2005-2006 թվականները հանքարդյունաբերության ոլորտի համար բավականին աղմկոտ տարիներ էին: Ոլորտի շահագործողները
ՀՀ Բնապահպանության նախարարության հետ անընդհատ հակամարտությունների մեջ էին: Նախարարությունը նրանց մեղադրում էր խախտումներ թույլ տալու եւ իրավասությունները չարաշահելու մեջ:
Միաժամանակ մամուլում հրապարակումներ էին լինում, թե այդ հակամարտության պատճառն այն է, որ նախարար Վարդան Այվազյանը որոշ շահագործողներից խոշոր գումարներ է պահանջել: Այդ շիկացած կրքերն անցյալ տարեվերջին կարծես թե հանդարտվեցին: Այժմ, սակայն, այդ հանդարտությունը կարելի է այսպես բնութագրել` անդորր` փոթորկից առաջ: Իսկ փոթորկի նախանշանները սկսեցին հայտնվել այն ժամանակ, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, թե Ռուսաստանն այլեւս չի ուզում Հայաստանի ներդրողների ցանկում ամոթալի երկրորդ տեղը զբաղեցնել եւ դրա համար պատրաստվում է ներդրումներ կատարել մեր հանքարդյունաբերության ոլորտում: Ավելի մասնավորեցնելով ցանկությունները՝ ՌԴ նախագահը հայտարարեց, թե Ռուսաստանը հետաքրքրված է Հայաստանի ուրանի հանքերով: Դրան հաջորդեցին այն խոսակցությունները, թե ՀՀ իշխանությունները հնդիկ սեփականատերերից պահանջում են ռուսներին վաճառել «Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկությունը» (ԱՈԱՁ)` Սոդքի հարուստ հանքերի հետ միասին: Վարդան Այվազյանը հաստատում է, որ ռուսները հետաքրքրված են Հայաստանի հանքերով, սակայն կոնկրետ ԱՈԱՁ-ի հետ կապված ոչինչ ասել չի կարող, որովհետեւ գործարանը դեռ շահագործում են հնդիկները: Ճիշտ է, նախարարը շատ է դժգոհ ընկերության աշխատանքի որակից, թույլ տված խախտումներից ու չարաշահումներից, նույնիսկ կառավարությանն առաջարկ է ներկայացրել նրան զրկել շահագործման իրավունքից, բայց «գործարանը դեռ հնդիկներինն է»: ԱՈԱՁ-ից էլ մեր հարցումներին միշտ պատասխանում են, թե իրենք մտադրություն չունեն գործարանը վաճառել եւ մեծ ներդրումներ են կատարում: Մեր ունեցած տեղեկություններով, սակայն, ԱՈԱՁ-ին տիրանալու ցանկություն ունի ռուսական «Ալռոսան», իսկ այդ ցանկությունը կիրագործեն մեր իշխանությունները: ԱՈԱՁ-ում աշխատող հնդիկներն արդեն մեկնում են Հայաստանից, Աշտարակում գտնվող օտարազգիների երեխաների դպրոցում սովորող 20 հնդիկ երեխաներից մնացել են ընդամենը երեքը: Այնպես որ, ռուսի օրհնած ոտքը շուտով իջնելու է մեր ոսկու հանքերի վրա: Եվ ո՛չ միայն ոսկու հանքերի վրա: Ինչ վերաբերում է ուրանի հանքերին, ապա ըստ ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի՝ ներկայումս Հայաստանում որեւէ կազմակերպություն ուրանի ուսումնասիրությամբ չի զբաղվում, եւ որեւէ կազմակերպություն չունի դրա արտոնագիրը: Բայցեւ նախարարը հաստատեց այն տեղեկությունները, թե Ռուսաստանը հետաքրքրված է Հայաստանի ուրանով, եւ որ ռուսական ընկերությունները տարիներ առաջ են ուսումնասիրել մեր ուրանի հանքերը: «Ռուսաստանի ատոմային էներգետիկայի նախարարությունը շահագրգռվածություն է հայտնել, որպեսզի Հայաստանի Հանրապետության հետ միասին մշակի, եւ այսօրվա դրությամբ մշակման փուլում է հատուկ թույլտվության ստացումը: Երբ որ նրանք գրավոր կդիմեն, բնականաբար, մենք, մեր հարստությունն է, կարող ենք օգտագործել այդ հարստությունը ռազմավարական նպատակներով»,- բառացիորեն այսպես պատասխանեց նախարարն ու ավելացրեց, որ ուրանի հարստացումը Հայաստանում չի լինելու:
Ուրանի հետ կապված էլ հիշեցնենք, որ ամերիկյան «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերությունը Գետիկի հանքավայրում ոսկի փնտրելիս պարզել էր, որ ուրան էլ կա, եւ ցանկություն ուներ ուսումնասիրելուց հետո ձեռք բերել նաեւ շահագործման իրավունքը: Վ. Այվազյանը տեղեկանալով այդ մասին՝ բավական մեծ աղմուկ բարձրացրեց եւ ընկերությանը պահանջեց հեռու մնալ ուրանի հետ կապված բոլոր ցանկություններից: Նա հարցը դիտարկեց մինչեւ անգամ միջազգային քաղաքականության տեսանկյունից՝ թե մեր հարեւան Իրանն այդ մասին կիմանա՝ մեզանից կնեղանա, որովհետեւ վատ հարաբերություններ ունի Ամերիկայի հետ: Սակայն Իրանի հետ մեր ունեցած հարաբերությունները ետին պլան են մղվում, երբ ուրան արդյունահանելու ցանկություն է հայտնում Ռուսաստանը: Այնպես որ, հանքարդյունաբերության ոլորտում առաջիկայում կրքերը նորից կշիկանան: Մանավանդ, որ առաջիկայում ՀՀ իշխանություններին երկու խոշոր ընտրություններ են սպասում, եւ նրանք մինչ այդ պետք է փորձեն կարճ ժամանակահատվածն օգտագործել եւ Հայաստանի ընդերքի հարստություններն էլ հանձնել ռուսներին, որպեսզի վերջնականապես դառնան Ռուսաստանի ֆորպոստը:
Հաջորդ աղմկոտ պատմությունը կապված է Լոռու մարզի Թեղուտի անտառում գտնվող պղնձի եւ մոլիբդենի հանքի հետ, որի շահագործման իրավունքն էլ պետք է հանձնեն Վալերի Մեջլումյանի «Մանես Վալեքս» ընկերությանը: Իսկ «Մանես Վալեքսը», որպեսզի շահագործի Թեղուտի հանքավայրը, պետք է վնաս հասցնի շրջակա բնապահպանական միջավայրին՝ ոչնչացնելով 500 հա անտառը եւ աղտոտելով տարածքով անցնող գետը: Վ. Այվազյանը գտնում է, որ արժե ոչնչացնել այդ բնությունը, եթե արդյունքում պետք է արդյունահանվի 150.000 տոննա մոլիբդեն, 1,6 մլն տոննա պղինձ եւ այլ մետաղներ: Հատկապես, երբ արդյունահանողը պարտավորված է լինելու նույնքան տարածքում նոր անտառ հիմնել: «500 հա անտառը մոտավորապես կազմում է մոտ 60 հազար խմ փայտանյութ: Տարեկան Հայաստանում կտրվում է, մեր տվյալներով՝ մոտ 100 հազար խմ, իսկ Համաշխարհային բանկի տվյալով` անօրինական հատվում է մոտ 600-700 հազար խմ փայտանյութ,- համեմատում է բնապահպանության նախարարը եւ ավելացնում,- Մարդիկ ծախսել են լուրջ գումարներ եւ սահմանված կարգով դիմել են, որ թույլտվություն ստանան շահագործելու այդ տեղամասը»:
Կարծիք կա, որ Վ. Մեջլումյանի հանքային բիզնեսում իրենց բաժնեմասն ունեն նաեւ ՀՀ բարձրաստիճան որոշ պաշտոնյաներ: Եվ արդեն պարզ է, թե ինչու են պետական մարմիններն այդ ընկերության նկատմամբ այդքան բարյացակամ:
Այս օրերին «Մանես Վալեքսն» էլ հասարակական լսումներ է անցկացնում եւ փորձում է հանրությանը համոզել, թե արժե ոչնչացնել Թեղուտի բնությունը, որովհետեւ հսկայական հարստություն ունի թաքցրած: Նրանք խոստանում են, որ այդ հարստությունից մի քիչ էլ կօգտվեն շրջակայքի բնակիչները: Հավանաբար այնպես, ինչպես որ օգտվում են Քաջարանի բնակիչները: Նրանց գետերում սատկած ձկներն են «հոսում», հիվանդանոցներն էլ տուբերկուլյոզով եւ տարբեր ուռուցքներով հիվանդների կարիք չեն զգում: Գուցե արժե նման վիճակ ունենալ, որպեսզի գերմանական համարվող, բայց իրականում ՀՀ իշխանություններին պատկանող «Քրոնիմեդ» ընկերությունը մեծ շահույթներ ստանա: