ՀՀ դատավորների միությունը երեկ տարածել է մի հաղորդագրություն, որում ասված է. «Վերջին օրերին զանգվածային լրատվության առանձին միջոցներում տպագրվել է մեջբերում 2007թ. փետրվարի 2-ին ՀՀ դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի ելույթից, որտեղ նա մասնավորապես հայտարարել է, թե դատախազությունը չի համակերպվելու դատարանների ինքնահաստատման արհեստական դրսեւորումների հետ եւ հուսով է, որ շուտով նման դատավորները ստիպված կլինեն վերադառնալ օրենքի եւ իրավագիտակցության տրամաբանական դաշտ»: ՀՀ դատավորների միությունը հակված է կարծելու, որ Գ. Ջհանգիրյանի հայտարարությունները չեն արտահայտում ՀՀ դատախազության պաշտոնական տեսակետը: «Այնուամենայնիվ, գտնելով, որ նման հրապարակային հայտարարությունները հեղինակազրկում են թե՛ դատարաններին, եւ թե՛ դատախազությանը, խարխլում են արդարադատության նկատմամբ հասարակության վստահությունը, վտանգում են դատավորների անկախությունը, անհրաժեշտ է համարում իր դիրքորոշումը հայտնել խնդրի վերաբերյալ: Ակնհայտ է, որ մրցակցային դատավարության արմատավորման եւ արդար դատաքննության եվրոպական չափանիշների ներմուծման արդյունքում ավելի խիստ պահանջներ են ներկայացվելու թե նախաքննության մարմիններին, եւ թե դատարանում մեղադրանքի պաշտպանությունն իրականացնող դատախազներին: Բնականաբար, բարդանալու է նաեւ այս մարմինների աշխատանքը: Սակայն անթույլատրելի է դրանում մեղադրել դատարանին, քանզի դա ոչ թե դատարանի քմահաճույքն է, այլ ժամանակակից Հայաստանի զարգացման ուղղությունը: Այս ճանապարհն անդառնալի է, եւ դա պետք է հասկանան բոլորը»,- նշված է հաղորդագրության մեջ: Այդ իսկ պատճառով, ՀՀ դատավորների միությունը խորհուրդ է տալիս «խորհրդավոր հռետորականությունից կամ էթիկայի շրջանակներից դուրս եկող անհիմն մեղադրանքներից ու անհեռանկար սպառնալիքներից» անցնել պետական մեղադրանքի պաշտպանության մակարդակը պատշաճ մասնագիտական որակի բարձրացնելուն ուղղված կոնկրետ միջոցառումների իրականացմանը: ՀՀ դատավորների միությունն անհրաժեշտ է համարում հայտարարել, որ չի հանդուրժի դատավորների անկախությանը սպառնացող որեւէ դրսեւորում, անկախ անձերից եւ իրավիճակներից, եւ կոչ է անում բոլոր շահագրգիռ եւ իրավասու անձանց` համարժեք գնահատականի արժանացնել նման վարքագիծը: