Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը երեկ այցելել է Արաբկիր համայնք: Այցը կապված է եղել Արաբկիր համայնքի ձյան մաքրման համար օրերս ձեռք բերված նոր տեխնիկայի հետ, ինչպես նաեւ` Արաբկիրի` թաղապետարանում ներդրված էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության «Էլփաս» համակարգին ծանոթանալու: Համայնքը ստացել է «Զիլ» մակնիշի նոր 4 միավոր տեխնիկա, որոնցից 2-ը բեռնաբարձիչներ են՝ նախատեսված փոքր փողոցների, նրբանցքների, փակուղիների համար: Արաբկիր համայնքի «Մաքուր Արաբկիր» ՓԲԸ-ն ներկայումս ունի թվով 45 միավոր տեխնիկա: Եվս 3 մեքենաներ էլ Արաբկիր կհասնեն մարտ ամսին՝ Ֆրանսիայի Պլեսի-Ռոբինսոն քաղաքից: Արաբկիր համայնքի ղեկավար Հովհաննես Շահինյանը տեղեկացրել է, որ արդեն պատվիրել են մայթերի ձյան մաքրման համար նախատեսված մասնագիտացված մեքենաներ, իսկ մայիս ամսին ձեռք կբերվեն եւս մի քանի աղբահանության մեքենաներ: Հովհ. Շահինյանի համոզմամբ՝ մի քանի ամսից համայնքն ապահովված կլինի սանմաքրումը պատշաճ կերպով ապահովող մեքենաների անհրաժեշտ թվաքանակով: «Քաղաքում դեռեւս խնդիրներ ունենք` կապված սանմաքրման աշխատանքների հետ, որովհետեւ սարքավորումները, որոնք առկա են համայնքներում, լիովին չեն համապատասխանում անհրաժեշտ պահանջներին: Արաբկիր համայնքում, ինչպես տեսնում եք, նոր տեխնիկա է ներկրվել. ձյուն մաքրող եւ աղ ցանող փոքր մեքենաներ, «Կրազ» մակնիշի բեռնատարներ: Արաբկիր համայնքում, կարծես թե, աղբահանության խնդիրը կլուծվի: Պետք է կարողանանք բոլոր համայնքներն ապահովել մեքենաներով եւ այս խնդիրը լուծել»,- ասել է քաղաքապետ Երվանդ Զախարյանը: