«Թվանշայնացված հայկական ֆիլմերը շատ քիչ կապ ունեն օրիգինալների հետ»

20/02/2007 Կարինե ԻՈՆԵՍՅԱՆ

Խոսքը հայկական այն ֆիլմերի մասին է, որոնց թվանշանային համակարգի վերածելու աշխատանքներով այսօր զբաղված են «Սի Էս ֆիլմս» ՓԲԸ-ի աշխատակիցները: Ինչպես նշում է «Սի Էս ֆիլմսի» ստեղծագործական բաժնի տնօրեն Ռուբեն Գեւորգյանցը, իրենք արագ թվայնացնում են ֆիլմերը եւ արդեն հասցրել են թվանշանային համակարգի վերածել մոտ 10 ֆիլմ:

Մինչեւ «Հայֆիլմի» սեփականաշնորհումը «Արմենիա ստուդիոսի» տնօրեն Բագրատ Սարգսյանը մամուլում այսպիսի խոստումներ էր տալիս. «Մեկ տարվա ընթացքում «Հայֆիլմի» կինոնկարները կտեսնենք թվայնացված վիճակում՝ նոր գույներով, նոր ձայնային ու պատկերային որակով»:

Ինչպես նշում է հին հայկական շատ ֆիլմերի օպերատոր, այժմ Երեւանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի հեռուստատեսության եւ լուսանկարչության ամբիոնի վարիչ Ալբերտ Յավուրյանը, մեկ տարվա մեջ 200 ֆիլմ թվայնացնելը, այսպես թե այնպես, անհնար էր լինելու, քանի որ լավ մասնագետների եւ տեխնիկայի դեպքում ամեն ֆիլմ պահանջում է ամենաքիչը կես ամիս: Այսինքն` եթե Բ. Սարգսյանն իրականացներ իր խոստումը, կստացվեր, որ ամեն ֆիլմ թվայնացնելու համար մեկ ու կես օր է պետք` այն էլ առանց հանգստի:

«Շատ ծանր է ֆիլմերը Մոսկվայից բերել, մաքսատունն անցկացնել, հետո` Մոսկվան ոչ բոլոր ֆիլմերն է տալիս, բայց, կարծում եմ, որ մի տարի հետո բավականին շատ նոր ֆիլմեր կունենանք»,- ասում է Ռ. Գեւորգյանցը: Նրա խոսքերով` նախատեսված մոտ 200-ից ավելի ֆիլմերից իրականում պահպանվել է 120 ֆիլմ, որոնք էլ պատրաստվում են շատ արագ փոխանցել թվանշանային համակարգի: Եթե 120-ը բազմապատկենք 15 օրով, կստացվի, որ որակյալ թվանշանային համակարգով ֆիլմեր ունենալու համար «Սի Էս ֆիլմսից» կպահանջվի ամենաքիչը 5 տարի:

Ֆիլմերը թվանշանային համակարգի են փոխադրում «Դա Վինչի» սարքի օգնությամբ: Այս մեքենայի վրա աշխատող գլխավոր մասնագետը Ժաննա Պետրոսյանն է, ով «Սի Էս ֆիլմսի» տնօրեն Ռուբեն Հովհաննիսյանի հետ զրուցելուց հետո հրաժարվեց խոսել վերապատրաստման եւ ֆիլմերի թվանշայնացման աշխատանքների մասին` պատճառաբանելով, որ իրեն պետք է մեկ ամիս: «Հայֆիլմի» նախկին օպերատորներ Ալբերտ Յավուրյանն ու Լեւոն Աթոյանցը Ժաննա Պետրոսյանին հիշում են որպես երկար տարիների լավ մասնագետ: Ինչպես նշում է Լ. Աթոյանցը, իրենից երկար ժամանակ է պահանջվել համակարգչի հետ ճիշտ աշխատել սովորելու համար, քանի որ աշխատողներն ու տեխնիկան ինչքան էլ լավը լինեն, ֆիլմերը որակյալ թվանշանային համակարգի տեղափոխելու համար մասնագետը պետք է անթերի տիրապետի գործիքին. «Տեխնիկայի մոտ պետք է նստի այնպիսի մարդ, ով մեծ ուշադրություն դարձնի, ունենա գիտելիքներ: Կինոխումբը սովորաբար այնպիսի մարդկանց խումբ է, որոնց միավորում են ընդհանուր հայացքները, ընդհանուր ճաշակը, իսկ նրանց ֆիլմը տարբերվում է մյուս խմբի աշխատանքից` թե գույներով, թե կոլորիտով: Իսկ թվայնացնող մարդիկ գոնե պետք է շատ զարգացած լինեն, որ հասկանան այդ ֆիլմերի տարբերությունը: Թե չէ, աշխատանքն ավտոմատ տարբերակի է նմանվում»:

Լ. Աթոյանցը գտնում է, որ «Սի Էս ֆիլմսը» լավ գործ է անում, բայց կան որոշակի թերություններ, որոնք անթույլատրելի են. «Ֆիլմերում չի կարելի մի տեսակ կոլորիտ ստեղծել, եւ այսօր այն, ինչ արվում է, շատ է իրար նման գույներով` դեմքերը կամ շատ սպիտակ են, կամ` շատ կարմիր: Ես տեսել եմ «Տղամարդիկ» ֆիլմը. դե, մաքուր էր, բայց այն մասը, երբ բոլորով երգում են, այդ կնոջ դեմքին ոնց որ կավիճ քսած լիներ»: Նման թերություններ նկատել է նաեւ «Հայֆիլմի», հետագայում` նաեւ «Սի Էս ֆիլմսի» տնօրեն, այժմ Հայաստանի ազգային կինոկենտրոն պետական ոչ առեւտրային ընկերության տնօրեն Գեւորգ Գեւորգյանը. «Ոչ մի ֆիլմ չի հանձնվել Մշակույթի նախարարությանը, որ տեսնենք, թե դա ինչ թվայնացում է, մասնագետները չեն էլ տեսել այդ «Դա Վինչի» մեքենան, ինչի՞ց են վերականգնում` նեգատի՞վն են վերցրել արդյոք, թե՞ պոզիտիվն ու գույներն են փոխել: Իսկ հանդիսատեսին կարելի է շատ հեշտ խաբել»: Վերջինիս խոսքերով` իրենց մասնագետները թվանշանային համակարգի տեղափոխած ֆիլմերում գտել են հեղինակային իրավունքի խախտումներ. «Օրինակ` «Կտոր մը երկինք» ֆիլմում մութ գույները, որոնք ներկայացնում են չքավորության մթնոլորտ, վառ են ներկայացված, այսինքն` ստացվում է հակառակ ազդեցություն: Դա արդեն վերականգնում չէ, դա պարզապես գույների վառեցում է»:

ՀՀ Կառավարության 2005թ.-ի թիվ 727-Ա «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» պետական ոչ առեւտրային կազմակերպությանն ամրացված գույքն օտարելու մասին» որոշման մեջ ասվում է. «Իր միջոցների հաշվին եւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել ֆիլմաֆոնդի օգտագործումը եւ պահպանումը` 50 տարի ժամկետով` պահպանելով հեղինակների հեղինակային իրավունքները»: «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածում ասվում է, որ տեսալսողական ամբողջական ստեղծագործության համահեղինակ է համարվում նաեւ բեմադրող օպերատորը: Իսկ 11-րդ հոդվածում նշվում է, որ ստեղծագործության հեղինակին է պատկանում «ստեղծագործության անձեռնմխելիության իրավունքը (արգելել ստեղծագործության մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելը, ստեղծագործության հնարավոր աղավաղումները, աղճատումները կամ այլ ոտնձգություններ)»:

«Նյութը շատ վատ վիճակում է,- ասում է Ռ. Գեւորգյանցը,- բայց բոլոր կադրերը, որ վառված են եղել, բոլորը վերականգնվում են բարձր մակարդակով: Իհարկե, նեգատիվից է ամենալավը թվայնացնել, բայց ոչ բոլոր ֆիլմերի նեգատիվը կա, եւ մենք փորձում ենք միջինը` պոզիտիվի եւ նեգատիվի արանքը: Իսկ «Դա Վինչիի» վրա աշխատողներն անցել են վերապատրաստում, բայց էլի նոր մարդկանց կարիք կա»: Ա. Յավուրյանն ու Գ. Գեւորգյանը համոզված չեն, որ «Դա Վինչի» մեքենայի վրա աշխատող մասնագետներն անցել են իրական վերապատրաստում Եվրոպայում, ֆիլմերի նեգատիվները բերվում են Ռուսաստանի՞ց, թե՞ օգտագործվում են հայկական տարբերակները. «Գործն արագ-արագ է արվում, որ մարդիկ չհասցնեն հասկանալ, թե ինչ է կատարվում: Ամեն մի խզբզանք «շեդեւր» չէ, իսկ հիմա իրականացվում է հայկական ֆիլմերի խզբզանք»,- ասում է Ա. Յավուրյանը, ով իր «Բարեւ, ես եմ» ֆիլմի թվանշայնացրած տարբերակը տեսել է այն ժամանակ, երբ իրեն կանչել են «Մի ֆիլմի պատմություն» հաղորդման մեջ կարծիք հայտնելու. «Մեկ օր եմ եղել այնտեղ, նստել եմ 20 րոպե եւ պարզապես փորձել եմ ստուգել: Շվարած` չգիտեի ինչ անել` այնտեղ լույսը նորմայից ավելի է, ստվերը` նորմայից պակաս, նույնը նաեւ ձայնին է վերաբերում: Թվանշային սիստեմը ունի մի թերություն` պատկերի պայծառության միջանցքը բավականին նեղ է: Մասնագետը կարող է այնպես անել, որ ստվերի ու լույսի օրենքը չխախտվի, բայց ուղղակի միջանցքը տեղափոխել դեպի լույսը, կամ կտրել, դեն շպրտելն արդեն մեխանիկական մոտեցում է, իսկ մոնիտորի կողքին մի գործիք կա, որը անմիջապես եռում է, երբ նման թերություններ են լինում: «Բարեւ, ես եմ»-ը ամբողջությամբ այդպիսի շեղումներով էր լեցուն»:

Լ. Աթոյանցը գտնում է, որ որակյալ ֆիլմեր ունենալու համար պետք է պրակտիկա: Այս պարագայում Ա. Յավուրյանին մտահոգում է այն փաստը, որ «Սի Էս ֆիլմսը» սկսել է հայկական լավագույն ֆիլմերից. «Քայլ առ քայլ հանդուրժելով` մենք կհասնենք այն բանին, որ շուտով կունենանք թվանշանային համակարգի հայկական ֆիլմեր, որոնք շատ քիչ կապ ունեն իրենց օրիգինալների հետ»: Ա.Յավուրյանն ասում է, որ Խորհրդային Միության ժամանակաշրջանում օպերատորներն ամեն օր 12 ժամ աշխատում էին գունային աշխատանքները ղեկավարող մասնագետի հետ եւ ամիսներ շարունակ աշխատում էին ֆիլմի որակը բարձրացնելու համար: Նա եւ Լ. Աթոյանցը գտնում են, որ ֆիլմերը թվանշայնացնելու ժամանակ իրե՛նք պետք է խորհուրդներ տան գունային աշխատանքներն իրականացնող մասնագետներին, քանի որ այս գործընթացը մեկ անգամ է արվում եւ «պետք է լավ արվի»:

«Իմ շատ մոտ ընկեր Սերգեյ Իսրայելյանի ֆիլմերից հիմա թվայնացնում են,- ասում է Լ. Աթոյանցը,- այդ ֆիլմերը նկարել են Թիֆլիսում, իսկ ես այնտեղի բնակիչ եմ եղել եւ Թիֆլիսի կոլորիտն ու տրամադրությունը շատ լավ գիտեմ: Ասացի, որ ինձ գումար պետք չէ, իմ ընկերոջ հիշողության համար ուզում եմ գալ ու օգնել, բայց ոչ ոք այդպես էլ չզանգեց»: «Այսօր ֆիլմերի ստեղծագործական անձնակազմերը հիմնականում գոյություն չունեն, եւ նրանց պետք են ողջ մնացած մասնագետները, ովքեր այդ ֆիլմերից բան են հասկանում,- գտնում է Ա. Յավուրյանը: -Եթե դա չի արվում, պետք է արդեն օրիգինալ կոպիան, որովհետեւ դա է պատկերի առումով իրականը, իսկ իրենք օգտագործում են միջին տարբերակը»:

Այս պարագայում Ա .Յավուրյանին հանգստացնում է միայն այն, որ հայկական ֆիլմերը գտնվում են Ռուսաստանում, եւ հետագայում հնարավոր կլինի օրիգինալ տեսագրություններից օգտվել: «ըպսօպ հՑՏսոօ» արխիվում են գտնվում մեր ֆիլմերը: Սովետը քանդվեց, բայց նեգատիվները հրաշալի են պահում` մաքուր, սիրուն շարած են ֆիլմերը, ջերմաստիճանը` եղանակին համապատասխան: Այնտեղ նույնիսկ ուրիշ ձեւ են քայլում` հատուկ կոշիկներով, ֆիլմերը վերցնում են հատուկ ձեռնոցներով…»,- ավելացնում է Լ. Աթոյանցը:

www.hetq.am