Վարդան Օսկանյանը սկսել է իր PR-ը

27/02/2007 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, ում անունը նույնպես շրջանառվում է որպես 2008թ. նախագահական ընտրություններում իշխանությունների պահուստային թեկնածու, պարզվում է, իր քարոզչությունը սկսել է բոլորովին այլ ոլորտում: Դիվանագետ Վարդան Օսկանյանը, որքան էլ տարօրինակ է, որոշել է զբաղվել գյուղական բարեգործական ծրագրերով:

Օրինակ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի երեկվա տարածած հաղորդագրությունից տեղեկացանք, որ փետրվարի 16-ին Փարիզում Վարդան Օսկանյանը եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Նաիրա Մելքումյանը «կարեւոր» հանդիպում են ունեցել Հիմնադրամի՝ արտերկրում գործող տեղական մարմինների ներկայացուցիչների եւ բարերարների հետ՝ Հայաստանի եւ Արցախի ավելի քան 150 գյուղական համայնքների զարգացման ծրագիրը քննարկելու նպատակով: Թե ի՞նչ կապ ունի ՀՀ արտաքին գործերի նախարարը գյուղական համայնքների զարգացման ծրագրի հետ, երբ Հայաստանն ունի Գյուղատնտեսության նախարարություն՝ իր նախարարով, իսկապես անհասկանալի է:

Սակայն Վարդան Օսկանյանի այս նոր «հոբբին»՝ գյուղական ծրագրերի նկատմամբ, շատերը բացատրում են նրա քաղաքական նպատակներով, ինչը նա նույնպես չի հերքել՝ ասելով, թե ինքը բազմաթիվ գործեր ու ծրագրեր ունի, որոնք կցանկանար շարունակել: Ուստի նա որոշել է իր PR-ն անել հենց այդ ճանապարհով՝ գյուղերին օգնություններ տրամադրելով: Բայց Վ. Օսկանյանը՝ լինելով ԱԳ նախարար, փաստորեն, օգտագործում է նաեւ իր այդ պաշտոնը, եւ իր PR-ն իրականացնում է սփյուռքի հաշվին: Եվ այսպես. Վարդան Օսկանյանն այդ ծրագրի մասին պաշտոնապես հայտարարել էր դեռեւս 2006թ. սեպտեմբերին՝ «Հայաստան-Սփյուռք» համաժողովում, իսկ այն «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին պաշտոնապես կներկայացվի 2007թ. մայիսի 7-ի նիստում: Բնականաբար, փողերը, որոնք պետք է ծախսվեն այդ ծրագրի իրականացման համար, Վարդան Օսկանյանն իր գրպանից չի դնելու, ուստի պատահական չէր, որ նա այդ մասին առաջին անգամ հայտարարեց «Հայաստան-Սփյուռք» համաժողովում, որին ներկա էին բազմաթիվ մեծահարուստ սփյուռքահայեր: Բնականաբար, «մեր սփյուռքահայ բարեկամներն» անմիջապես հասկացան, որ Վ. Օսկանյանն այդ հայտարարությունն ամենեւին էլ պատահական չի անում, ու անկասկած ակնկալում է լուրջ մոտեցումներ՝ պարզ է գումարային տեսքով: Բայց մինչ «մեր սփյուռքահայ բարեկամները» կարձագանքեն, Վարդան Օսկանյանը մեկնեց Փարիզ՝ հանդիպումների: Հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Հիմնադրամի՝ արտերկրում գործող տեղական մարմինների ներկայացուցիչների եւ բարերարների հետ ունեցած «կարեւոր» հանդիպումներում ՀՀ արտաքին գործերի նախարար Վ.Օսկանյանը նշել է, որ Հայաստանին ցուցաբերվող «օգնության միջազգային մղումն ուժեղացել է, եւ այժմ սփյուռքի համար ճիշտ ժամանակն է մեկ անգամ եւս «Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ համախմբվել եւ օգնել իրագործելու գյուղական համայնքների զարգացման այս լայնածավալ ծրագիրը»: Այսինքն՝ Վ. Օսկանյանին թվում է, թե սփյուռքն ամեն օր քնում-արթնանում է Հայաստանին գումարներ տալու «միջազգային մղումով»: