Կոչը՝ ԼՂՀ վրա ազդե՞լն էր

27/02/2007

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը «Թրենդին» տված հարցազրույցում հայտարարել է, որ «ՄԱԿ-ի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նախաձեռնությունները խոչընդոտում են բանակցությունների ընթացքին»: Նա նշել է, որ «ջանքերը պետք է նպատակամղված լինեն հիմնական սկզբունքների համաձայնեցմանը, այլ ոչ թե շեղվեն դեպի այլ բաներ»: Ըստ Մերզլյակովի, եթե հարցը քննարկվի ՄԱԿ-ի շրջանակներում, «հայկական կողմի հայտնի հակազդեցությունը, որը պահանջում է այդ բանակցություններում ներգրավել Լեռնային Ղարաբաղին, անցանկալի կլինի»: Նա ընդգծել է, որ «ՄԱԿ-ի բանաձեւերում Հայաստանին ուղղված միակ կոչը Ղարաբաղի վրա ազդելն է: Ուստի Հայաստանը հայտարարում է, որ հարցը ՄԱԿ-ում առաջադրվելու դեպքում Ադրբեջանը ստիպված կլինի խոսել Լեռնային Ղարաբաղի հետ», ինչը, ռուսաստանցի համանախագահի համոզմամբ, «անցանկալի է բանակցային գործընթացի համար»: Անդրադառնալով Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպման ժամկետներին, Մերզլյակովը նշել է, որ այն, հավանաբար, տեղի կունենա մարտի սկզբին, բայց համանախագահները դեռեւս չեն կարողանում վերջնական համաձայնեցման հասնել: Նա նաեւ հայտնել է, որ մինչեւ Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը կայցելի տարածաշրջան՝ լուծելու կազմակերպչական եւ այլ հարցեր: