Իրաքյան պատերազմի հերսուհին եւ զոհը

28/02/2007

«LA Daily News» պարբերականն անդրադարձել է հայուհի Կարլա Բաբայան Ստյուարտի սպանությանը, ով զոհվել է Իրաքում: 37-ամյա Կարլան զինվորական մասնագետ էր, որ իր պարտքն էր կատարում Իրաքում տեղակայված ամերիկյան զորամասերում:

Կարլայի հոր` Էդմոն Բաբայանի համար իր դուստրը դեռ կենդանի է, նա չի կարող մոռանալ Կարլայի ժպիտն ու դժվարությամբ է հավատում, որ իր դուստրը զոհվել է:

«Կարլան մեծ հայրենասեր էր ու շատ նվիրված էր իր ընտանիքին: Նա իսկական հերոս էր»,- ասել է նրա հայրը, ով Հոլիվուդ Հիլսի գերեզմանատանը ծնկի էր եկել դստեր աճյունի առջեւ: Իսկ Կարլայի մայրը` Էմմի Աբրահամյանը նշել է, որ իր Կարլան չափազանց նրբանկատ եւ բարի աղջիկ էր, ով միշտ պատրաստ էր օգնության հասնել կողքիններին. «Նա համոզված էր, որ անձնական պատասխանատվությունը կոփում եւ հղկում է մարդկային հոգիները եւ զարգացնում է մարդուն»:

Կարլա Բաբայան Ստյուարտը ծնվել է Կանադայում, երկու տարի աշխատել է բանակում` որպես պահեստային զինծառայող, իսկ վերջերս գործուղվել է Իրաք: Նա մահացել է հունվարի 28-ին` տրանսպորտային կործանումի հետեւանքով:

Կարլայի հուղարկավորման արարողությունը կատարվել է Հայկական Առաքելական եկեղեցու կանոնների համաձայն, թաղմանը ներկա է եղել արքեպիսկոպոս Մուշեղ Մարտիրոսյանը: Իսկ հետո համազգեստ հագած զինվորներն ի հիշատակ ամերիկուհի զինվորի` համազարկ են տվել:

Կարլա Բաբայան Ստյուարտը մեծացել է Լոս Անջելեսի Գլենդել քաղաքում, ավարտել է բալետային դպրոցը: 1995 թվականին ամուսնացել է Բրենդոն Ստյուարտի հետ: Կարլայի եղբայրը` Ռիզարդ Բաբայանը հիշել է, որ իր քրոջը կատակով Փոքր Ստյուարտ էին կոչում, քանի որ նա շատ բարի ու ջերմ անձնավորություն էր եւ մանկական պատմվածքների համանուն հերոսի նման` ուզում էր բոլորին օգտակար լինել: Կարլայի ընկերները Կարլայի հիշատակին պոեմ են նվիրել, որն առաջին անգամ ընթերցվել է Իրաքում: «Մենք լսում ենք հրեշտակներին, որոնք ասում են մեզ, որ քո ոգին երբեք չի մահանա»,- այսպիսի բառերով է ավարտվում այդ պոեմը: