«Ես վախենում եմ, ցուրտ ա»- ասում է Բորիսը

20/02/2007 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Նախկին Առեւտրի տեխնիկումի շենքում, որը քանդման ենթակա շինություն է, առնետների հետ մեկտեղ մարդիկ են բնակվում: Ապրում են մանկահասակ երեխաներ, որոնց անտանելի կենսապայմանները վկայում են նրանց ապագայի անորոշության մասին: Տեխնիկումի վթարային ու խիստ վտանգավոր շենքի սենյակներից մեկում ապրում է Լուսինե Կեինյանը, ով այլեւս երեխաներին կերակրելու տարբերակ չի գտնում: «Հոգնել եմ»,- ծանր հոգոցով ասում է նա: Սենյակն անտանելի գարշահոտում է, ու Լուսինեի վրդովված խոսքերն ընկալելը դժվար է, որովհետեւ ամբողջ խոսակցության ընթացքում միակ բանը, որի մասին մտածում ես՝ մաքուր օդն է: Ասում եմ՝ «Շատ ծանր է օդը, երեխաները մեղք են»: Կաշկանդվելով պատասխանում է՝ «Գիտեմ, սենյակի մեջ լվացք եմ անում, թաց շորեր եմ չորացնում, երեխա եմ լողացնում: Պատերը խոնավ են, ամբողջ տունը թաց է»: Սենյակը չեն տաքացնում, որովհետեւ անցյալ ամսվա հոսանքի 20.000 դրամ պարտքը դեռեւս չեն մարել, իսկ հոսանքն անջատելու դեպքում՝ երեխաներն անլույս չեն դիմանա: Լուսինեն 33 տարեկան է, միայնակ է մեծացնում 4 անչափահաս երեխաներին, որովհետեւ ամուսինն անսպասելի որոշել ու մեկնել է Ռուսաստան աշխատելու եւ այլեւս իր մասին ոչ մի լուր չի հայտնել: «Իբրեւ թե գնաց, որ երեխաներին պահելու համար աշխատանք գտնի, բայց մինչեւ օրս ոչ մի տեղեկություն չունեմ: 3 ամսական հղի էի, էդ վիճակում մեզ թողեց, գնաց: Այ սենց տառապում եմ միայնակ: Առանց պատճառաբանության հեռացավ»,- պատմում է Լուսինեն, ում հայրը 1995 թվին Նար-Դոս փողոցում գտնվող բնակարանը վաճառել է, սակայն ռուբլուց դրամին անցնելու պատճառով հազիվ կարողացել է գնել տեխնիկումի կիսաավերակ այս սենյակը: Երեխաները ցրտից կապտել են, իսկ 9-ամյա Սիլվան բազմոցի վրա անշարժ նստած է` հաստ ծածկոցի մեջ թաքնվելով: 7-րդ դասարանցի Անահիտը տրամադրություն չունի, իսկ հարցերիս ընդհանրապես չի պատասխանում, որովհետեւ էս աշխարհն իր համար միօրինակ ու տխուր է: Հարցնում եմ՝ «Ինչո՞ւ չես խոսում»: Լարվում է ու պատասխանի փոխարեն նյարդային օրորում է փոքր եղբորը՝ Սարգիսին: Խոսելու փոխարեն` մեկ փաթաթում է քրոջ ծածկոցի տակից դուրս եկած ոտքերը, մեկ էլ` օրորոցի մեջ գտնվող եղբորը: Իսկ իր ձեռքերը սփրթնած ու կապտած են: Մայրը միջամտում է՝ «Ինքը շատ ընկճված երեխա է, դասատուներն էլ են ասում, որ միշտ տխուր ու քաշված է: Դասարանցիների հետ չի շփվում, միշտ պարփակված է: Շատ է ամաչում, ասում է՝ բոլորը լավ են հագնվում, բացի ինձնից: Դպրոցում անընդհատ փող են հավաքում, չեմ կարողանում միշտ տալ, ու երեխեքին ստորացնում, ծաղրում են: Դրա համար էլ քանի հասունանում՝ էնքան տխուր է դառնում»: Լուսինեի մյուս աղջիկը՝ Սիլվան, բնավորությամբ ուժեղ է եւ կարողանում է ինքն իրեն պաշտպանել: Իսկ որդին` Բորիսը, բարկացած ու ջղային հայացքով հետեւում է խոսակցությանը: Լուսինեն ասում է՝ «Տեսքին մի նայեք, ինքը շատ բարեխիղճ, բարեհոգի երեխա է»: Մոր խոսքերից բռնկվելով՝ Բորիսը պատմում է իր վիրավորվածության մասին՝ «Մեր դասարանում 34 աշակերտ կա, հես ա մարտի 8-ի համար փող են հավաքելու, բոլորը կտան, բացի ինձնից: Իմ վրա կծիծաղեն, ինձ կծաղրեն: 34 աշակերտից 33-ը պարտադիր տալիս են, ու 33 հոգով ծաղրում են մեկին, էդ մեկը ես եմ: Ես շատ եմ վիրավորվում, ինձ ստորացնում են: Առանց էդ էլ մենք դժվար ենք ապրում, մրսում ենք: Մեր պատերը խոնավ են, ու հենց իրիկունը գալիս ա՝ ես վախենում եմ, ցուրտ ա: Ուզում եմ շորերս հանեմ, նոր տեղաշորի մեջ պառկեմ, բայց, որ ջանս կպնում ա թաց տեղաշորին՝ սրթսրթում եմ ու մարմնիս ցավից չեմ կարում քնեմ»: Լուսինեն նախկինում արխիվագործ է եղել, իսկ հետագայում երեխաներին պահելու համար անգամ մատուցողուհի է աշխատել: Այժմ 3 ամսական Սարգիսին խնամելու պատճառով չի կարող աշխատել: Ամսական եկամուտ պարզապես չունեն, որովհետեւ նույնիսկ նպաստ չեն ստանում: Հարցնում եմ՝ «Եթե եկամուտ չունեք, ինչո՞վ եք 4 երեխա մեծացնում»: Պատասխանում է՝ «Բայց կարողանո՞ւմ եմ երեխա մեծացնել, արդեն խելագարվում եմ անճարությունից: Տանն ինչ կար հանել-ծախել եմ: Էս մի քանի քրջոտ ապակեղենն է մնացել, դա էլ կվաճառեմ մի կտոր հաց առնելու համար»: Նրա մատնացույց արած ապակեղենի մաշվածությունն ու անպետքությունը վկայում են, որ այդ իրերի վաճառքից ստացված գումարով անգամ մեկ օրվա ուտելիք հայթայթել հնարավոր չէ: «Խոսքերն ավելորդ են, տեսնում եք, էլի, անելանելի վիճակ է: Նեղված եմ, իսկ ամուսնուս նման պապաներին պիտի հերթով շարեն ու գնդակահարեն: Մեր էս նեղ վիճակին չէր դիմանում, սկսեց խմել ու հետո էլ… Ես ո՞ր մեկն անեմ, ո՞նց անեմ»,- ասում է չորս երեխաների մայրը: Բորիսը տառապում է բրոնխիալ ասթմա հիվանդությամբ, անցյալ տարի էլ վթարի է ենթարկվել, սթրես է տարել, իսկ Անահիտի գլուխը վիրահատած է: Դժվար է հավատալ, որ այս երեխաների վիճակը լավ կլինի, որովհետեւ բացի ֆիզիկական արատներից` նրանք խոր դեպրեսիա ունեն: Ամենաանհոգ տեսքը 3 ամսական Սարգիսն ունի, որովհետեւ քնած է, իսկ երբ արթնանա՝ նա էլ քույրերի ու եղբոր պես կճաշակի իրականության դառնությունը: Սարգիսն, ի տարբերություն քույրերի ու եղբոր, շատ բան չի հասկանում, դրա համար էլ տխրելու փոխարեն սովից լաց կլինի, իսկ երբ կմեծանա ու մի քիչ կյանքից կհասկանա՝ եղբոր նման ջղային կլինի կամ էլ՝ քրոջ նման տխուր: «Երեխաներս մոլորված են, չգիտեն` ո՞նց են ապրում, ի՞նչ են անում, ինչի՞ են ձգտում, ի՞նչ նպատակներ ունեն»,- ասում է Լուսինեն, ում խոսքերին հաջորդում է Բորիսի անսպասելի հայտարարությունը. «Ես ձգտում ունեմ, ուզում եմ ֆուտբոլիստ դառնալ, լավ եմ խաղում, բայց բախտ չունեմ, փող ու հովանավոր էլ չունեմ, իսկ առանց դրանց չես կարա լավ ֆուտբոլիստ դառնաս: Եթե ինձ հնարավորություն տային՝ ես նենց կանեի, որ Հայաստանի թիմին գովեին, ոչ թե ծաղրեին»: