Հայաստանի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել ռուսաստանցի գրոսմայստեր Պյոտր Սվիդլերի հետ Մեքսիկայի Մորելիա քաղաքում մեկնարկած Մորելիա-Լինարես շախմատի գերմրցաշարի առաջին փուլում: Հիշեցնենք, որ Լ.Արոնյանը նախկինում հաղթող է ճանաչվել այս մրցաշարում: Մորելիայում շախմատիստները կխաղան մրցաշարի առաջին շրջանում, այնուհետեւ կտեղափոխվեն Իսպանիայի Լինարես քաղաք` մասնակցելու երկրորդ շրջանին: Այս մրցաշարն ունի ՖԻԴԵ-ի 20-րդ կարգը:
Ի դեպ, միջազգային շախմատի հունվարյան լավագույն պարտիաների մեջ տեղ են գտել նաեւ ՀՀ շախմատիստների 4 պարտիաները: Դրանք են` Արոնյանի երկու պարտիաները հոլանդական Վեյք ան Զեե քաղաքում ուկրաինացի գրոսմայստերներ Ռուսլան Պոնոմարյովի եւ Սերգեյ Կարյակինի հետ, գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանի պարտիան ջիբրալթարցի գրոսմայստեր Իպոլիտոյի հետ Ջիբրալթարում կայացած «Մասթերս» կարգի 5 միջազգային մրցաշարում եւ գրոսմայստեր Արսեն Եղիազարյանի պարտիան գրոսմայստեր Արման Փաշիկյանի հետ ՀՀ շախմատի վերջին ազգային առաջնության մրցաշարում: