Թուզ

20/02/2007

Բաղադրությունը: Ջուր` 83-85%, շաքարներ` 3,6-3,7%, ազոտային նյութեր` 0,8%, ճարպեր` 0,31-0,33%, էքստրակտային նյութեր` 12-12,5%, բջջաթաղանթ` 1,1-1,3%, մոխրային մնացորդ` 0,6-0,73%: Պարունակում է նաեւ մակրո եւ միկրոէլեմենտներ, ֆերմենտներ, B եւ C խմբի վիտամիններ:

Կիրառությունը: Թուզը բուժում է փորկապությունը, ստամոքսային հիվանդությունները, բարելավում է արյան կազմը, թոքերի ու երիկամների գործունեությունը, վերացնում է երիկամային քարերը, միզամուղ է, ունի հակաբորբոքային ընդունակություն:

Տերեւների եփուկը միջնադարյան Հայաստանում օգտագործել են հազի դեպքում, իսկ կաթի հետ եփելու դեպքում` կոկորդի ողողման համար: Թուզը հիանալի դիետիկ, սննդարար միրգ է. կարելի է կիրառել թզային մոնոդիետա 7-14 օրով, որը խիստ օգտակար է հատկապես ստամոքսային հիվանդությունների եւ սակավարյունության դեպքում:

Տերեւներից արտադրվող հյութը` «կաթը», մեծ հաջողությամբ օգտագործվում է քսուքի տեսքով` մաշկային հիվանդությունների, վերքերի բուժման նպատակով:

Ըստ Ամիրդովլաթ Ամասիացու` ամենաարժեքավորը սպիտակ թուզն է, այնուհետեւ` կարմիրը, սեւը: Տերեւներից եւ պտուղներից արտադրվող սպիտակ հյութը` «կաթը», բուժում է գորտնուկները, վիտիլիգոն (մաշկի պիգմենտացիայի կորուստ)` քսելու ձեւով, օգտակար է նաեւ երիկամային եւ միզափամփուշտային հիվանդությունների դեպքում: Իսկ ճյուղերից ստացված մոխիրով հոգնան դիզենտերիայի, լուծի դեմ է: Բույսի «կաթը» խմում են նաեւ կարիճի խայթոցի, շան կծածի դեմ (մեղրի հետ): Տերեւները ծամելը մաքրում է ստամոքսը: «Կաթի» եւ մեղրի խառնուրդի` աչքի մեջ կաթեցումը կանխում է կատարախտը: Չափազանց արժեքավոր սնունդ է թզի չիրը: Այն անանուխի, ուրցի հետ ուտելու դեպքում մաքրում է միզափամփուշտը, երիկամները: Թզի չիրը շատ օգտակար է ուտել ընկույզի հետ: Իսկ եթե այն եփվի 1 լիտր գինու քացախի հետ եւ 1 օր թողնվի, այնուհետեւ թրջոց դրվի փայծաղի շրջանում, շատ կօգնի բուժմանը: