«Կյանք ա, էլի»,- ասում է ազատամարտիկի աղջիկը

27/02/2007 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

18 տարեկան է, բայց այնքան հոգնած ու անտարբեր է, որ չի արձագանքում նորածին երեխայի ճիչերին: Առհասարակ նրան ոչինչ չի զարմացնում, ուրախացնում կամ հիասթափեցնում, որովհետեւ զգայարանները կարծես բթացած լինեն: Շենգավիթ համայնքի փախստականների հանրակացարանի նկուղային մութ սենյակը նման է աղետից տուժած մի փլատակի, իսկ բնակիչներն, առավել եւս, աղետից տուժածի տպավորություն են թողնում: Լիլիթի որդին՝ Հրաչը, շուտով կդառնա երկու տարեկան ու դեռ չի հասցրել իմանալ, որ իր ծննդավայր Երեւանում դեղին շենքեր են կառուցվում, իսկ իր հայրենակիցները ռեստորաններում ընթրելու համար հարյուրավոր դոլարներ են ծախսում: Իսկ ինքը քաղցից հաճախ չի քնում… Հրաչը փոքր է իմանալու համար, որ մարդկային դաժան պատմությունների մասին, ինչպիսին իրենց կյանքն է, ֆիլմեր նկարահանելու՝ համոզիչ պատկերներ ստանալու համար ռեժիսորներն ընտրում են ամենահետամնաց երկրների ամենահետամնաց գյուղերը, որովհետեւ քաղաքակիրթ երկրներում մարդիկ կենդանական կենսակերպով չեն ապրում: Իսկ ինքը՝ Հրաչը, քաղաքակրթության ճանապարհը բռնած Հայաստանի քաղաքացի է, որտեղ ապրում է կենդանական կենսակերպով: Լիլիթենց կյանքն անտանելի ու գորշ է: Հանրակացարանից մի քանի մետր այն կողմ դեղին շենք է կառուցվում, որին Հրաչի նմանները կնայեն ու երանի կտան: Որի բնակիչների որդիները զինվորական ծառայությունից խուսափելու համար ձեւեր կգտնեն, իսկ ինքը՝ Հրաչը, զինվոր կդառնա: Այդպես է կանխորոշված. «Մամայիս ասում էին` ֆիդային Գայանե, ով պատերազմի տարիներին սահմաններից դուրս չի եկել: Զինվորական բուժքույր էր, նոր է մահացել: Բոլորն էլ իրան ճանաչում են, որովհետեւ միշտ զինվորների կյանք է փրկել: Հիմա անտեր ենք մնացել: Մամայի մահից հետո քույրս հիվանդացավ»,- ասում է Լիլիթը: Ազատամարտիկ Գայանեն, զինվորների կյանքը փրկելուց բացի, որդեգրել է Լիլիթին եւ նրա քրոջը, միայնակ է մեծացրել: «Քույրս թոքախտով հիվանդ ա»,- ասում է Լիլիթն ու, հենց այնպես, հորդորելու համար ավելացնում՝ իբր վարակիչ հիվանդ չէ, պետք չէ անհանգստանալ: Ասում եմ՝ «Թոքախտով հիվանդների համար կարեւոր է տան ջերմությունն ու սնունդը, էս ի՞նչ սարսափելի պայմաններ են»: Պատասխանում է՝ «Գիտեմ, բոլորն էլ նույնն են ասում, բայց ինչո՞վ տաքացնենք ասե՛ք, ամբողջ ձմեռ էսպես ենք անցկացրել: Հույս էլ չկար, որ կձգեինք մինչեւ էսօր»:

Նրանց տան մեջ ամենուր լվացքի պարաններ են, աթոռների, սեղանի վրա թաց հագուստ է փռած: Վրաններում ապրող գնչուները, հավանաբար, ավելի հիգիենիկ են, քան այս տան բնակիչները: Լիլիթը սառնասրտորեն ասում է՝ «Մենք միայն «Փարոսից» ենք նպաստ ստանում, 12.000 դրամով ենք ապրում: Քույրս 13 տարեկան ա, հիվանդ ա, ընդհանրապես մեր վիճակն ահավոր ա: Թոքախտով հիվանդին խոնավություն չի կարելի, բայց դե՛, մեր տան ամեն ինչը թաց ա: Ձմռանը ոչ մի բան չենք վառել, մենակ, եթե դրսերից ինչ-որ բաներ գտել ենք՝ գցել ենք վառարանը: Փոխնորդ շորեր չկան, ստիպված լվանում, թաց-թաց փռում եմ տան մեջ, որ իբր շուտ չորանա, բայց դե մենք ենք թացանում, ոչ թե շորերն են չորանում»: Ներս է մտնում հարեւանուհին ու սկսում է պատմել սահմաններում ծառայած ազատամարտիկ Գայանեի մասին: Ասում է. «Լիլիթի ու քրոջ հարազատ ծնողները մահացել են, իսկ Գայանեն նրանց որդեգրել ա: Մենակ ես գիտեմ, թե ինչ կամքի ուժով ու ինչ պատվով էր էս երեխեքին պահում: Իրա ածականը ֆիդային Գայանե էր, 3 տարի առաջ մահացավ, ու էս երեխեքն ահավոր վիճակում հայտնվեցին: Զարմանում եմ, որ կին ազատամարտիկի երեխեքն էսօր էս վիճակում են, չէ՞ որ էդ կինն ամբողջ կյանքը նվիրել ա ծառայությանը: Եթե դուք տեսնեք, թե էս երեխեքը ո՞նց են սովամահ լինում՝ գիշերը հանգիստ քուն չեք ունենա»: Լիլիթինհարցնում եմ՝ «Ամուսին չունե՞ք»: Պատասխանում է՝ «Ունեմ, խմող ա: Երբ ուզում` գալիս, երբ ուզում` գնում ա: Անտեր մարդիկ ենք, ի՞նչ պահանջես: Կյանք ա, էլի…»:

Լիլիթի խոսքերն ընդհատվում են մեկ ուրիշ երեխայի ճիչով, ում ձայնի հետքերը փորձում եմ ըմբռնել, սակայն չեմ գտնում, թե որտեղից է ձայնը լսվում: Հարցնում եմ՝ «Էլի՞ երեխա կա»: Ժպտալով պատասխանում է՝ «Ըհը, նոր ա ծնվել, հունվարի 20-ին»: Ապշում եմ, որովհետեւ Լիլիթի ու թոքախտով հիվանդ քրոջ անկողնու մեջ պառկած է մի քանի օրական երեխա: Այնքան փոքր է, որ, եթե լաց չլիներ՝ հաստատ չէի իմանա, որ Հրաչից բացի` ուրիշ երեխա էլ կա: Ասում եմ՝ «Օրորոց չունի՞, վտանգավոր է երեխային մեծերի անկողնու մեջ քնացնելը»: «Չէ՛,- ասում է,- Մեր հետ եմ քնացնում»:

Երեխաները ձեն ձենի տված լաց են լինում, քաղցած են: Ահավոր ճնշող է, որբերի են նման: Չեմ դիմանում, ուզում եմ դուրս գալ, օդը չի հերիքում: