«Սպեղանի» երգչախումբն ինձ հիացնում է իր կատարողական արվեստով: Սիրում եմ լսել այս երգչախմբին, քանի որ նրա երգեցողության մեջ ներկա է խոստովանանքի, ներհայաց երգեցողության երանգը, որն այնքան բնորոշ է հայ երգին։
Տիգրան Մանսուրյան
Սկիզբը
«Սպեղանի» աղջիկների երգչախումբն անվանում են «հրեշտակային ձայների երգչախումբ», «մաքրագույն հայկական երաժշտության կրողներ», «ֆենոմենալ երեւույթ»: Երգչախմբի հսկայական երգացանկը միավորում է տարբեր ազգերի, ուղղությունների եւ ժամանակաշրջանների երաժշտություն՝ միջնադարի հոգեւոր ստեղծագործություններից մինչեւ հայ եւ արտասահմանյան ժամանակակից կոմպոզիտորների գործերը: Երգչախմբի բարձր պրոֆեսիոնալիզմն առաջին հերթին ամենօրյա մի քանի ժամյա համառ աշխատանքի արդյունք է: Չէ՞ որ այն կազմվել է երեխաներից, ովքեր չունեին երաժշտական կրթություն եւ ոչ մի կապ երաժշտության հետ: Տասը տարի առաջ երգը միավորեց Ղարաբաղյան պատերազմում հայրերին կորցրած երեխաներին:
Սարինա Ավթանդիլյանը պատերազմում կորցրել էր ամուսնուն: Գագիկ Օսիպյանը զոհվել է 1992 թվականին Շուշիի ազատագրման ժամանակ: Նույն թվականի հուլիսի 4-ին Մարտակերտի տեղահանության ժամանակ նրա մայրը, տատը եւ պապն անհայտ կորել են, իսկ տունն ամբողջովին այրվել է ռումբի պայթյունից: Չորս տարի անց Սարինա Ավթանդիլյանը ստեղծեց երգչախումբ որբացած երեխաներից: Այդպես ծնվեց «Սպեղանին», ինչը գրաբարում նշանակում է` դեղամիջոց հոգու վերքերից: «Ես հավատում էի, որ երգչախմբային արվեստն իրոք բալասան կլինի նրանց վիրավոր հոգիներին, կմեղմացնի կորստի ցավը: Երգչախումբը ստեղծվեց, որովհետեւ պետք էր գոյատեւել»,- ասում է Ս. Ավթանդիլյանը:
Զինկոմիսարիատների պատերին փակցրած նրա հայտարարություններին արձագանքեց ավելի քան հարյուր երեխա: Սարինան ընտրեց ութսունին, բոլորը՝ մինչեւ տասը տարեկան: Ամենակրտսերը՝ Մարինան (Սարինայի դուստրը), հինգ տարեկան էր: Երեխաներին ոչ միայն ուսուցանում էին երգարվեստ, այլեւ կերակրում ու հագցնում էին: Շատ ծնողներ «Սպեղանին» ընկալում էին որպես նյութական օգնության աղբյուր: Քչերն էին հավատում, որ երգչախումբը կապրի այսքան երկար եւ, առավելեւս, կհասնի նման բարձունքի: Սկզբում «Սպեղանին» ելույթ էր ունենում միայն զորամասերում՝ միաձայն, հայրենասիրական երգերով: Երգչախմբային երաժշտությունն իրոք բուժիչ բալասան էր վերքերին եւ տալիս էր ապրելու ուժ:
Հայ եւ արտերկրյա կոմպոզիտորների շատ երգչախմբային ստեղծագործություններ Հայաստանում առաջին անգամ հնչել են հենց «Սպեղանու» շնորհիվ: 2005 թվականի ապրիլի 24-ին Հայոց եղեռնի նահատակների հիշատակին Շուշիի Սուրբ Ղազանչեցոց վանքում երգչախումբը կատարեց Կոմիտասի «Պատարագը»: Այն Արցախում կատարվում էր առաջին անգամ: «Սպեղանու» կատարմամբ Հայաստանում առաջին անգամ հնչեցին այնպիսի կոմպոզիտորների ստեղծագործություններ, ինչպիսիք են Բերտրանը, Անիմուչյան, Մարենցիոն, Կոստելեյը, Սուին, Ռաուտավարան… Վերջերս երգչախումբը ցնցեց հանդիսատեսին հայ ժամանակակից կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի «Սիրիուս» ստեղծագործության կատարմամբ:
2004 թվականին իտալական Արեցո քաղաքում «Concorso Polifonico Internationale» հեղինակավոր ավանդական փառատոնում «Սպեղանին» ստացավ երկրորդ մրցանակը: Մինչ այդ մեծ հաջողությամբ կայացան երգչախմբի համերգները Բեյրութում, ուր «Սպեղանու» կազմից կարողացավ գնալ միայն վոկալ քառյակը: Քառյակն ունենում էր օրական երեք համերգ: Ս. Ավթանդիլյանը հիշում է, որ հանդիսատեսն այնքան գերված էր երգով, որ համերգի ավարտը դիմավորեց լռությամբ՝ մոռանալով անգամ ծափահարել:
«Համերգաշրջանի վերջում,- պատմում է նա,- երեխաների ձայները խզվել էին, հիվանդացան բոլորը: Նրանց կամքի ուժն ապշեցնում էր, չէ՞ որ նրանք տասներկու տարեկան երեխաներ են»:
2007թ. մայիսին շվեյցարական Բազել քաղաքում կկայանա եվրոպական պատանեկան երգչախմբերի փառատոնը: Բազում երգչախմբերից եվրոպական ժյուրին ընտրել է տասներկու լավագույններին, որոնց թվում է «Սպեղանին»: Շվեյցարիայից երգչախումբը կմեկնի Գերմանիա՝ միջազգային երգչախմբային մրցույթին մասնակցելու: Հայկական երգչախումբն ընտրվել է տասներեք լավագույնների շարքում 63 համաշխարհային խմբերից:
Տասը տարի` ոչնչից եւ առանց ոչինչ
«Սպեղանին» մեծացել է եւ այժմ բաղկացած է երկու կազմից՝ կրտսեր եւ պատանեկան երգչախմբերից: Այսօր Սարինա Ավթանդիլյանն իր երգչախումբ վերցնում է բացառապես տաղանդավոր երեխաներին, ում ապագան երաժշտության մեջ է: Այլ կերպ չի էլ կարող լինել. այսօր էլ երգչախումբը գործում է դժվարագույն պայմաններում: Ինչպես հայտնի է, «սեփական հայրենիքում մարգարե չկա»: «Սպեղանին» բացառություն չէ: Արդեն տասը տարի, այսինքն՝ սկզբնավորման պահից, երգչախումբը գոյատեւում է խմբավար Սարինա Ավթանդիլյանի եւ նրա աղջիկների նվիրվածության շնորհիվ: Անցյալ տարի «Սպեղանին» ֆինանսական հնարավորության բացակայության պատճառով չկարողացավ նշել իր տասներորդ տարեդարձը:
Սիստեմատիկ պարապմունքներ անցկացնելը գնալով ավելի ու ավելի դժվար է: Տասը տարվա ընթացքում երգչախումբը, չունենալով տարածք փորձերի համար, փոխել է բազմաթիվ դահլիճներ: Հիմա «Սպեղանին» պարապմունքներն անցկացնում է Ճարտարապետների տանը: Ձմռանը տարածքը չի ջեռուցվում միջոցների բացակայության պատճառով, սակայն պարապմունքները չեն ընդհատվում, չէ՞ որ առջեւում պատասխանատու փառատոներ են:
«Սպեղանի» երգչախումբը ստեղծվել է Հայաստանի եւ Արցախի անկախության համար նահատակվածների հիշատակին,- ասում է Ավթանդիլյանը,- եւ ես անում եմ ամեն ինչ, որպեսզի արժանի պահպանեմ այդ հիշատակը»: Տասը տարվա ընթացքում Սարինան երգչախմբին սատարելու խնդրանքով դիմել է շատ կազմակերպությունների եւ պետական կառույցների: Որոշ մասնավոր կազմակերպություններ արձագանքել են, սակայն նրանց օգնությունը «միանգամյա» էր. օրինակ՝ դահլիճի վարձը համերգի օրը, համերգային բուկլետների անվճար տպագրումը, ձայնասկավառակի թողարկումը: Աջակցությունն, իհարկե, անգին է, սակայն հիմնական խնդիրն այն չի լուծում: Գերմանիայում եւ Շվեյցարիայում ելույթ ունենալու համար երգչախմբին պետք է պատշաճ բեմական հագուստ, հարկավոր է գումար վիզաները ձեւակերպելու համար, կան մի շարք այլ չլուծված խնդիրներ:
Երգչախմբի դպրոց
Սարինա Ավթանդիլյանը երգչախմբի գրեթե անհույս վիճակի մասին խոսում է դառնությամբ: «Չէ՞ որ մեր հիմնական նպատակը հայկական երգչախմբային արվեստի պահպանումը, զարգացումը եւ տարածումն է: Եվրոպայում երգչախմբային արվեստը գոյություն ունի ավելի քան տասը դար: Իսկ մենք, երգչախմբային արվեստը հայկական ազգային երաժշտության մեջ նոր-նոր ներդնելով տասնիներորդ դարի վերջին, արդեն ոչնչացնում ենք: Սովետական Միությունում յուրաքանչյուր դպրոց, յուրաքանչյուր բուհ եւ գործարան իր երգչախումբն ուներ, իսկ հիմա դրանք, ցավոք, չկան»,- ասում է երգչախմբի ղեկավարը: Սարինա Ավթանդիլյանը երազում է սեփական երգչախմբային դպրոցի մասին:
«Հույս ունեմ, որ կառավարությունը կտրամադրի մի հողակտոր երգչախմբային դպրոցի համար: Չէ՞ որ դա այն գործն է, որը սկսել են Կարա-Մուրզան, Եկմալյանը, Կոմիտասը, եւ մենք պարտավոր ենք այն շարունակել: Ես երազում եմ ունենալ երգչախմբային դպրոց, ուր կուսանեն իրոք տաղանդավոր երեխաներ, ովքեր ի վիճակի չեն իրենց ուսման համար վճարել: Մեզ շատ են պետք մանթաշովներ, որպեսզի Կոմիտասի ստեղծած երգչախմբային արվեստը չլինի այսպիսի բարձիթողի վիճակում»,- եզրակացնում է Սարինան:
www.hetq.am
Հ.Գ. Մայիսի 8-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Շուշիի ազատագրման 15-ամյակի կապակցությամբ «Սպեղանին» կկատարի Կոմիտասի «Պատարագը»: