Երեկ մեկնարկել է Եվրամիության նախագահող երկրի՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի այցը Հարավային Կովկաս: Բաքվում Շտայնմայերը հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի եւ պետական նավթային ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաեւի հետ: Ըստ day.az-ի, Աբդուլաեւի հետ հանդիպման ժամանակ Գերմանիայի արտգործնախարարը հավաստիացրել է, որ գերմանացի էներգետիկները պատրաստ են համագործակցել Ադրբեջանի պետական նավթային ընկերության հետ: Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի խոսքերով՝ Եվրամիությունը հիմա փորձում է ապահովել էներգակիրների մատակարարման այլընտրանքային ուղիներ եւ այդ հարցում մեծ հույսեր է կապում հատկապես Ադրբեջանի հետ: Նախատեսված է նաեւ Գերմանիայի արտգործնախարարի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Շտայնմայերը Երեւան կժամանի վաղը՝ Թբիլիսիից, եւ հանդիպումներ կունենա վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ու արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ: Արտգործնախարարների հանդիպումից հետո տեղի կունենա նրանց համատեղ ասուլիսը: Երեքշաբթի օրը ծրագրված է նաեւ գերմանական պատվիրակության այցը Ծիծեռնակաբերդ, որտեղ ծաղկեպսակ կդրվի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին: