Երիտասարդները սովորություն են դարձրել միմյանց շնորհավորել` մոռանալով, որ օտարածին տոնի բուն իմաստն ու արարողությունը թաքնված սիրո խոստովանությունն է ու սրտաձեւ քաղցրավենիքի ընծայումը: Սուրբ Վալենտինի անվան հետ միահյուսված տարբեր լեգենդներ կան, սակայն խոսքը դրա մասին չէ, այլ այն մասին, որ Ս. Վալենտինը միանշանակ չի ընկալվում հայ հասարակության կողմից (թեեւ կանանց միջազգային տոն Մարտի 8-ն էլ ի պատիվ գերմանուհի Կլարա Ցետկինի է, բայց այդ տոնի արմատներն այնքան խորն են, որ մեծ ընդդիմացողներ չկան): Ի տարբերություն հայերի, ռուս հասարակությունը մեծ շուքով է նշում եվրոպացի սիրահարների փրկիչ Վալենտինի տոնը (ռուսները նույնիսկ համարում են, որ Ս. Վալենտինն ազգությամբ ռուս է): Իսկ ընդհանուր առմամբ, տոնակատարություն նշելը բարեկեցության չափանիշ է: Մեզանում բացահայտ հակաքարոզչություն կա շոտլանդացի Ս. Վալենտինի դեմ: «Ընդդիմադիրները» համոզում են, որ եվրոպացի սուրբը մեզ հարկավոր չէ, որովհետեւ մենք վաղուց ունենք սիրո հովանավորի` երիտասարդների արագահաս բարեխոս Ս. Սարգսի տոնը: Ավելին, Հայ Առաքելական եկեղեցու սպասավորների կողմից վերջին մի քանի տարիների ընթացքում Ս. Սարգսի տոնի նոր շերտավորում ու վերաիմաստավորում է տեղի ունենում: Ապացույցն այս տարի Արարատյան Հայրապետական թեմի կողմից հայտարարված սիրային պատմությունների մրցույթ-մրցանակաբաշխությունն էր` «Սիրո լավագույն բանաձեւ» կարգախոսով: «Սիրող սրտերից» ժյուրին առաջին իսկ տարին սպասվածից այնքան շատ նամակներ էր ստացել (1200-ից ավելի), որ, ծանրաբեռնված լինելով, խախտել էր նույնիսկ մրցանակաբաշխության նախատեսված ժամանակացույցը: Արարատյան թեմի մամլո դիվանի պատասխանատու Էլիզա Մանուկյանի ասելով, սիրային լավագույն պատմություններն այնքան շատ են եղել, որ ժյուրիի անդամները (կարծում ենք, որ ժյուրիի անդամները սիրային հարցերում հմուտ պետք է լինեին` անաչառ ու պրոֆեսիոնալ դատելու համար) դժվարությամբ են ընտրել գլխավոր մրցանակակրին: Դա «Մի բուռ սիրտ» վերնագրված` Ն. Խաչատրյանի նամակն է. թեմի պաշտոնական ինտերնետային կայքում (www.qahana.am) տեղադրված են 8 լավագույն անվանակարգերի արժանացած բոլոր աշխատանքները: Ի սկզբանե, մրցույթի գլխավոր նախապայման նշվում էր երջանիկ ավարտով անկեղծ եւ իրական պամությունը, որը կարող էր օրինակ ծառայել շատերին: Նախ, նշենք (թեեւ այն կարող է սուբյեկտիվ հնչել), որ այդ նամակում ոչ մի նկարագրվող պատմություն էլ չկա, քանի որ պատմություն, նշանակում է` հերոսների առկայություն, իրադարձությունների կանոնավոր կամ անսպասելի զարգացում, հանգուցալուծում եւ համոզիչ վերջաբան: Եթե ուշադիր լինենք, կնկատենք, որ այնտեղ իրական պատմությանը փոխարինում են զգացական բառերով անվերջ նախադասությունները: Չվիրավորելով հերոսուհու զգացմունքները, նկատենք, որ հանձնարարված թեմային համապատասխան շարադրության տեքստ կարող էր գրել 6-7-րդ դասարանների միջին առաջադիմությամբ ցանկացած աշակերտ: Մեջբերենք մի հատված այդ նամակից. «Սերը նման է ալիքի, որը ծնվում է ծովում ու գալիս դեպի ափ, այդ պահին նա այնքան գեղեցիկ է, որ չես կարող չնայել ու չհիանալ: Եվ վերջապես, եթե կա Սեր, ինչո՞ւ չսիրել»: Իրենց պատմությամբ եւ մտքի պարզունակությամբ գլխավոր մրցանակակրին չեն զիջում նաեւ մնացած 7 անվանակարգերում ընդգրկված «սիրո գոհարները»: Տպավորություն է ստեղծվում, թե հեղինակավոր մրցույթին մասնակցել ու հաղթել են միայն դեռահասները: Արարատյան թեմի մամլո դիվանի պատասխանատու Է. Մանուկյանը մեր հարցին, թե ի՞նչ չափանիշներով է առաջնորդվել ժյուրին, նա պատասխանեց, որ իրենց համար կարեւորը զգացմունքի վարակիչ լինելու հանգամանքն է եղել: Թեեւ հայտնի է, որ մինչ օրս միայն հիվանդություններն են վարակիչ եղել: Ինչեւէ, սիրո մասին վարակիչ տոնով միայն համաշխարհային գրականության մեծերն են գրել` Շեքսպիրը, Բալզակը, Ռեմարկը եւ այլք: Ցավոք սրտի, այդ սիրային պատմությունների մեծ մասը ողբերգություններ են: Իհարկե, մենք գիտակցում ենք, որ այս մրցույթը գրական ասպարեզի մրցանակաբաշխություն չէր, սակայն, եթե Հայ Առաքելական եկեղեցին էր նախաձեռնել այս ավանգարդիստական մրցույթը, այնքան համոզիչ սիրո պատմություններ էինք ակնկալում կարդալ, որտեղ հաղթահարված պետք է լինեին սիրուն սպառնացող բոլոր «վիրուսները»` դավաճանությունը, հիվանդությունը, չքաորությունը: Նախաձեռնության հիմնական նպատակը, կարծես, շատ կարեւոր միավորի` ընտանիքի պահպանությանը պետք է միտված լիներ, քանի որ մեր իրականության մեջ կտրուկ աճել է նոր միավորված ընտանիքների ամուսնալուծությունների թիվը: Ի դեպ, վաղուց, սիրելու համար վերամբարձ խոսքերն ավելորդ են դարձել: