Քառօրյա պաշտոնական այցով Ֆրանսիայում գտնվող Ռոբերտ Քոչարյանը երեկ Փարիզի Ելիսեյյան պալատում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի հետ: Հանդիպումից հետո ճեպազրույց չի եղել: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, հանդիպումից հետո Ռ. Քոչարյանը, սոսկ ձեռքի շարժումով ողջունել է լրագրողներին եւ ասել` «Ամեն ինչ լավ է»: Երեկ ավելի վաղ Լուվրում նախագահներ Շիրակի եւ Քոչարյանի մասնակցությամբ բացվել է Armenia Sacra («Սուրբ Հայաստան») ցուցահանդեսը: Լուվրի թանգարանն իր պատմության մեջ առաջին անգամ է ներկայացնում ամբողջությամբ հայկական քրիստոնեական արվեստին նվիրված ցուցահանդես: Ցուցանմուշների շարքում են նաեւ Հայաստանից բերված խաչքարեր: