Մտացածին կոմբինացիաներ

07/05/2005

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արազ Ազիմովն ադրբեջանական ATV հետուստատեսությանը հայտարարել է, թե «Ադրբեջանի կառավարությունը լիովին բացառում է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ միջանցք բացելու վերաբերյալ հարցի քննարկման հնարավորությունը»: Բաքվի նման դիրքորոշման դեպքում ի՞նչ ձեւով կարող է ապահովվել հայկական կողմի գլխավոր սկզբունքի իրագործումը՝ ԼՂ անկլավային վիճակի բացառումը: Մյուս կողմից, իսկապե՞ս բանակցող կողմերը միեւնույն հարթության վրա են քննարկում Ադրբեջանի կապը Նախիջեւանի եւ Հայաստանի կապը ԼՂ-ի հետ: Պատասխանելով այս հարցերին, ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Համլետ Գասպարյանը հայտարարել է. «Վերջին շրջանում նկատվում է, որ ադրբեջանական կողմը, հատկապես Արազ Ազիմովի շուրթերով, ինչ-ինչ մտացածին կոմբինացիաներ մոգոնելով, բռնել է հարցերը բարդացնելու եւ խճճելու ուղին: Այս դեպքում, ըստ երեւույթին, նրանց անհանգստացնում են փաստահավաք առաքելության մամուլում հայտնված նախնական տպավորությունները, որոնք չեն կարող բավարարել Ադրբեջանի նկրտումները, ուստի նրանք փորձում են իրականությունից կտրված խնդիրներ մեջտեղ բերել: Ինչքան էլ լուրջ չընդունենք ադրբեջանական նմանատիպ ապակողմնորոշող հայտարարությունները, այնուամենայնիվ, նկատի առնելով, որ դրանք կարող են շփոթ առաջացնել հանրության մոտ, ասենք, որ Նախիջեւանը կոմունիկացիաների հարց չունի եւ այն չի կարող լինել Լեռնային Ղարաբաղի հետ նույն հարթության վրա: Նախիջեւանն առանց խոչընդոտների հաղորդակցվում է հարեւան երկրների հետ: Խնդիրը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին եւ հակամարտության հետեւանքներին, եւ այս առումով Լաչինի միջանցքի կարգավիճակը չի կարող նույնացվել այլ խնդիրների հետ»: