Կենսաբանական ահաբեկչությո՞ւն

27/02/2007 Յուրի ՍԻՄՈՆՅԱՆ

Մոսկվան շրջափակված է: Բոլոր կողմերից դեպի մայրաքաղաք է շարժվում թռչնագրիպը: Սկզբում կասկածներ կային, թե մերձմոսկովյան ֆերմաներից մեկում մի քանի թռչունների մահվան պատճառը հենց այդ վիրուսն է: Ապա կասկածները կամաց-կամաց հաստատվեցին: Սակայն միայն` լրագրողների կողմից: Իսկ Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոն հրաշալի կերպով ցուցադրեց հետխորհրդային տարածքում խնդիրներին ընդհանուր մոտեցումը: Ինչպես հիշում ենք, երբ մի տարի առաջ թռչնագրիպը հասել էր Հարավային Կովկաս, Ադրբեջանի, Վրաստանի եւ Հայաստանի գլխավոր սանիտարական բժիշկները հերթով հանդես եկան փաստերը հերքող հայտարարություններով, ասելով, թե երկրի տարբեր ծայրերում թռչունների մահվան պատճառը բնավ էլ թռչնագրիպը չէ: Հետո, երբ այդ դեպքերը շատացան, երբ համաճարակի բռնկման իրական վտանգ առաջացավ, նրանք նույնկերպ հերթով խոստովանեցին մահացու վիրուսի գոյությունը եւ որոշ ժամանակ հանդես էին գալիս ճառերով, որոնք պիտի ցույց տային, թե պետությունը մտահոգված է, որ անիծյալ վիրուսը չտարածվի: Հետո համաճարակը կարծես թե անցավ: Բարեբախտաբար, մարդկային զոհեր չեղան:

Նույն բանն է հիմա կատարվում Մոսկվայում: Օնիշչենկոն սկզբում կտրականապես հերքեց թռչունի՝ գրիպից սատկած լինելու փաստը: Սակայն մի քանի օրվա ընթացքում թռչունների մահվան դեպքեր գրանցվեցին Մերձմոսկովյան տարբեր շրջաններում: Բժիշկները ստիպված եղան խոստովանելու այն, ինչ ակնհայտ էր. այո, Մերձմոսկովյան շրջանում թռչնագրիպ է: Իսկ խուճապային դրություն սկսվեց էկոլոգների հայտարարությունից հետո, որոնք Ռուսաստանի մայրաքաղաքի մերձակայքում հայտնաբերել էին մի ամբողջ երամ սատկած թռչուններ: Այսպիսով, անհեթեթ դարձան չինովնիկներին տրված հարցերը, որոնք չէին կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս կարող էր վարակը հասնել այդ կողմերը: Մոսկվայի գլխավոր անասնաբույժ Վալենտին Սիտնիկովը հանդես եկավ հայտարարությամբ, թե տարբեր ֆերմաներում հայտնաբերված սատկած թռչունները մի ընդհանուր բան ունեն. դրանք բոլորը գնված են եղել Մոսկվայի հայտնի Թռչնի շուկայից: «Այդ պատճառով ես չեմ բացառում, որ մենք գործ ունենք կենսաբանական ահաբեկչության հետ»,- հայտարարեց նա:

Եվ այսպես, Ռուսաստանն առաջինն աշխարհում հայտարարեց թռչնագրիպի՝ իբրեւ հնարավոր կենսաբանական զենքի մասին: Եվ հիմա, ըստ օրենքի, դրա դեմ պայքարելու համար ոտքի կհանվեն Ռուսաստանի ոչ միայն սանիտարական, այլեւ հատուկ ծառայությունները: Ի՞նչ են նրանք անելու եւ ինչպե՞ս են պայքարելու. դեռ հայտնի չէ: Փոխարենը` սանիտարական ծառայությունները գործում են համաձայն կարգի. փակել են չարաբաստիկ Թռչնի շուկան եւ սկսել մասնավոր ֆերմաներում հակագրիպային վակցինացիան, մոնիտորինգ են անցկացնում այն շրջաններում, որտեղ հայտնաբերվել են սատկած թռչունները, խստացրել են թռչնամսի իրացման կանոնները, եւն:

Խստացումներն արդեն իրենց ազդեցությունն են թողել առեւտրականների վրա: Վանաձորցի Կարենը, ով մոսկովյան խանութներից մեկում գրիլ հավեր է վաճառում, դժգոհեց, թե վերջին չորս օրերի ընթացքում հաջողվել է վաճառել ընդամենը երկու հավ: «Երեւի ստիպված փակելու եմ խանութը, թեկուզ ժամանակավորապես: Թե չէ՝ իմաստ չունի, մի կողմից էլ՝ սանիտարական ծառայություններն են սկսելու ամեն ինչից կպչել: Նրանց մենակ առիթ է պետք. կյանքդ կուտեն»,- ասում է Կարենը:

Վնաս կրում են ոչ միայն գրիլ վաճառողները, այլեւ խանութները: Կտրուկ նվազել են ոչ միայն հավի, այլեւ մյուս թռչունների մսի եւ նույնիսկ ձվի սպառման ծավալները: Համապատասխանաբար ընկել են նաեւ այդ մթերքների գները: Սակայն անգամ էժան գինը սպառողներին չի հրապուրում:

Եթե կենսաբանական ահաբեկչության մասին վարկածը հաստատվի, սա կնշանակի, որ հարձակումը, եթե այդպիսին, իրոք, եղել է, կարող է կրկնվել ցանկացած ժամանակ եւ ցանկացած այլ ռուսաստանյան քաղաքում: