Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինի մյունհենյան ելույթից անցել է 10 օր, սակայն դրա շուրջ աղմուկը դեռ չի դադարել։ Հիշեցնենք, որ միջազգային անվտանգությանը նվիրված միջազգային կոնֆերանսի ժամանակ Պուտինը բավական սուր քննադատության ենթարկեց ԱՄՆ քաղաքականությունը։
Առաջին հերթին, ՌԴ նախագահը բացասաբար գնահատեց միաբեւեռ աշխարհ ստեղծելու փորձերը, որոնք, փաստորեն, անում է ԱՄՆ-ը։ Պուտինի ակնարկները բավական թափանցիկ էին։ Օրինակ, նա հիշատակում էր այն երկրներին, որոնք ուրիշներին սովորեցնում են հարգել մարդու իրավունքները, իսկ իրենց մոտ մահապատիժը վերացված չէ։ Կամ վերացված է, բայց այդ երկրները հոժարակամ մասնակցում են հազարավոր մարդկանց կյանք խլող, ոչ լեգիտիմ ռազմական գործողություններին։ Նրան զայրացրել էր Իտալիայի պաշտպանության նախարարի հայտարարությունը, թե ուժի կիրառումը լեգիտիմ է, եթե որոշումն ընդունվել է ՄԱԿ-ում, ՆԱՏՕ-ում կամ Եվրամիությունում։ «Եթե նա, իրոք, այդպես է կարծում, ուրեմն մենք տարբեր կարծիքներ ունենք։ Կամ էլ՝ ես սխալ եմ լսել։ Ուժի կիրառումը կարող է լեգիտիմ լինել միայն այն դեպքում, եթե որոշումն ընդունված է ՄԱԿ-ի հիմքի վրա եւ նրա շրջանակներում։ Եվ պետք չէ ՄԱԿ-ը փոխարինել ո՛չ ՆԱՏՕ-ով, ո՛չ էլ Եվրամիությամբ»,- ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը խոսել է նաեւ չլուծված կոնֆլիկտների, միջուկային զենքի, ԱՄՆ հակահրթիռային համակարգի եւ այլ հարցերի մասին։ Բնական է, որ այդ ամենը չէր կարող վրիպել արեւմտյան ԶԼՄ-ների ուշադրությունից։ Ներկայացնենք հատվածներ հայտնի լրատվամիջոցների երեկվա հրապարակումներից։
Այսպես, գերմանական «Handelsblatt»-ը Պուտինին համեմատել է Նիկիտա Խրուշչովի հետ, այն տարբերությամբ, որ Պուտինն ամբիոնից խոսելիս իր կոշիկը չի օգտագործել։ «Ռուսական իրականություն» հոդվածի հեղինակը գտնում է, որ ամպագոռգոռ հայտարարություններ անելու եւ միջուկային զենքի պայմանագրից դուրս գալով սպառնալու փոխարեն, ավելի լավ կլիներ, եթե Պուտինը փորձեր դիվանագիտական քայլերով կանխել ամերիկացիների պլանները։ Իսկ այս ձեւով, ըստ հոդվածագրի, նա վանում է շատ երկրների՝ ակամա հիշեցնելով, թե ինչ դաժանությամբ Ռուսաստանը փակեց ՈՒկրաինայի եւ Բելառուսի գազը։ Նման ձեւով շարունակելու դեպքում Պուտինը կմնա մենակ, մանավանդ, որ այլեւս ասպարեզում չեն Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերն ու Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին։ «Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Կրեմլի շեֆը նման սխալներ թույլ տալիս։ Պատասխանը պարզ է՝ Պուտինը չունի կոմպետենտ խորհրդականներ»,- գրում է «Handelsblatt»-ը։
Ամերիկյան «The Washington Post»-ի խմբագրականը շատ ավելի սուր երանգներ է պարունակում։ Թերթի կարծիքով, Պուտինի մյունհենյան ելույթը վկայում է այն մասին, որ նա ցանկանում է մնալ իշխանության ղեկին։ «Պուտինը խոսում է ժամանակակից լիդերի լեզվով, որը փորձում է ոտքի կանգնեցնել իր երկիրը, բայց իրականում նա եւ իր շրջապատը մտածում են իրենց օգուտի մասին։ Նախագահական աթոռին գտնվելով՝ նա խարխլել է ժողովրդավարությունը, սեփականության իրավունքները, ազատ մամուլը եւ օրենքի գերակայությունը։ Նա իր ձեռքը վերցրեց «ՅՈՒԿՕՍ» ընկերությունը։ Այժմ Պուտինին եւ իր շրջապատին անհրաժեշտ է ինչ-որ ձեւով պահել իշխանությունը։ Եթե նրանց չհաջողվի իշխանությունը փոխանցել իրենց հարկավոր մարդուն, ապա ամեն ինչ կկորցնեն»,- գրում է թերթը` ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ Պուտինին հաջողվել է շահել ոչ միայն Շրյոդերի, Բեռլուսկոնիի եւ Շիրակի, այլ նաեւ հենց Բուշի համակրանքը։ «The Washington Post»-ը հիշեցնում է, որ Բուշը մի առիթով ասել է՝ Պուտինն իր խոստումը պահել է ամեն ինչում, ինչ ինձ ասել է։ Իսկ ՌԴ նախագահն իր հերթին Մյունհենում ասել է՝ «ԱՄՆ նախագահին ես համարում եմ իմ ընկերը, նա պարկեշտ մարդ է»։ «Կարող էր ավելացնել՝ նա օգտակար հիմար է»,- հեգնել է հոդվածագիրը։
Ամերիկյան «The Financial Times»-ը շատ ավելի օբյեկտիվ դիրքորոշում է ցուցաբերել՝ նշելով, որ որոշ հարցերում Պուտինը ճիշտ է, որոշ հարցերում՝ սխալ։ «Նա ճիշտ է, երբ ասում է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո ստեղծված միաբեւեռ աշխարհն անկայուն է եւ արդեն գնում է անցյալի գիրկը»,- գրում է թերթը՝ ավելացնելով, որ շատ հարցերում (օրինակ, Հս. Կորեայի միջուկային ծրագրի կամ Իրանի հետ բանակցություններում) ԱՄՆ-ը միայնակ ոչինչ չի կարող անել։ Իսկ Պուտինի սխալները, ըստ թերթի, երկուսն են։ Առաջինն այն է, որ քննադատելով միաբեւեռ աշխարհը՝ Պուտինն իր երկրի ներսում ստեղծել է այդպիսի համակարգ՝ ճնշելով ժողովրդավարությունը։ «Պուտինի Ռուսաստանում միակ իրական իշխանությունը պատկանում է Կրեմլին։ Գոյություն չունի որեւէ թափանցիկ համակարգ, որը կարող է հաջորդ տարի երաշխավորել իշխանության նորմալ փոփոխությունը, քանի որ քաղաքական կուսակցությունների գոյությունը ֆիկտիվ բնույթ է կրում»,- գրում է թերթը։ Իսկ երկրորդ սխալն այն է, որ Պուտինը սպառնում է դուրս գալ միջուկային զենքին վերաբերող համաձայնագրից։ «Նա ճիշտ է, երբ բարձրացնում է այդ հարցը, քանի որ այդ համաձայնագրերն արդեն ուժը կորցրել են՝ հանգամանքների բերումով։ Սակայն նա ճիշտ չէ՝ անելով դա նման ագրեսիվ ձեւով»,- գտնում է «The Financial Times»-ը։
Անգլիական թերթերն ավելի բուռն են արձագանքել Պուտինի ելույթին։ «The Daily Telegraph»-ի խմբագրականը կոչ է անում պատժել Ռուսաստանին՝ զրկելով նրան «Մեծ Ութնյակի» անդամությունից։ «Ինչն էլ որ հանդիսանա «Ութնյակին» անդամակցելու չափանիշ՝ լինի դա ժողովրդավարությունը թե տնտեսական զարգացումը, Ռուսաստանը դրան արժանի չէ։ Եվ նման ապտակը հստակորեն ցույց կտա, որ ՌԴ քայլերը հավանության չեն արժանանում միջազգային հանրության կողմից։ Բացի այդ, Արեւմուտքի քաղաքականությունը պետք է հստակ մատնանշի, որ Պուտինի՝ երրորդ ժամկետում առաջադրվելը կամ տիկնիկավարի դեր ստանձնելը՝ իրենից հետո ինչ-որ մարիոնետային հետնորդ նշանակելով, կատեգորիկ անընդունելի է Արեւմուտքի համար։ Ռուսաստանը դեռ ժողովրդավարական պետություն է, համենայն դեպս՝ տեսականորեն այդպես է։ Մեր նպատակն է` այնպես անել, որ նա համապատասխան վարքագիծ ցուցաբերի»,- գրում է թերթը։
Իսկ ամերիկյան «The International Herald Tribune»-ը ստեղծված վիճակը բնութագրել է «սառը խաղաղություն»։ «Չնայած ռազմավարական գործընկերության մասին խոսակցություններին եւ Պուտինի ու Բուշի անձնական ընկերությանը, ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները հասել են ամենացածր կետին՝ ԽՍՀՄ փլուզումից ի վեր»,- գրում է թերթը՝ ավելացնելով, որ երկրները թեւակոխել են լարվածության ժամանակաշրջան, քանի որ ցանկացած քայլ առաջ կբերի հակաքայլ, ինչի արդյունքում կողմերը կհայտնվեն բարիկադի հակառակ կողմերում ողջ աշխարհով մեկ՝ Իրանից մինչեւ Վրաստան ու Կոսովո։ Ըստ թերթի, լավատեսության հիմքեր չկան. «Քանի որ երկու երկրներում էլ 2008թ. տեղի են ունենալու նախագահական ընտրություններ, դժվար թե իրավիճակը փոխվի դեպի լավը։ Չէ՞ որ թեկնածուները հազվադեպ են իրենց հայրենիքում լրացուցիչ միավորներ ստանում՝ միջազգային ասպարեզում զիջումների գնալու համար»։