Փետրվարի 20-ին Արցախի վերածննդի օրն է: Ուղիղ 19 տարի առաջ այս օրը Ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ 22-րդ գումարման խորհրդի արտահերթ նստաշրջանը` լսելով եւ քննարկելով ԼՂԻՄ Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու մասին Ադրբեջանական ԽՍՀ եւ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդների առջեւ միջնորդության մասին ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային խորհրդի պատգամավորների ելույթները, որոշեց, ընդառաջելով ԼՂԻՄ աշխատավորների ցանկություններին, խնդրել Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդին եւ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդին՝ ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իղձերի խոր ըմբռնման զգացում եւ լուծել ԼՂԻՄ Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու մասին հարցը, միաժամանակ ԽՍՀ Միության Գերագույն խորհրդի առաջ՝ միջնորդել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմի մեջ անցնելու հարցի դրական լուծման մասին:
Ինչի՞ ենք հասել այս 19 տարիների ընթացքում եւ ի՞նչ անելիքներ ունենք: Այս հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ ԼՂՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանից:
– Իմ ընկալմամբ, ճիշտ չէ այսօր խոսել որեւէ ձեռքբերումների կամ նվաճումների մասին, որովհետեւ շարժումը դեռեւս չի հասել մի այնպիսի հանգրվանի, որպեսզի մեզ թույլ տանք հանրագումարային արդյունքներ նշել: Ցավոք, Խորհրդային Միության գոյության տարիներին հարցը ԽՄ Սահմանադրության շրջանակներում չլուծվեց, թեեւ այդպիսի հնարավորություն այդ երկրի հիմնական օրենքն ընձեռում էր: Այսինքն՝ այն խնդիրը, որ բարձրացված էր, իրավաբանորեն իրականություն չդարձավ, այլ բան է, որ մենք հոգեբանորեն գտնում ենք, որ մենք մեր խնդիրը հասցրել ենք իր ավարտին: Իսկ Խորհրդային Միության փլուզման համատեքստում գործող օրենքներով եւ միջազգային իրավունքի նորմերով իր անկախությունը հռչակած ԼՂՀ-ն այսօր շարունակում է միջազգային հանրության կողմից դիտվել որպես չճանաչված կազմավորում: Ուստի եւ մեր առջեւ դրված երկու նպատակներից ոչ մեկը` վերամիավորում Հայաստանին կամ ԼՂՀ անկախության միջազգային ճանաչում, մենք իրավական առումով չենք լուծել:
Կարծում եմ, որ այսօր մենք պետք է ոչ միայն մեր հարգանքի տուրքը մատուցենք Արցախյան ազգային ազատագրական շարժման առաջամարտիկներին, այլեւ մեր ամբողջ հասարակայնությունը պետք է սթափ վերաբերմունք ցուցաբերի` ճիշտ գնահատելու այն թերացումները եւ բացթողումները, որ թույլ ենք տվել շարժման ինչպես նախնական փուլում, այնպես էլ` հետագայում: Մեր ձեռքբերումները եւ հաջողությունները ոչ ոք մեզնից չի խլելու, ուստի պետք է շեշտադրենք ոչ այնքան մեր հաջողությունները, այլ` առավել ուշադրություն դարձնենք մեր անցած պատմական ճանապարհի վերլուծությանը, ինչը չկա ոչ տեղեկատվական դաշտում, ոչ քաղաքական եւ այլն:
Պրագմատիզմը մեր ժողովրդի գիտակցության մեջ իր տեղը փոքր-ինչ զիջում է զգացմունքայնությանը: Իհարկե, մենք ունեցել ենք նաեւ պրագմատիկ հաջողություններ, որոնց հիմնաքարն այսօրվա ԼՂ փաստացի իրավիճակն է եւ նրա շուրջը ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, բայց դա պահելու, զարգացնելու, առավել եւս` իրավաբանորեն ֆիքսելու համար մենք այսօր պետք է ավելի պրագմատիկ լինենք, քան եղել ենք մինչ այդ, եւ իրատեսորեն գնահատենք աշխարհի զարգացումները, մեր շուրջ կատարվող վերադասավորումները: Պատմության մեջ գոնե մեկ անգամ` այս ճակատագրական պահին մեզ թույլ տանք առաջնորդվել «Չկան մշտական բարեկամներ եւ թշնամիներ, գոյություն ունեն մշտական շահեր» ավանդական բանաձեւով:
Հ.Գ. Արցախի վերածննդի օրը միջոցառումներ են կազմակերպվելու նաեւ ԼՂՀ երիտասարդների կողմից. «Հայկի Սերունդ» եւ Արցախի ազատամարտիկների միության «Հայրենյաց պաշտպան» երիտասարդական կազմակերպությունների նախաձեռնությամբ կկազմակերպվի Արցախյան շարժման սկզբնավորման 19-րդ տարեդարձի կապակցությամբ ավանդական դարձած «Ավագների քայլերով դեպի վերջնահաղթանակ» անունը կրող քայլերթը: Ինչպես հայտնում են «Հայկի Սերունդ» ԵՀԿ վարչությունից, երթը կսկսվի Ստեփանակերտի Հաղթանակի հրապարակից, կուղղվի դեպի քաղաքային Վերածննդի հրապարակ, որտեղ տեղի կունենա ԼՂՀ ՊԲ մի շարք զորամասերի պարգեւատրում, եւ կավարտվի Հուշահամալիրում։ Իսկ երեկոյան Սպայի տան դահլիճում տեղի կունենա Ղարաբաղյան շարժման մասին վավերագրական ֆիլմի դիտումը: