Մայիսի 12-ին Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունները երկրում ժողովրդավարական առաջընթացի կարեւոր ցուցիչ են լինելու:
Այս մասին ասված է ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) զեկույցում: Ըստ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, չնայած Հայաստանի փոփոխված Ընտրական օրենսգիրքը ժողովրդավարական ընտրությունների անցկացման «պատկառելի եւ համակողմանի» հիմք է տալիս, սակայն «առաջիկա ընտրությունները, նախ եւ առաջ, պահանջելու են ավելի մեծ քաղաքական կամք եւ օրենսդրության բարեխիղճ կիրառում՝ դրանք ԵԱՀԿ-ի առջեւ ստանձնած պարտավորություններին համապատասխան անցկացնելու համար»: Կազմակերպությունն ընդգծել է, որ 2003-ին Հայաստանում անցկացված նախագահի եւ խորհրդարանի ընտրությունների ժամանակ տեղ գտած խախտումների հեղինակները պատասխանատվության չեն ենթարկվել, ինչը անպատժելիության մթնոլորտ է ստեղծել: «Չնայած փոփոխված օրենսգիրքն ընտրական հանձնաժողովների ավելի հավասարակշռված կառուցվածքի հնարավորություն է ընձեռում, այնուհանդերձ, մտահոգությունները մնում են, հատկապես՝ ընդդիմության կողմից, ընտրական հանձնաժողովների ղեկավարության անկողմնակալության առնչությամբ»,- ասված է զեկույցում: «Ընտրական հանձնաժողովների կողմից որոշումների ընդունման ժամանակ քվորումի վերացումը նպաստում է այդ մտահոգություններին: Սակայն այլ զրուցակիցներ շեշտում էին, որ քվորումի վերացումն անհրաժեշտ հակաբոյկոտային քայլ է»,- շեշտված է զեկույցում: Ըստ կազմակերպության, «կառավարամետ նոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը գործում է 2006 թվականի մարտից, կուսակցական լայն ցանց է հաստատել բոլոր շրջաններում» եւ ներգրավվել է բարեգործական գործունեության մեջ երկրով մեկ, «ինչը քննադատվում է որպես վաղաժամ ընտրարշավ եւ ընտրակաշառք»:
Լրատվամիջոցների մատչելիության առնչությամբ կազմակերպությունն ընդգծում է, որ չնայած հանրային եւ մասնավոր լրատվամիջոցների մատչելիությունը պաշտոնական քարոզարշավի ընթացքում երաշխավորված է օրենքով, այնուհանդերձ, ընդդիմությունը պնդում է, որ քարոզարշավի պաշտոնական մեկնարկից առաջ լրատվամիջոցների մատչելիությունը շատ սահմանափակ է: «Երկու անկախ հեռուստակայաններ՝ «Ա1+»-ը եւ «Նոյյան տապանը», որոնք իրենց արտոնագրերը կորցրել են, համապատասխանաբար, 2002 եւ 2001 թվականներին, առանց հաճախականության են մնում՝ չնայած մասնակցությանը բազմաթիվ մրցույթներին,- ասված է զեկույցում: -Մեր զրուցակիցները եւ զանգվածային լրատվության գծով փորձագետները արտոնագրերի մերժումը համարում են այլ լրատվամիջոցներին ուղղված հստակ ուղերձ, որոնք վախենում են կորցնել իրենց արտոնագրերը եւ աշխատում են ինքնագրաքննության մթնոլորտում»: Կարիքների գնահատման առաքելությունն առաջարկել է ստեղծել ընտրությունների դիտարկման առաքելություն, մարտի կեսերին գործուղել 24 երկարաժամկետ դիտորդների, իսկ ընտրությունների օրերին՝ 300 կարճաժամկետ դիտորդների: