Ամերիկյան Առեւտրի պալատը նախընտրեց օգնել անապահովներին

27/02/2007 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

«Օրրան» բարեգործական կազմակերպությունը, որը մշտապես աջակցություն է ցուցաբերում «168 Ժամ» թերթում հրապարակված սոցիալապես անապահով ընտանիքներին՝ այս անգամ նախաձեռնել է աննախադեպ նախագիծ:

Բանն այն է, որ ամերիկյան Առեւտրի պալատի («ԱՄՉԱՄ») հետ համատեղ «Օրրանն» այսուհետ հովանավորելու է թվով 13 ընտանիքների՝ տրամադրելով նրանց ամսական 100-150 դոլարին համարժեք դրամի օգնություն: 13 ընտանիքներից 9-ը «168 Ժամ» թերթում հրապարակված սոցիալապես անապահով ընտանիքներն են, իսկ 4-ը՝ «Օրրանի» շահառուները: «Օրրանի» գործադիր տնօրեն Հերիքնազ Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց. «Օրրանը» մշտապես հետեւում է մամուլին եւ, կարծում ենք, պետք է շատ լինեն կարիքավորության, մուրացկանության եւ որեւէ մեկի մասին պատմող նյութերը, որոնք հասարակության աչքից դուրս են սպրդել, բայց լրագրողի աչքը տեսել է: Սոցիալական թեմաների մեր հիմնական աղբյուրը «168 Ժամն» է: Մենք՝ ինքներս, պարտավոր ենք դուրս գալ փողոց, գտնել մեր շահառուներին, իսկ այս դեպքում «168 Ժամն» իսկապես մեզ համար նվեր է, որովհետեւ մեզ օգնում եք, որ մեր առաքելությունն ավելի լավ իրականացնենք: Մենք շատ ուշադիր ենք եւ անչափ շնորհակալ ենք, որ մեզ օգնում եք»: Տիկին Հարությունյանի հավաստմամբ՝ ամերիկյան Առեւտրի պալատն իր մեջ ընդգրկում է խոշոր ներդրումներ ունեցող մարդկանց եւ կազմակերպությունների, ովքեր ցանկություն են հայտնել օգնել այս ընտանիքներին: «Ամերիկյան Առեւտրի պալատն՝ իմանալով մեր կազմակերպության բարի անունն ու փորձը, դիմել է «Օրրանի» հիմնադիր Արմինե Հովհաննիսյանին: «ԱՄՉԱՄ»-ի գործադիր տնօրեն, ծրագրի ղեկավար Էլեն Ղազարյանը եւ ավագ խորհրդատու Մարշալ Չեյզը եկան Հայաստան՝ որոշելու, թե ի՞նչ կարգով կարող ենք իրականացնել ծրագիրը»,- նշում է Հ. Հարությունյանը: «ԱՄՉԱՄ»-ի նվիրատվությունը ոչ թե փոխանցվել է «Օրրան» կազմակերպություն, այլ բացվել է հաշվեհամար: Հետեւաբար, կազմվել է բիզնես-պլան, «Օրրանի» սոցիալական բաժնի աշխատողն ու մարքետինգի եւ ֆոնդերի ղեկավարն այցելել են 13 ընտանիքներին եւ պարզել, թե մարդիկ ինչի կարիք ունեն: «Ընտրվել են անհուսալի թշվառ ընտանիքներ: Այս պարագայում «ԱՄՉԱՄ»-ն այս ընտանիքների համար երկնքից իջած մանանա է»,- վստահեցնում է Հ. Հարությունյանը: Երեկ «Օրրան» կենտրոն էին հրավիրվել վերոնշյալ 13 ընտանիքները: Մեր ներկայությամբ «Օրրանի» աշխատակիցները բոլորի հետ առանձին-առանձին զրուցում եւ պարզում էին, թե ով ինչի կարիք ունի: Հրավիրվածներն այնքան շփոթված էին այս օգնությունից, որ անգամ իրենց անուն-ազգանունն էին սխալ գրում: Դժվար է նկարագրել, թե նրանք ինչ ուրախությամբ ու բարձր տրամադրությամբ հեռացան կազմակերպությունից:

Ի դեպ, «Օրրանի» ներկայացուցիչները պատմում են, որ ամերիկյան Առեւտրի պալատի անդամների մոտ այս ընտանիքների պատմությունները հուզիչ արձագանք են ունեցել: Նրանցից ոմանք նախապես որոշել են որոշակի գումար հատկացնել, սակայն ծանոթանալով այդ նյութերին` ցանկություն են հայտնել կրկնակի գումար հատկացնել: Մարքետինգի եւ ֆոնդերի ղեկավար Հասմիկ Բաղդասարյանի հավաստմամբ՝ Տնօրենների խորհրդի անդամ Ջագի Հայդը նախագծով ներկայացել է ամերիկյան Առեւտրի պալատ: «Ջ. Հայդը ներկայացրեց մեր կազմակերպությունը, որից հետո ես ներկայացրի ընտրված ընտանիքներին: Այս ընտանիքների պատմություններից նրանք շատ տպավորված ու ազդված էին: Գումարները գոյացան այն բանի հաշվին, որ նրանք չնշեցին ամանորյա իրենց երեկոն: Նրանք պատրաստվում էին մեծ շուքով «Christmas Party» նշել: Ամերիկայի Առեւտրի պալատի ընկերություններ անդամները նախընտրեցին երեկոն նշելու փոխարեն օգնել այս 13 ընտանիքներին»: Ի դեպ, նրանց համար ամենատպավորիչը եղել է Անահիտ եւ Վարդան ամուսինների մասին մեր հրապարակումը: Հիշեցնենք, որ նրանք իրենց երեք տարեկան որդու հետ Ավան համայնքում գտնվող անասնագոմում են ապրում: Ամերիկյան Առեւտրի պալատի տնօրինության անդամը, բացի նախագծի համար պահանջվող գումարից, անձամբ մոտ 1200 դոլար է հատկացրել այս ընտանիքի համար բնակարան վարձակալելու համար: Նրան խիստ զարմացրել է, որ Հայաստանում բնակվող նրանց երեխան ապրում է անասնագոմում եւ ծնված օրից էլեկտրական լույս չի տեսել: «Այս ընտանիքի պատմությունը նրան մեծ ցավ պատճառեց»,- նշում է Հ. Բաղդասարյանը: