2006թ. Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի շինարարության կապիտալ ծախսերը կազմել են 269 միլիոն դոլար, ինչը 109 միլիոնով ավելի է պլանավորվածից: Այս մասին «Նովոստիին» հաղորդել են «BP-Azerbaijan»-ի մամուլի ծառայությունում: 2007թ. կանխատեսումներով, կապիտալ ծախսերը կկազմեն 41 միլիոն դոլար: Այս նախագծի շրջանակներում շինարարական աշխատանքները գործնականում ավարտված են: Գազատարը գցված է մինչեւ Թուրքիայի սահմանը եւ միացված է այդ երկրի խողովակաշարերի համակարգին: Այս պահին խողովակաշարը լցված է գազով եւ պատրաստ է Ադրբեջան, Վրաստան եւ Թուրքիա մատակարարումներին: Գազատարի նախագծին մասնակցում են «BP-Azerbaijan»-ը (տեխնիկական գործարկու)՝ 25%, «Statoil»-ը (առեւտրային գործարկու)՝ 25,5%, Ադրբեջանի պետնավթընկերությունը՝ 10%, «LUKoil»-ը՝ 10%, «NICO»-ն՝ 10%, «Total»-ը՝ 10% եւ «TPAO»-ն՝ 9%: Արտգործնախարարը հավանաբար այս առիթով առաջիկայում կնշի, թե այս գազատարը մեր տնտեսությանը լրացուցիչ վնաս չի կարող հասցնել, ՀՀ-ին մեկուսացման չի տանում, ուստի կարելի է հանգիստ խղճով հետեւել իրադարձությունների զարգացմանը: