«Հայելի» ակումբում երեկ հյուրընկալվել էին Հայաստանի երկու նախկին վարչապետները՝ Հրանտ Բագրատյանն ու Խոսրով Հարությունյանը։
Ենթադրվում էր, որ քննարկման թեման պետք է լինի ՀՀ տնտեսությունը։ Սակայն այնպես ստացվեց, որ խոսք գնաց հիմնականում միայն մեկ հարցի՝ Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու
երկաթգծի շուրջ։
«Հայաստանի Քրիստոնեադեմոկրատական միություն» կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը հիշեցրեց, որ իրենք դեռ 2002թ. փաստում էին, որ Հայաստանը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած։ Դրանցից մեկը Հայաստանի տարածաշրջանային մեկուսացումն է, որի փայլուն դրսեւորումը հենց Կարս-Ախալքալաքն է։ «Կարս-Ախալքալաքը տնտեսական պրոյեկտ չէ։ Կարս-Ախալքալաքը քաղաքական պրոյեկտ է այսօր»,- հայտարարեց Խ. Հարությունյանը։ Նա նաեւ եզրակացրեց, որ այդ ոչ հայանպաստ նախագծի դեմն առնելու համար արդեն ուշացել ենք։
Իսկ Հայաստանին մեկուսացնող նման նախագծի իրականացման պատճառը, ըստ ՀՔԴՄ ղեկավարի, մեր հարեւանների հետ ունեցած հարաբերություններն են, որոնք պետք է բարելավվեն։ «Մենք դատապարտված ենք մեր հարեւանների հետ նորմալ հարաբերություններ ունենալ»,- ասաց Խ. Հարությունյանը։
Հրանտ Բագրատյանն ընդհանուր առմամբ համաձայն էր Խ. Հարությունյանի հետ, սակայն պրն Բագրատյանի գնահատականները շատ ավելի սուր էին։ «Կարս-Ախալքալաք երկաթգիծը Հայաստանի համար քաղաքական խոշոր, խայտառակ պարտություն էր, որն առաջացնելու է քաղաքական եւ տնտեսական լուրջ խնդիրներ»,- ասաց «Ազատություն» կուսակցության նախագահը։ Հ. Բագրատյանը քննադատության ենթարկեց իշխանություններին ինչպես այդ պարտության, այնպես էլ նրանց ընդունած կեցվածքի համար։ «Ասում են՝ ցավում ենք, բայց դե այդպես է ստացվել։ Սա ամենաանհեթեթ պատասխանն է»,- նշեց Հ. Բագրատյանը։
Ի՞նչ կարող էին անել ներկայիս իշխանությունները, որ չեն արել կամ չեն անում։ Հ. Բագրատյանն այս հարցին անդրադարձավ հակառակ տեսանկյունից՝ ի՞նչ են արել, որ չպետք է անեին։ Ըստ նրա, ՀՀ իշխանությունները չպետք է ագրեսիվ արտաքին քաղաքականություն վարեին, ինչի արդյունքում Թուրքիայում այսօր մեծ ծավալների է հասել հակահայ քարոզչությունը, իսկ վրացիներն իրենց բարեկամ երկրների շարքում Հայաստանին տեղ են հատկացնում ցուցակի վերջերում։ «Այսօր Ադրբեջանը ճանապարհներ է ման գալիս մեզ շրջափակելու: Թուրքիան, Վրաստանը եւ Ադրբեջանը, որ այսօր կառուցում են Կարս-Ախալքալաքը, որակապես այլ մոտեցում ունեն Հայաստանի նկատմամբ, քան տասը տարի առաջ, ահա ձեզ էվոլյուցիան»,- ասաց Հրանտ Բագրատյանը՝ ավելացնելով, որ նման ձեւով շարունակելու դեպքում չի բացառվում, որ շուտով փակվեն հարեւանների հետ Հայաստանի օդային ճանապարհները:
Պրն Բագրատյանը Հայաստանի այսօրվա արտաքին քաղաքականությունը որակեց որպես տարածաշրջանային խառնակչություն, որի արդյունքում էլ ունենք այն, ինչ ունենք։ «Եթե ասում եք` ելք չկա, ինչո՞ւ էիք սրում»,- հարցրեց նա եւ ինքն էլ պատասխանեց իր հարցին՝ սրում են, որովհետեւ շատ գեղեցիկ է հեռուստախցիկի առջեւ նստել եւ խոսել ցեղասպանության ճանաչմանն ուղղված քայլերից։ Հ. Բագրատյանը հիշեցրեց, որ իրենց ժամանակ էլ իշխանությունները փորձում էին հասնել Ցեղասպանության ճանաչմանը, սակայն միեւնույն ժամանակ` հասկացնելով, որ հարգում են Թուրքիայի տարածքային ամբողջականությունը։
Այժմ, երբ Հրանտ Դինքի հիշատակին նվիրված երթի մասնակիցներն ասում են՝ «թուրքը մնում է թուրք» կամ «անասուն թուրքերը…», եւ այդ ամենը հեռարձակվում է, պրն Բագրատյանը համարում է պետական ագրեսիվ քարոզչություն, քանի որ հեռուստաընկերությունները գտնվում են իշխանության ազդեցության տակ։ Իսկ նման քաղաքականությունն, ըստ Հ. Բագրատյանի, հղի է պատերազմի վտանգով։ Դժվար է ասել` այդ վտանգը ներկայիս իշխանությունները որքանո՞վ են զգում, սակայն պրն Բագրատյանի համար մի բան միանշանակ է՝ իշխանությունների մեջ «կան կարճատես մարդիկ, որոնք ասում են՝ ավելի լավ է ազգը պարտվի, քան մենք»։
Անդրադարձ եղավ նաեւ Իրան-Հայաստան գազամուղի թեմային։ Հ. Բագրատյանը հիշեցրեց, որ գազամուղի կառուցման համաձայնությունը ձեռք է բերվել դեռ 1995թ., եւ հարցրեց. «Ինչո՞ւ 4-5 տարի առաջ չեն սկսել կառուցել»։ Այս հարցին ի պատասխան, Խ. Հարությունյանը նշեց, որ ձգձգումը եղել է իրանական կողմից։ Պատասխանը Հ. Բագրատյանին չբավարարեց, եւ նա եւս երկու հարց առաջ քաշեց՝ ինչպե՞ս է ստացվում, որ իրանական կողմը 2 ամիս առաջ հայտարարել է, որ գազամուղը պատրաստ է, իսկ մերոնք չեն գործարկում։ Կամ, ինչո՞ւ է գազամուղի տրամագիծը 700մմ, եւ ոչ 1200 կամ 1500, որը թույլ կտար իրանական գազի տրանզիտ իրականացնել։
Խ. Հարությունյանը դեմ չէր, որ ավելի լավ կլիներ ունենալ ավելի մեծ տրամագիծ, սակայն, նրա կարծիքով՝ Վրաստանն այդ գազամուղին կմիանար միայն այն դեպքում, երբ ունենար որոշ ուժերի թույլտվությունը։ «Հայաստանը եւ Վրաստանն այս հարցում միայն միջանկյալ օղակներ են»,- նշեց Խ. Հարությունյանը։
Հ. Բագրատյանը համաձայն չէր, որ հարցերը կախված են ոչ թե մեզնից, այլ ուրիշներից. «Այդ դեպքում ինչի՞ համար է այս ասուլիսը»։
Այս հարցին պատասխան չհնչեց։