«Մոռացկոտ» Բաղդասարյանը

20/02/2007

«Մենք պետք է պայքարենք հանուն ազատ ու արդար ընտրությունների»,- նախօրեին ելույթ ունենալով Վաշինգտոնի Ռազմավարական ու միջազգային հետազոտությունների կենտրոնում՝ հայտարարել է «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը: Նրա խոսքերով՝ երկրի առջեւ ծառացած խնդիրները` LՂ-ի հարցը, հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը, կարող են լուծվել միայն լեգիտիմ իշխանությունների կողմից: «Մենք պետք է պայքարենք, որ արդար ընտրություններ տեղի ունենան: Բայց միջազգային հանրությունն էլ պետք է օբյեկտիվ հայացք նետի տեղի ունեցածին: Եթե լինեն խոշոր կեղծիքներ, մարդիկ դուրս են գալու փողոցներ՝ դա միանշանակ է»,- վստահեցրել է Ա. Բաղդասարյանը: Հիշեցնենք, որ, երբ ժամանակին այդ նույն ժողովուրդը դուրս եկավ փողոց, ԱԺ-ից, որի ղեկավարն այն ժամանակ Ա. Բաղդասարյանն էր, զինված մարդիկ հարձակվեցին եւ ուժով ցրեցին ցույցը: Ըստ ՕԵԿ ղեկավարի, «երկու ընտրություն հնարավոր չէ կեղծել. մայիսին ԱԺ ընտրություններ են, իսկ սեպտեմբերին մեկնարկում են նախագահական ընտրությունները»: Հայ-ռուսական ներկայիս հարաբերություններն ՕԵԿ ղեկավարը բնութագրել է «վասալային»: «Դեմ ենք վասալային հարաբերություններին, որ այսօր կան»,- ասել է նա: Հիշեցնենք, որ ընդամենը մի քանի տարի առաջ այդ նույն ՕԵԿ-ը խորհրդարան օրենքի նախագիծ էր ներկայացրել, որով առաջարկվում էր ռուսերենը հայտարարել որպես ՀՀ երկրորդ պետական լեզու: Երեւի ՕԵԿ-ում մի բան ասելիս չեն հիշում, թե նախկինում այդ թեմայով ինչ են ասել: