ոչ։

– Գուցե այդ պատճառով էլ ձեր երաժշտությունը երկար լսել դժվար է։

– Իսկ Տերտերյանի երաժշտությունը կամ շարականները կարելի՞ է երկար լսել։ Դա դժվար է, բայց եթե կարողանաս ճիշտ հոգեվիճակի մեջ հայտնվել, ապա կարող ես։ Ժամերգության ժամանակ դրանք լսելը հեշտ է, որովհետեւ այդ ընթացքում շարականները ճիշտ իրավիճակում ու ճիշտ ենթատեքստում են հնչում։ Երբ այդ շարականները եկեղեցու տարածքից պոկում ես, դու նրանց կոնտեքստից դուրս ես հանում։ Այդ պատճառով էլ ես չեմ սիրում ակումբներում երգել։ Ակումբներում մարդիկ նստած ուտում են, իսկ ակումբ են գալիս՝ իրար հետ շփվելու պահանջը հագեցնելու համար։ Մարդիկ իրար հետ խոսելու համար են գալիս, այլ ոչ թե` երաժշտություն լսելու։ Ես հանրաճանաչ ամերիկյան ակումբներում եմ եղել ու կարող եմ ասել, որ մեզ մոտ ակումբային կուլտուրա չկա։ Հայկական ակումբների բովանդակությունը ավելի շուտ արեւելյան է ու նման է դուքանի։ Հայաստանի ակումբները Նյու Յորքի ակումբների նման չեն, մեզ մոտ դրանք ավելի շուտ ախոռների են նման։ Ջազ շատ եմ սիրում, բայց ջազ լսելու համար «Պոպլավոկ» չեմ գնա։ Լավ ջազ երաժիշտներ ունենք, որոնք ամեն երեկո ակումբներում կամ սրճարաններում ուղղակի «կոտորվում» են եւ վերջում կամ հարբեցող են դառնում, կամ թմրամոլ, որովհետեւ հնարավոր չէ ամեն երեկո նվագել ու տեսնել, որ քեզ չեն լսում։ Ավելի նախընտրելի է չնվագել։ Մանավանդ, որ հիմա, Փառք Աստծո, ձայնագրվելու հնարավորություն կա։

– Իսկ հնարավո՞ր է բարձր արվեստը մոդայիկ դարձնել: Նման ճանապարհով է ուզում գնալ Ռուսաստանը:

– Յուրաքանչյուր երեւույթ, եթե շատ քարոզվի, մոդայիկ կդառնա։ Ռուսաստանը դա անում է, որովհետեւ քաղաքականություն ունի եւ զգում է, որ ոչ միայն սերունդ է կորցնում, այլեւ՝ ողջ ազգը։ Միլիոնավոր ռուս հարբեցողները դեմոգրաֆիկ այլասերման սկիզբ են դնում, դա ես որպես բժիշկ եմ ասում։ Ռուսաստանը շատ լավ հասկանում է՝ ինչ պետք է անի, եւ պետության բյուջեն օգտագործում է բարձր տեխնոլոգիաների ու մշակույթի ոլորտները զարգացնելու համար՝ համարելով դրանք առաջնային։ Հասարակության մեջ ազատ արվեստագետը պետք է իր տեղն ունենա: Հակառակ դեպքում նա մեկուսանում է: Լինում են դեպքեր, երբ արվեստագետն այնքան է մեկուսանում հանրությունից, որ նույնիսկ սկսում է արհամարհել ազգային արժեքները։ Բերեմ Վագների օրինակը, ով Գերմանիայի ամենաազգային կոմպոզիտորն է համարվում։ Վագները երաժշտության միջոցով ազգային մտածելակերպի հեղաշրջում արեց, իր ազգին ցույց տվեց, որ նա ֆանտաստիկ հոգեւոր արմատներ ունի ու հսկայական դեր կարող է ունենալ պատմության մեջ։ Եվ այդ Վագները բանակից փախել էգ Իսկ նրան այդ գործում օգնել է Ֆերենց Լիստը։ Վագներն ասել է՝ էդ ո՞վ դարձավ մեր կայզերը, որ ես պետք է նրան ծառայեմ, ես Վագներն եմ, իսկ նա ընդամենը կայզեր է։ Զորահավաքին չգնալով, Վագներն, իհարկե, խախտել է երկրի օրենքները, բայց կարելի՞ է նրան դավաճան ու դասալիք համարել: Ո՞վ է ճիշտ. նա՞, թե՞ այդ օրենքները։

– Երեւի, օրենքները…

– Այդ պատճառով էլ ես դեմոկրատիային դեմ եմ։ Իսկ մենք, լինելով մոնոէթնիկ ու ավտորիտար երկիր, պետք է մեզ համար ազգային գաղափար մշակենք։ Մեր ֆիզիկական հարցերը մենք արդեն լուծել ենք, մեր ներկայությունը ռեգիոնում արդեն լոկալացրել ենք, հիմա մեզ ազգային գաղափար է պետք։ Թող այդ գաղափարը նույնիսկ սխալ լինի, բայց դա ազգային կլինի ու կծառայի ազգային շահերին։ Արժանապատիվ լինելու հարցն, օրինակ, երբեք առաջ չի քաշվել, բայց այդ խնդիրը բոլորիս գլխավերեւում մահակի պես կախված է։

– Կարո՞ղ եք ազգային գաղափարի մեկ նմուշ ասել։

– Օրինակ, չտեսնված ու հիանալի մի գաղափար կա. «Եկե՛ք մեր երկիրը դրախտ դարձնենք»։ Մենք խոսում ենք միայն հարեւանների հետ մեր հարաբերությունները լավացնելու, դեմոկրատ լինելու մասին, բայց որեւէ մեկն ասե՞լ է՝ ահա ծրագիրը, որով մեր փոքր երկիրը հինգ տարի հետո դրախտ կսարքենք։

– Դրան ոչ ոք չի հավատա։

– Թող չհավատան, բայց ես համոզված եմ, որ եթե չորս ազնիվ մարդ դա իսկապես ցանկանա, ապա մեր երկիրը դրախտ կդառնա։ Հիշիր, թե ինչ արեց Մյասնիկյանը։ Նա ավտորիտար որոշում կայացրեց, ասաց, որ այստեղ` Երեւանի ամայի տարածքում պետք է համալսարան լինի։ Ոչ թե «ցեխ», այլ՝ համալսարան։ Իսկ հիմա բոլորը սուտ բաներով, ցինիկական խաբեությամբ են զբաղված։ Այնտեղ, որտեղ մարդիկ միայն փող են աշխատում՝ մշակութային ֆենոմենի մասին խոսել չենք կարող։