Քարոզչական հնարքների կիրառման առանձնահատկությունների դիտարկման տեսանկյունից մեր այսօրվա, այսպես ասած, «թիրախն» ամենահին կուսակցություններից մեկն է՝ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը:
Չնայած դժվար է պատկերացնել ՀՅԴ-ին «թիրախի» դերում, այնուամենայնիվ, փորձենք վերլուծել այս կուսակցության կողմից կիրառված եւ մայիսին սպասվող ընտրությունների քարոզարշավի ընթացքում կիրառվելիք հնարավոր հնարքները:
ՀՅԴ քարոզչական հնարքների վերլուծությունն ուզում ենք սկսել, թերեւս, արդեն թեւավոր արտահայտություն դարձած հետեւյալ մտքերով. «Յուրաքանչյուր հայ մի քիչ դաշնակ է», կամ «Չկա որեւէ հայ, ով երիտասարդ հասակում ոգեշնչված չլինի Դաշնակցության գաղափարներով»: Այս երկու արտահայտությունները հենց շեշտում են ՀՅԴ քարոզչության երկու հենասյուները՝ պահանջատիրություն եւ ազգային այլ խնդիրները բարձրացնելու հարցում առաջինը լինելու անհագ ձգտում: Թերեւս, սխալված չենք լինի, եթե նշենք նաեւ, որ այս կուսակցության քարոզչության հիմնական զենքն է նաեւ խորհրդավորության կերտումը կուսակցության շուրջ: Հիշենք, որ մինչ այժմ էլ կուսակցությունն իր ժողովներն անցկացնում է «փակ» պայմաններում: Այս հնարքը քաղաքական տեսության եւ քաղաքական գործընթացների ուսումնասիրության տեսության մեջ կոչվում է միֆականացում, եւ այս հնարքին շատ հաճախ դիմում են այն կառույցները, որոնք ցանկություն ունեն իրենց շուրջ առեղծվածային մթնոլորտ ստեղծել:
Նշենք, որ ՀՅԴ-ին մինչ այժմ այս հնարքը միշտ օգուտ է բերել: Սակայն վերջին շրջանում այս հնարքը, կարծես թե, այնքան էլ չի աշխատում: Պատճառը, կարծում ենք, իշխանությանը մաս կազմելն էր: Ընդհանրապես, ՀՅԴ-ն բավականին մեծ վարկանիշ ուներ այն ժամանակ, երբ նախորդ իշխանությունների կողմից արգելվեց նրա գործունեությունը, եւ ՀՅԴ-ն կարողացավ հանդես գալ հալածյալի կերպարով: ՀՅԴ ներկայացուցիչները ներկայումս էլ չեն խորշում իրենց ելույթներում անդրադառնալ ՀՀՇ կողմից իրենց հասցված վնասներից: Նրանք քաջ գիտակցում են, որ մեր ժողովուրդը շատ է սիրում կանգնել հալածյալների կողքին, եւ փորձում են այս հնարքով իրենց վարկանիշը բարձր պահել: Սակայն վերջին հինգ տարիներին այս հնարքն ավելի ու ավելի քիչ է ազդում մեր հասարակության վրա: Պատճառը, թերեւս, միֆի եւ միֆականացվող օբյեկտի գործողությունների տարբերությունն է, քանի որ չի կարելի լինել իշխանության մեջ եւ անընդհատ խոսել իշխանության թերություններից միայն այն ժամանակ, երբ ՀՅԴ-ն ցանկանում է որեւէ խնդիր լուծել: Հասարակ մեկ օրինակով կարելի է ցույց տալ այս հնարքի ներկայիս սնանկությունը: Դեռեւս բոլորն են հիշում, թե ինչպես էին ՀՅԴ ներկայացուցիչները բարձրաձայնում կոռուպցիայի բարձր մակարդակի մասին եւ պահանջում ստեղծել այս արատի դեմ պայքարի առանձին մարմին: Նրանց հաջողվեց իրենց այս «քննադատության» շնորհիվ ներկայացուցիչ ունենալ նախագահական նստավայրում (խոսքը Բագրատ Եսայանի մասին է), եւ որոշակի ժամանակահատված նրանք այլեւս չէին խոսում այս թեմայով: Բոլորին է հայտնի, թե կոռուպցիայի հարցերով զբաղվող այս մարմինն ինչ արդյունավետությամբ աշխատեց եւ, վերջին հաշվով, նրա ղեկավարին ինչ պաշտոնի տեղափոխեցին: Տեղափոխումից անմիջապես հետո ՀՅԴ ներկայացուցիչները նորից հիշեցին երկիրը կեղեքող այս հիվանդության մասին՝ այս անգամ նախընտրական փուլի տրամաբանությունից դրդված:
Ընդհանրապես, ՀՅԴ քարոզչության հիմնական միջոցն է եղել, գոնե վերջին մի քանի տարիների ընթացքում, լինելով իշխանության մեջ` քննադատել իշխանություններին, սակայն, միայն այն ոլորտներում, որտեղ ՀՅԴ-ն ղեկավարող դիրք չունի: Իսկ այն ոլորտներում, որտեղ ղեկավարը ՀՅԴ ներկայացուցիչն է, բոլոր ձեռքբերումները վերագրվում են միայն Դաշնակցությանը: Սա է վկայում, թերեւս, վերջին օրերի ընթացքում մեր ազգաբնակչությանը բաժանվող ՀՅԴ բուկլետի բովանդակության ուսումնասիրությունը: Սա են վկայում նաեւ ՀՅԴ ընդհանուր ժողովների ժամանակ ՀՅԴ ներկայացուցիչների ելույթները: Այս ելույթներից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ հաջորդ իսկ օրը ՀՅԴ-ն հրաժարվելու է գործադիր իշխանության իր պաշտոններից, սակայն մյուս օրը եւեթ պարզ է դառնում, որ դրանք ընդամենը ելույթներ էին: Այս առումով բացառություն էր, թերեւս, միայն ՀՅԴ վերջին ընդհանուր ժողովը, որը մեր լրագրողների կողմից բնորոշվեց որպես անատամ: Սակայն մենք համաձայն չենք այդ գնահատականին: Սա միակ ժողովն էր, որն աչքի էր ընկնում իր քաղաքական ելույթներով եւ, իրոք, կառուցողական որոշումներով: Այս ժողովից հետո մենք մի պահ կարծեցինք, թե, վերջիվերջո, ՀՅԴ-ն կարողացել է վերանայել իր մարտավարությունն ու ռազմավարությունը, սակայն ընդհամենը մի քանի ամիս հետո մեր հույսերն ի դերեւ ելան, երբ ՀՅԴ 115-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ Հրանտ Մարգարյանը ելույթ ունեցավ իր նախորդ ելույթների ոճով:
Մյուս հնարքը, որ ՀՅԴ-ն սկսեց կիրառել արդեն իշխանությանը մաս կազմելուց հետո, իշխանությունից դուրս գալու եւ ընդդիմություն դառնալու սպառնալիքն է՝ պարբերաբար հիշեցումով, թե ինչպիսի ընդդիմություն էր ՀՅԴ-ն: Կարծում ենք, այս հնարքն այդքան էլ արդյունավետ չէ, քանի որ իշխանությանը մաս կազմող եւս մեկ կուսակցություն դուրս եկավ իշխանությունից եւ գնաց ընդդիմություն: Թե ինչ ստացվեց դրանից, բոլորը տեսան: Ժամանակները եւ քաղաքական իրադրությունն ու մեր հասարակության քաղաքական գիտակցության մակարդակը, ի ուրախություն մեզ, արդեն փոխվել է, եւ նման գործելաոճով դժվար է ընտրազանգված հավաքել: Իհարկե, ընդդիմադիր դիրքերից ավելի հեշտ է իրականացնել նախընտրական քարոզչություն, սակայն մեր օրվա գործող ընդդիմության խոսքի եւ գործի անհամատեղելիությունը հիասթափեցրել է նմանատիպ հայտարարություններից:
Մյուս կողմից՝ ՀՅԴ ներկայացուցիչները հայտարարում են, որ, եթե նույնիսկ իրենք ունենան իրենց հավակնություններին համապատասխան քվեներ ընտրությունների արդյունքում եւ հնարավորություն ունենան մաս կազմել իշխանությանը, բայց մյուս ուժերի ծրագրերը չհամապատասխանեն իրենց ծրագրերին, ապա նրանք կմնան ընդդիմություն: Սա եւս քարոզչական հնարք է, քանի որ նույն 2003 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո էլ ՀՅԴ-ն մաս կազմեց մի կառավարության, որի ծրագիրն այդքան էլ չէր համապատասխանում ՀՅԴ գաղափարախոսությանը եւ ծրագրային դրույթներին:
Ինչ վերաբերում է ընդդիմություն դառնալու կամ ընդդիմադիր լինելու սպառնալիքին, պետք է նշենք, որ չկա որեւէ երկիր, որտեղ գոյություն չունենա ընդդիմություն: Սակայն, միեւնույն ժամանակ, պետք է ցավով արձանագրենք, որ մեր քաղաքական կուսակցությունների մեծամասնության էլիտար հատվածում չկա այն գիտակցությունը, որ ընդդիմությունը ոչ թե մահակ է, որով պետք է «ծեծեն» կամ արտերկրյա կազմակերպությունները վախեցնեն գործող իշխանությանը, այլ իշխանության համար մղվող պայքարում ձեւավորված ինստիտուտ, որի հիմնական նպատակն իր այլընտրանքային առաջարկներով եւ ծրագրերով երկրի զարգացմանն աջակցելն է:
Բացի այդ, կարելի է ասել, որ ընդդիմություն լինելը ոչ առավելություն է, ոչ էլ առավել եւս՝ առաքելություն, այլ տեսության համար գրեթե աքսիոմ դարձած դրույթ. այն քաղաքական ուժերը, որոնք ներկայացված են երկրի օրենսդիր մարմնում, բայց մաս չեն կազմում գործադիր իշխանությանը, ներկայացնում են երկրի քաղաքական ընդդիմությունը: