«Սահմանադրական իրավունք միություն» (ՍԻՄ) կուսակցության շուրջ ծավալվող կրքերը նոր թափ են ստանում: Ինչպես հայտնի է, բանը նույնիսկ հասել է ձեռնամարտի:
Հիշեցնենք, որ երբ կուսակցության 17-րդ համաժողովի ժամանակ, որը տեղի ունեցավ 2006-ի սեպտեմբերին, կուսակցությունում, այսպես ասած, հեղափոխություն եղավ, ՍԻՄ հիմնադիր նախագահ Հրանտ Խաչատրյանի կողմնակիցները հայտարարեցին, որ կուսակցության նորընտիր նախագահության կազմն իրականում չի ընտրվել, քանզի չի հավաքել անհրաժեշտ ձայներ ու, բացի այդ էլ, համաժողովին որպես պատվիրակներ մասնակցել են Արամ Կարապետյանի գլխավորած «Նոր Ժամանակներ» կուսակցության մոտ 50 անդամներ: Այս վերջին փաստը հաստատել էր նաեւ Ա. Կարապետյանը: Հ. Խաչատրյանի կողմնակիցները դիմեցին դատարան, վիճարկելով այդ համաժողովի օրինականությունը: Առաջին ատյանի դատարանը հայցը չբավարարեց, սակայն վերաքննիչ դատարանը բավարարեց այն, չեղյալ հայտարարեց ՍԻՄ 17-րդ համաժողովի որոշումները, ինչից բխում էր, որ ՍԻՄ նախագահն իրավաբանորեն շարունակում է մնալ Հ. Խաչատրյանը: Վերջինս իր մի քանի համախոհների հետ դատարանի վճռից հետո հարկադիր կատարողների ուղեկցությամբ գնացել էր իր կուսակցության գրասենյակ, սակայն հարկադիր կատարողները ՍԻՄ փաստացի նախագահ Հայկ Բաբուխանյանի հետ զրուցելուց հետո լուռ հեռացել էին: Այս ամենից հետո էլ ձեռնամարտ էր սկսվել, Հ. Խաչատրյանն ապտակել էր Հ. Բաբուխանյանին, սակայն նրան այդպես էլ չէր հաջողվել ազատագրել հայրենի կուսակցության գրասենյակը: Չի բացառվում, որ դիրքային մարտերը շարունակվեն այսօր: Բանն այն է, որ Հ. Խաչատրյանի կողմնակիցներն այսօր ժամը 12-ին հարկադիր կատարողների հետ կրկին փորձելու են մտնել ՍԻՄ գրասենյակ: Մինչ այդ, երեկ ասուլիս է հրավիրել ՍԻՄ ներկայացուցիչ Հայկ Բաբուխանյանն ու հայտարարել թե նախընտրական տեռորը հասել է իր կուլմինացիային, ՍԻՄ-ին զրկում են ընտրություններին մասնակցելուց, այսօրվանից Հայաստանում բազմակուսակցություն չկա, 1995 թվականից հետո չի եղել դեպք, երբ Հայաստանում դատարանի որոշմամբ փակվի կուսակցություն, եւ այլն: Հ. Բաբուխանյանը մեր դատարաններին համարում է կամակատար: Ինչ խոսք, մեր դատարաններն աչքի չեն ընկնում անկախությամբ, սակայն թե այդ ինչպե՞ս է ստացվել, որ այդ կամակատար դատարանը սկզբում հօգուտ Բաբուխանյանի է վճիռ կայացրել, վերջինս չի ասել: Ինչեւէ, վեճերի արդյունքում ՍԻՄ պաշտոնաթերթ «Իրավունքն» այսօրվանից լույս չի տեսնի, որովհետեւ վերաքննիչ դատարանի վճռից հետո «Իրավունքի» հաշվեհամարի վրա կալանք է դրված, VTB-Հայխնայբանկը հրաժարվում է թերթի հետ աշխատել այնպես, ինչպես աշխատել է վերջին 6 ամիսներին: Մեր տեղեկություններով՝ «Իրավունքի» աշխատակիցներին տեղեկացրել են, թե «գործադուլ է, գործի չգաք»: Ըստ ՍԻՄ-ի բաբուխանյանական թեւի, Հ. Խաչատրյանի եւ նրա կողմնակիցների անունից սպառնալիքներ են հնչել: «Աշխատակազմի կանանց ուղարկել ենք տուն: «Իրավունքի» չհրատարակումը պայմանավորված է նաեւ նրանով, որ թույլ չեն տալիս այստեղ անվտանգ ձեւով պահել աշխատակազմ»,- ասում են նրանք: Սպառնալիքների մասով երեկ մեզ հետ զրույցում Հ. Խաչատրյանի կողմնակիցներից Կարեն Վարդանյանը նշեց, թե «եթե սպառնալիքներ եղել են, եղել են Բաբուխանյանի կողմից»: Ըստ Կ. Վարդանյանի, Հ. Բաբուխանյանը զանգել եւ սպառնացել է թերթերի խմբագրերին, հեռուստաընկերությունների ղեկավարներին, Հ. Խաչատրյանի որդուն (հիշեցնենք, որ Հ. Բաբուխանյանը հիշեցրել էր, որ Հ. Խաչատրյանի որդին ծառայում է Ազգային բանակում): Բաբուխանյանը երեկ ասել է, թե ՍԻՄ գրասենյակի դռները Հ. Խաչատրյանի առաջ դարձյալ փակ են լինելու: Նա հայտարարում է, որ Հ. Խաչատրյանը վերջին անգամ կուսակցության նախագահի պաշտոնում ընտրվել է 2001 թվականին, ու 2003-ին նրա լիազորությունները սպառվել են: Իսկ այս ընթացքում էլ ինքը միայն 2006 թվականին մեկ անգամ գրավոր դիմել է Հ. Խաչատրյանին եւ առաջարկել շտկել վիճակը: «Բանավոր դիմել եմ բազմիցս»,- ասել է Հ. Բաբուխանյանը: Վերջինիս խոսքերով՝ իրենք նախապատրաստում են հզոր ակցիա: Բաբուխանյանը Խաչատրյանին մամուլի միջոցով առաջարկել է հետեւյալը. «թեկուզ նա 20 անգամ տվել է հրաժարական, թեկուզ նա 17-րդ համաժողովի կեսից թողել-փախել է, թեկուզ դատական կարգով իշխանություններն իրեն կարգել են կուսակցության նախագահ, եթե գոնե մի քիչ տղամարդկություն կա այդ մարդու մեջ, եթե վերջնական փալաս չի, թող գա փետրվարի 24-ին նշանակված 19-րդ համաժողովին քվեարկվի կուսակցության անդամների առաջ՝ պայմանով, որ էլ դատարան չի դիմելու»: Ըստ նրա, եթե Հ. Խաչատրյանն առաջարկը չընդունի էլ, միեւնույն է՝ 19-րդ համաժողովը կկայանա եւ կորոշի` ինչպես շարունակել պայքարը: Հ. Խաչատրյանի կողմնակից Կ. Վարդանյանը երեկ մեզ հետ զրույցում այս կապակցությամբ նշեց, թե բաբուխանյանական թեւը «որեւէ բան հրավիրելու իրավունք չունի»: Ըստ Վարդանյանի, «նրանք հիմա ոչնչացնում են փաստաթղթերի արխիվը»: Ինչ վերաբերում է «Իրավունքին», Կ. Վարդանյանը կարծիք հայտնեց, թե վերջին ամիսներին հրատարակված թերթն իրականում «Իրավունքը» չի եղել, այլ պարզապես «Իրավունքի» անվան տակ ինչ-որ բան է հրատարակվել: Իսկ «Իրավունքը», ըստ Կ. Վարդանյանի, լույս կտեսնի, երբ կուսակցությունում վերականգնվի «սահմանադրական կարգը»: Ինչեւէ, Բաբուխանյանի երեկվա ասուլիսին արձագանքել է նաեւ Հ. Խաչատրյանը: «Ա1+»-ի՝ «ընդունո՞ւմ եք համագումարին մասնակցելու Հ. Բաբուխանյանի հրավերը հարցին» Հ. Խաչատրյանը պատասխանել է. «Ինքը հիմա ոչ մի բան չի որոշում, որ ես էլ ընդունեմ կամ՝ ոչ: Ինքն ուղղակի ձգտում է նրան, որ ես քրեական գործ հարուցել տամ»: Իսկ ի՞նչ հիմնավորմամբ՝ հարցին, նա պատասխանել է. «Դատարանի վճիռը կկատարվի, հետո կտեսնենք»: Հ. Խաչատրյանի խոսքերով՝ «Իրավունքի» լույս չտեսնելու ողջ պատասխանատվությունը կընկնի Հ. Բաբուխանյանի վրա: Իսկ Հ. Բաբուխանյանի նշած սպառնալիքների մասով էլ Հ. Խաչատրյանն ասել է, թե «ոչ մի բան էլ չենք սպառնում: Ժամանակը ցույց կտա, թե ով ինչ է սպառնում»: «Ձեր կողքին մարդիկ են, ովքեր բարձր պաշտոններ են զբաղեցնում այսօրվա իշխանական համակարգում կամ ունեն բիզնես, իսկ իրական ընդդիմադիր գործիչները զրկված են պաշտոններից ու բիզնեսից: Ձեր ընդդիմախոսները դա շահարկում են, ի՞նչ կասեք»,- ի պատասխան այս հարցի, Հ. Խաչատրյանը նշել է, թե չի ուզում կոնտրարգումենտներ հրապարակել ու «գզվռտոցի մեջ մտնել»: «Իսկ եթե կոնտրարգումենտի կարիք կա, ապա Հայկ Բաբուխանյանն Արթուր Բաղդասարյանի խորհրդականի վկայական ուներ այն ժամանակ, երբ Ա. Բաղդասարյանն ԱԺ նախագահ էր: Բայց ես դրանում ոչ մի վատ բան չեմ տեսնում: Սա մեր պետությունն է»,- ասել է Հ. Խաչատրյանը: