Նախաբանի փոխարեն
Հարգելի ընթերցող: Ակնհայտ է, որ Հայաստանի քաղաքական դաշտը խորը գիտական ուսումնասիրության կարիք ունի: Հայրենի քաղաքագետների եւ վերլուծաբանների բոլոր ջանքերն ու մասնագիտական կարողություններն ի չիք են դառնում մեր օրերի նորաթուխ մաքիավելիների, թալեյրանների ու չերչիլների քաղաքական բրոունյան շարժման մեջ որեւէ օրինաչափություն որսալիս:
Խոր հարգանք ունենալով մեր գիտական ներուժի նկատմամբ՝ այնուհանդերձ, ցանկանում ենք լսել նաեւ տարբեր ժամանակների համաշխարհային ակնառու գիտնականների կարծիքն այն ամենի մասին, ինչ կատարվում է հայաստանյան քաղաքական խաղահրապարակում:
Եվ այսպես, մեր առաջին փորձագետը Զիգմունդ Ֆրեյդն է:
Իմ սիրելի հայ ընթերցասեր բարեկամ: Ինձ համար, որպես հոգեբանի եւ հետազոտողի, Հայաստանի քաղաքական դաշտը մեծ հետաքրքրություն է ներկայացնում: Հազար ափսոս, որ այս անգնահատելի փորձագիտական նյութը ծանոթ չէր ինձ իմ աշխատությունները գրելու ժամանակ, քանզի նման հարուստ հոգեվերլուծական բազան բազմաթիվ գիտական աշխատությունների աղբյուր կարող էր լինել:
Ինչեւէ, թույլ տվեք վերլուծել Ձեր բոլոր գործիչների քայլերն՝ ըստ համապատասխան գերակա բնազդների.
1. վախ
2. սով
3. սեռական ցանկություններ (լիբիդո) եւ նրանց արտասեռական արտահայտումը (սուբլիմացիա):
Վախը (ֆոբիա) Հայաստանի քաղաքական գործիչների համար հանդիսանում է, ըստ իս, խիստ կարեւոր, թույլ տվեք ասել, կենսական բնազդ: Որպես հայ գործիչներին հատուկ ֆոբիաների տեսակներ տարբերակելի են հետեւյալ կլինիկական ձեւերը՝
1. Սերժաֆոբիա – ՀՀ պաշտպապանության նախարար Սերժ Սարգսյանի նկատմամբ արտահայտված վախը տարբեր շարժառիթներ ունի: Ընդդիմության մեծաթիվ ներկայացուցիչների անողոք վախն այս անձի նկատմամբ թե՛ նրա ապագա հաջողությունների հետ ենթագիտակցական համակերպումն է, թե՛ անհամեմատելի քաղաքական քաշային կարգերի պատկանելության գիտակցումն է: Սերժաֆոբիան հատուկ է նաեւ իշխանական թեւի մի շարք գործիչներին, քանզի հայկական քաղաքական հիմնական հոսանքից՝ main stream-ից դուրս մնալու հիմնական պատճառը կարող է լինել Ս. Սարգսյանի անբարյացակամությունը:
2. Ընտրակեղծիքաֆոբիա – ժամանակի ընթացքում ամրապնդված բարդույթ է, որի վերացման համար ձեռնարկվող բոլոր միջոցները դեռ ապարդյուն են: Թեպետ ես Նոստրադամուսը չեմ, բայց փորձեմ կանխատեսել, որ այս վախի դեմ պայքարն այդքան էլ նպատակահարմար չէ, քանի որ հենց այս բարդույթի սիմուլյացիան արդարացում է լինելու մեծամտության մոլուցքով տառապող բազմաթիվ քաղաքական ուժերի համար: Այս ախտորոշումը, կամ, ինչպես Հայաստանում են ասում, «գժի թուղթը» կարող է դեռ շատերին պետք գալ:
3. Պատասխանատվությունաֆոբիա – հաճախ հանդիպող բարդույթներից է. իշխանության հասնելու դեպքում «մեծ-մեծ խոսալու» տակից դուրս գալու վախը:
Սովը նույնպես հայ քաղաքական միտքը պայմանավորող հզոր գործոններից է: Այս գործոնի ազդեցությունն ընդդիմադիր եւ իշխանական դաշտերում տարբեր կերպ է դրսեւորվում: Ընդդիմադիր որոշ գործիչների պետական միջոցների հաշվին տարիներով փայփայած սեփական ստամոքսի ու ախորժակի հագուրդ տալու անզուսպ ցանկությունը հաճախ տեսանելի է ոչ միայն իմ նման մասնագետների, այլ նաեւ հասարակ մարդկանց համար: Թեպետ որոշ գործիչների պարբերաբար սնուցման մարդասիրական առաքելությունն իշխանությունը պարբերաբար իրականացնում է: Ընդդիմության մեկ այլ հատված համաժողովրդական ճանաչման, վաստակի գնահատման, որպես «դեմք» ընկալվելու սով ու կարիքն ունի: Որպես այդ սրացումների պրոֆիլակտիկա` կարելի է ԶԼՄ-ներին եւ հասարակական այլ կառույցներին առաջարկել առավել մեծ ուշադրություն դարձնել «քաղաքականապես» խոցելի եւ բորբոքված ինքնագնահատում ունեցող նմանատիպ պացիենտներին: Օրինակ, պետք է հաճախ օգտագործել նման ձեւակերպումներ. «Օ, Արտաշես Մամիկոնովիչ, Դուք Ռոբերտ Քոչարյանից ավելի լավ դահուկ կքշեիք», կամ՝ «Այ Ստեփան Կարենիչ, Ձեր աստվածատուր տաղանդի շնորհիվ Դուք կարող եք նմանակել նաեւ բազմաթիվ այլ քաղաքական գործիչների», կամ «Մսյո Արթուր, տի սամայա օբոյատելնայա!» եւ այլն: Երկու խոսք նաեւ իշխանության մասին: Ակնհայտ է, որ իշխանավորների մի ստվար զանգված սովի բնազդից ընկել է մեկ այլ ծայրահեղության՝ որկրամոլության եւ ստամոքսապաշտության մեջ: Կա՛նգ առեք պարոնա՛յք, բյուջեի մասին չեք մտածում, գոնե Ձեր ֆիգուրայով մտահոգվեք:
Եվ վերջապես, սիրելի ընթերցող, հասնում ենք ամենաթեժ ու հետաքրքրական բնազդին՝ սեռականին:
Լիբիդոն կամ սեռական ցանկությունը, մարդու, այդ թվում` նաեւ քաղաքական գործչի վարվելակերպն ու աշխատաոճը բնորոշող հիմնական գործոններից է, այսպես ասած, «հիմնական բնազդը»: Ինչպես Ձեզ հայտնի է, սեռական ոլորտում չսպառված էներգիան հաճախ ուղղորդվում է գործունեության մեկ այլ բնագավառ՝ արվեստ, գիտություն եւ, իհարկե, քաղաքականություն: Դիտելով Ձեր ընդդիմադիր առաջատարների բռնկուն, կրքոտ ու զգացմունքային ելույթները՝ կարելի է միայն պատկերացնել, թե ինչպիսի սեռահսկաներ են դեգերում Հայաստանի սեռական, ներեցեք, քաղաքական դաշտում: Ինչքան այդպես էլ իրականություն չդարձած էրոտիկ ֆանտազիաներ ու արյան մեջ ապարդյուն ներզատված հորմոններ, ինչպիսի վառ երեւակայություն: Իհարկե, Դուք կարող եք ինձ հակադարձել, թե «մեր ընդդիմադիր դաշտը վաղուց ծերացել է եւ ներկայացված է լոկ ծերունիներով»: Բայց ես գիտեմ, որ ժամանակակից ցեղագործությունը հրաշքներ է գործում…
Ընդհանուր առմամբ, իշխանություն-ընդդիմություն հարաբերություններն այս դիտանկյունից ես գնահատում եմ որպես ծայրահեղական սադոմազոխիզմ: Իշխանությունները՝ սադիստական հրճվանքով կիրառելով զանազան քաղաքական հնարքներ` ընդդիմությանը տանջելու համար, պարբերաբար հաղթանակներ են տանում: Ընդդիմությունն, իր հերթին, հաճույք ստանալով իր նկատմամբ իրականացվող իշխանական կաշվե-մետաղական գործողություններից, գնալով ավելի պահանջկոտ ու բծախնդիր է դառնում իշխանության հետ քաղաքական հարաբերությունների մեջ մտնելու համար՝ առաջ քաշելով նորանոր կապրիզներ: Ինչքան ավելի ցավոտ է լինում ընդդիմության հերթական պարտությունը, այնքան ավելի մեծ է երկու կողմերի բավարարվածության զգացումը եւ կրկին հարաբերվելու ցանկությունը:
Ի տարբերություն վախի, այստեղ մենք գործ ունենք ոչ թե ֆոբիաների, այլ, հակառակը ֆիլիաների հետ, որոնցից են.
1. Աթոռաֆիլիա – սեփական նստամասը մի կոկիկ, բայց զորեղ աթոռի մեջ տեղավորելու անզուսպ ու անթաքույց ցանկություն: Գոյություն ունի քաղաքական գործունեության ամբողջ ընթացքում, սակայն սրվում է նախընտրական ժամանակահատվածում: Ունի ցիկլիկ բնույթ:
2. Մանդատաֆիլիա – աթոռաֆիլիայի մասնավոր դեպք է, երբ հանուն 131 երջանիկ ընտրյալների մեջ հայտնվելու կպչուն մտքի, համապատասխան նստամասդ պատրաստ ես զոհաբերել նաեւ պառլամենտի գոյության հետագա հինգ տարիների ընթացքում:
3. Պոպուլիզմ (մուտքագրողին կխնդրեի ուշադիր լինել, չէ՞ որ մի լրացուցիչ տպագրական մասնիկ, եւ կարող է ստացվել նույն երեւույթի բավականին գռեհիկ հոմանիշ) – անվերջ եւ անիմաստ խոսելու անհագուրդ մոլուցք, որի ընթացքում խախտվում է գլխուղեղ-լեզու նորմայում գոյություն ունեցող ֆունկցիոնալ կապը: Ցավոք, անգամ ժամանակակից բժշկությունն անզոր է այս ախտի դեմ պայքարելու համար:
4. Դաշինքաֆիլիա – այս երեւույթը միավորում է խմբակային քաղաքական գործողությունների սիրահարներին: Առավել բնորոշ է մարող քաղաքական ակտիվությամբ գործիչներին:
5. Ագրարոֆիլիա – Հայաստանի քաղաքական դաշտը քաղաքական բոստանի վերածելու փորձ է: Նոր երեւույթ է, այդ պատճառով իմ կողմից դեռեւս բավարար ուսումնասիրված չէ: Մասնավորապես, ինձ համար անհասկանալի է, թե ինչո՞ւ որպես այդ երեւույթի սիմվոլ ընտրվել է կարտոֆիլը եւ ոչ թե, ասենք, վարունգը կամ ադամաթուզը:
6. Մի խմբի մեջ եմ ցանկանում միավորել բավականին հաճախ հանդիպող Ամերիկաֆիլիա, Ռուսաֆիլիա, Եվրոֆիլիա բարդույթները, որոնց կլինիկան արտահայտվում է այլազգի պարտնյորների որոնումներով, նրանց հաճոյանալու համար անձնուրաց եւ ազգուրաց դրսեւորումներով: Սթափվե՛ք տղերք, ՍՊԻԴ-ը 21-րդ դարի ժանտախտն է:
Սիրելի հայ ընթերցող, ես հարգում եմ քո` քաղաքական կամքի ազատ դրսեւորելու եւ սեփական երկրի ճակատագիրը տնօրինելու անքակտելի իրավունքը: Խնդրում եմ, վերը ներկայացված իմ հոգեվերլուծությունը չդիտարկել որպես ինքնիշխան պետության ներքին գործերին միջամտելու փորձ:
Քո ապագան քո ձեռքերում է:
Հարգանքով՝
Զիգմունդ Ֆրեյդ
Վիեննա, 20.02.2007թ.