Ուկրաինայի նարնջագույն հեղափոխությունն Արեւմուտքում հույս է առաջացրել, թե նախկին ԽՍՀՄ երկրները շուտով կընկնեն ժողովրդավարության գիրկը։ Ազատությունն, ինչպես ամերիկացիներն են ասում, յոթմետրանոց քայլերով ամենուրեք առաջ է գնում՝ Ղրղըզստանից, որտեղ այս ամիս անցկացվելու են նախագահական ընտրություններ մինչեւ Մոլդովա, ուր երիտասարդությունն արդեն նարնջագույն կեպիներ եւ շարֆեր է կրում։
Սակայն, մինչեւ վարդագույն ակնոց դնելը, որով Եվրոպան լղոզվում է Դուբլինից մինչեւ մոնղոլական տափաստաններ, արժե եւս մեկ անգամ քննել հետխորհրդային տարածքի քաղաքականության սառն ու անհաճո իրականությունը։ Հունվարի վերջին Վիլնյուսում համագումար էին անում բելառուս դեմոկրատները, ովքեր դեռ նախագահ-բռնապետ Ալեքսանդր Լուկաշենկոյին տապալելու հույսեր են փայփայում։ Այդ համագումարը եւս մեկ անգամ ցույց տվեց, թե ինչ դժվարություն կարող է ունենալ ավտորիտար ճահճից մինչեւ ջեֆերսոնյան հանրապետություն ընկած տարածության հաղթահարումը, եթե անգամ նրանց պաշտպանում են Յուշչենկոյի եւ Սահակաշվիլիի նման դեմքեր։
Ավելի քան երեսուն բելառուսներն, ովքեր ժամուկես ճանապարհ էին կտրել Մինսկից մինչեւ Վիլնյուս, գիտեն, ինչի դեմ են պայքարում։ Նրանք պայքարում են ընդդեմ ստալինյան սյուրռեալիստական ռեժիմի, որը հենված է վախի, քաղցի եւ գաղափարախոսության վրա եւ ոչնչով չի տարբերվում անհատի պաշտամունքից։ Բռնապետությունը չի վերանա, քանի դեռ իշխանության ղեկի մոտ է Լուկաշենկոն՝ իր սպորտային կոստյումով եւ կոլտնտեսության նախագահի ճառերով։ Ավելին, որքան էլ ցավալի է խոստովանել, բելառուսները հասկանում են, որ Բելառուսն ու Ուկրաինան համեմատելն, իհարկե, հաճելի է, բայց այնքան էլ ճիշտ չէ։ Ամերիկացի չինովնիկների արտահայտությամբ, Բելառուսում բացակայում է ժողովրդավարական ապստամբության «հումքը»։
Ի տարբերություն Ուկրաինայի, որտեղ անկախ «Հինգերորդ ալիքն» անդադար ժողովրդավարական հերետիկոսություն էր ներշնչում Կիեւի անկախության հրապարակում նստած «ապստամբներին», որպեսզի նրանք ստիպեին իշխանություններին անցկացնել նոր ընտրություններ, Բելառուսում չկա իրական «չորրորդ իշխանություն»։ Բացի այդ, Բելառուսն, ի տարբերություն Ուկրաինայի, չունի ամերիկյան ծագումով բելառուսների մեծ Սփյուռք։ Պակաս կարեւոր չէ նաեւ այն, որ Բելառուսի բարեփոխիչ առաջնորդներից ոչ մեկը չի ծագում երկրի քաղաքական վերնախավից, ինչպես նախկին վարչապետ Յուշչենկոն էր։
Դե, Լուկաշենկոն էլ քնած չէ։ Նա արդեն ավերել է տնտեսության մասնավոր հատվածը, ժողովուրդը տառապում է փող չունենալուց, իսկ թշվառ աշխատավարձերն ու թոշակները բացառապես կախված են նախագահի կամքից։ Քաղաքական ընդդիմությունը փաստորեն զրկված է գոյության միջոցներից։
Եվրոպայում եւ Վաշինգտոնում մտահոգ են, որ երբ 2006 թվականին Լուկաշենկոն փորձի ընտրվել երրորդ անգամ, մարդ չի լինելու նրա դեմ դնելու։
Խորհրդարանի նախկին պատգամավոր եւ թերեւս Լուկաշենկոյի լավագույն այլընտրանք համարվող գործիչ, քառասնամյա Անատոլի Լեբեդկոն լավատես է։ Նրա խոսքով, երբ հեղափոխությունը գա Բելառուս, ամեն ինչ շուռ կգա, իրադարձությունները կզարգանան ճիշտ այնպես, ինչպես Ուկրաինայում։
– Անցած գարնանն Ուկրաինայում նույն վիճակն էր,- ասում է Լեբեդկոն,- երբ այնտեղ սկսվել էր ընտրարշավը, ինձ զանգահարեց Յուշչենկոյի խորհրդականներից մեկը։ Ես հարցրի՝ ո՞նց են գործերը, նա պատասխանեց. «Գիտես, դեռ չեմ որոշել ո՞ւր եմ արտագաղթելու»։
Բելառուս սոցիոլոգ Անդրեյ Վարդոմացկու տվյալներով (նա տեղական ընտրազանգվածի ուսումնասիրություն է կատարում ԱՄՆ-ից ֆինանսավորվող Միջազգային հանրապետական հաստատության պատվերով), նոր ղեկավարության գալստյանը պատրաստ է երկրի քաղաքացիների 55-60 տոկոսը։
Լեբեդկոն հավանաբար գիտի, թե ում հետ է գործ ունենալու։ Անցած տարվա հոկտեմբերի 18-ին, սահմանադրական շինծու հանրաքվեի եւ խորհրդարանական խայտառակ ընտրությունների հաջորդ օրը, հատուկ ծառայությունների գործակալները Հոկտեմբերի հրապարակից Լեբեդկոյին քարշ էին տվել մոտակա խորտկարան եւ ծեծելով հասցրել գիտակցության կորստի։ Այսուհանդերձ, Լեբեդկոն, ինչպես նաեւ՝ նրա հետ Վիլնյուս եկած մարդիկ, վստահ են, որ նարնջագույն հեղափոխությունն իրենց երկիր էլ կգա։
Հիմա Բելառուսը սահմանակից է ԵՄ անդամ երեք երկրի՝ Լիտվային, Լատվիային եւ Լեհաստանին։ Լիտվացիներն ասում են, որ Եվրամիության ներսում կամաց-կամաց հասունանում է Բելառուսի ընդդիմությանն օգնելու գաղափարը։ Օրինակ, մարտին Վիլնյուսում կանցկացվի բելառուսական ընդդիմության դոնորների համաժողով, այսուհանդերձ, բոլորն էլ զգուշանում են Ռուսաստանի սահմաններին մերձենալ։