Կարեւորը՝ հացի որակը տեղը լինի

20/02/2007 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Նախօրեին կառավարության Նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 3-րդ արտահերթ համագումարը, որի ընթացքում կուսակցության նախագահ վերընտրվեց ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը: Կուսակցությունն ընտրեց նաեւ 35 անձից բաղկացած խորհրդի կազմ:

Պարզվեց նաեւ, որ, ի հեճուկս տարածված խոսակցությունների, Աժ երբեմնի թունդ ընդդիմադիր պատգամավորներ Վիկտոր Դալլաքյանն ու Թաթուլ Մանասերյանը ԲՀԿ-ի անդամ չեն: Համենայնդեպս, երկու օր առաջ այդպես էր: Սակայն ԲՀԿ անդամ է ԱԺ մեկ այլ պատգամավոր՝ Ստեփան Դեմիրճյանի գլխավորած ՀԺԿ-ի նախկին անդամ, երբեմնի սաստիկ ընդդիմադիր Էմմա Խուդաբաշյանը: Վերջինս սակայն չընդգրկվեց ԲՀԿ-ի նորընտիր խորհրդի կազմում: Սակայն այսօր համագումարի մանրամասներին չենք անդրադառնա. օրաթերթերն այդ մասին արդեն մանրամասն տեղեկացրել են: Փոխարենը կանդրադառնանք համագումարի օրը ներկաներին բաժանված «Հարցեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը» գրքույկին: Սույն գրքույկն իր մեջ պարունակում է բազմաթիվ հետաքրքիր հարցեր ու պատասխաններ: Սկսենք հետեւյալ հարցերից. ինչո՞ւ է ԲՀԿ-ն ձգտում մտնել խորհրդարան, ո՞րն է քաղաքականության մեջ այդ կուսակցության ասելիքը: Այս հարցի պատասխանում վերոնշյալ գրքույկում նշված է, որ ԲՀԿ-ն դեմ է հեղափոխական ցնցումներին եւ ամբոխավարությանը, սակայն դեմ է նաեւ թերությունները թաքցնելուն կամ դրանց մասին չխոսելուն: «Մեր ծրագրային փաստաթղթերը կարող են վկայել, որ մենք պարզ ու հստակ տեսնում ենք մեր ասելիքն ու անելիքը պետական իշխանության մարմիններում: Մենք գիտենք երկրի խնդիրները, գիտենք դրանց լուծման ձեւը: Մեր կուսակցության ինտելեկտուալ ներուժը բավարար է ծրագրային հիմնադրույթները կյանքի կոչելու համար»,- նշված է գրքույկում: Հաջորդ հարցը. ԲՀԿ-ին բուռն անդամագրման պատճառը (պաշտոնապես ԲՀԿ-ն ունի 370 հազար անդամ) կապված է կուսակցության նախագահի հեղինակությա՞ն, թե՞ կուսակցության գաղափարախոսության հետ: Ըստ վերոնշյալ գրքույկի, ԲՀԿ-ին անդամագրվելու շարժառիթը թե՛ գաղափարախոսությունն է, թե՛ կուսակցության նախագահ Գ. Ծառուկյանի «անձնավորումը` որպես վառ ու կայացած անհատի»: Պատրաստվո՞ւմ է ԲՀԿ-ն մասնակցել «հակակրիմինալ ճակատի» նախաձեռնած գործընթացին: Պարզվում է՝ ԲՀԿ-ն որոշում է կայացրել մինչեւ կուսակցության հաջորդ համագումարը չմասնակցել տարատեսակ քաղաքական կամ քաղաքականացված շարժումներին, չընդգրկվել միավորումներում եւ այլ ձեւաչափերում: Կոնկրետ «հակակրիմինալ ճակատի» մասին նշված է, թե «ստիպված ենք արձանագրել, որ շարժման հայտարարության մեջ տեղ են գտել բազմաթիվ անտեղի դրույթներ»: «Ավելին՝ հայտարարագիրն ինքնին քաղաքական կոնյունկտուրայի ակնհայտ դրսեւորում է, եւ անտեղի քաղաքականացվում է խնդրո առարկան: Պարզ է, որ ուժերի ներածի չափով հասարակության քրեականացման դեմ պայքարելը յուրաքանչյուր գիտակից քաղաքացու պարտքն է, սակայն կարելի՞ է արդյոք վստահաբար պնդել, թե այսօր կա այդպիսի վտանգ, եւ դա հասարակության առաջ դրված թիվ մեկ խնդիրն է»,- շարունակում է ԲՀԿ-ն: Այսպիսով, ինչպես հասկացաք, ԲՀԿ-ն որեւէ կերպ չի մասնակցելու այդ «ճակատի» գործողություններին: Իսկ ԲՀԿ-ն իշխանական ճամբարի՞ կուսակցություն է, թե՞ ընդդիմություն: Գրքույկում այս կապակցությամբ մեջբերված են Գ. Ծառուկյանի հետեւյալ խոսքերը. «մենք ընդդիմություն չենք, մենք ժողովրդի հետ ենք»: ԲՀԿ-ն հայտարարում է, որ ինքն «օբյեկտիվ քաղաքական ուժ է»: Հաջորդ հարցը. ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն միմյանց ինչպե՞ս են վերաբերվում: Ըստ սույն գրքույկի, ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի ընտրազանգվածները միմյանցից տարբեր են, եւ այսպիսով «այս երկու կուսակցությունների միջեւ առկա կամ հնարավոր խնդիրներ չենք տեսնում»: Շատ է խոսվում այն մասին, որ ԲՀԿ-ի իրական հիմնադիրն ու ղեկավարը Ռոբերտ Քոչարյանն է: Իրականում ի՞նչ կապ ունի Ռ. Քոչարյանը ԲՀԿ-ի հետ: Ի պատասխան այս հարցի, «Հարցեր ԲՀԿ-ին» գրքույկում նշված է, որ Գ. Ծառուկյանը մամուլում, պատասխանելով այդ հարցին, ասել է, թե բարձր է գնահատում հանրապետության նախագահի անձն ու նրա դերը երկրի կայունության ու զարգացման գործում: «Ավելացնենք, որ հաց գնելիս մենք չենք մտածում հացթուխի անձի մասին. մեզ համար կարեւորը հացի որակն է: Հետեւաբար, հանրապետության նախագահի մասին դատողություններ անելիս մենք պետք է ելնենք կոնկրետ իրողություններից, որում գտնվել է մեր երկիրը տարիներ առաջ, եւ որում գտնվում է այժմ: Մնացածը զգացմունքների ու անաչառության հարց է»,- նշված է գրքույկում: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի խնդրին՝ ԲՀԿ-ում վստահ են, որ ԼՂՀ անկախությանն այլընտրանք չկա, եւ փորձելու են իրենց ավանդը ներդնել «խնդրի արդարացի կարգավորման գործում»: Իսկ Հայ դատի մասով էլ ԲՀԿ-ն հայտարարում է, թե Հայոց ցեղասպանության «միջազգային ճանաչման առնչությամբ ՀՀ մասնակցության չափն ու ուղենիշները պետք է պայմանավորված լինեն պետական իրատեսական շահերով»: Երկքաղաքացիության մասին. «Մենք ճանաչում ենք հայ մարդու իրավունքը՝ լինել ՀՀ քաղաքացի, միաժամանակ պահպանելով այն երկրի քաղաքացիությունը, որտեղ նա բնակվում է»,- նշել է ԲՀԿ-ն: Իսկ ինչպե՞ս է լուծելու ԲՀԿ-ն բիզնեսը ստվերից դուրս բերելու հարցը, եւ արդյո՞ք երաշխավորում է, որ իր առաջնորդի բիզնեսը թափանցիկ է: Այս հարցերին էլ «Հարցեր ԲՀԿ-ին» գրքույկում ԲՀԿ-ն այսպես է պատասխանել. «Միանգամից ասենք, որ երաշխավորում ենք: Ավելին՝ մեր կուսակցության ղեկավարը որպես սկզբունքային հարց է դիտում նաեւ կուսակցության բոլոր գործարար անդամների գործունեության թափանցիկությունը»: Ինչ վերաբերում է ստվերի դեմ պայքարին, ապա ԲՀԿ-ում համոզված են, որ պետությունը կարող է «էֆեկտիվ լինել» միայն այն դեպքում, երբ հետեւողականորեն կրճատում է ստվերը, լեգալացնում է թե՛ մեծ, թե՛ միջին եւ թե՛ փոքր եկամուտները: