1988թ. երկրաշարժից 16 տարի անց արտագաղթի, ծնելիության պակասի եւ մահացությունների արդյունքում Վանաձորում բնակարանների հերթացուցակը (աղետի հետեւանքով քանդված շենքերի բնակիչների) «մաքրվել» է եւ մնացել է ընդամենը 140 ընտանիք (մինչեւ 1998թ. այդ ընտանիքների թիվը հազարների էր հասնում)։ Այդ ընտանիքների համար, սակայն, նոր շենքեր չեն կառուցվելու, քանի որ սկսած 1998թ. Վանաձորում կիրառվում է պետության կողմից բնակարանների գնման եւ կարիքավորներին հանձնելու քաղաքականություն, նկատի ունենալով, որ երկրաշարժից հետո կառուցված «Տարոն» թաղամասում մեծ թիվ էին կազմում դատարկ, չբնակեցված կամ վաճառքի ենթակա բնակարանները։ (1998թ. սկսած Վանաձորում հիմնականում դպրոցաշինություն էր ընթանում, իսկ բնակարանաշինությունը, փաստորեն, հիմնականում եղել է մինչեւ 1998թ.)։ Առ այսօր, սակայն, Վանաձորում գոյություն ունեն տնակային թաղամասեր, որոնց բնակիչներին կարելի է բաժանել մի քանի խմբերի.
– մարդիկ, որոնք ժամանակին չեն տեղափոխվել իրենց հատկացված բնակարանները ծայրամասային «Տարոն» թաղամասում (պատճառաբանելով որոշ շենքերի բնակության համար ոչ պիտանի լինելը, քանի որ դրանք հանձնվել էին կիսատ-պռատ, թերություններով)։
– մարդիկ, որոնք չեն տեղափոխվել իրենց հատկացված բնակարանները վերոնշյալ թաղամասում, պատճառաբանելով, որ պետությունը պարտավոր է իրենց բնակարան հատկացնել հենց քանդված շենքի տեղում, քաղաքի կենտրոնում (օրինակ` Տիգրան Մեծ 73)։
– մարդիկ, որոնք իրենց հատկացված բնակարանները հարկադրված են եղել վաճառել, որպես ապրուստի միջոց, եւ առ այսօր հարկադրված բնակվում են տնակում։
Վանաձորի Քիմիագործների թաղամասում տնակների առկայության պայմաններում այդպես էլ չսկսվեց արտասահմանցիների կողմից նախատեսված բուժհամալիրի կառուցումը։ 2004թ. հունվարից Վանաձորի քաղաքապետարանը տնակներից բնակիչների վտարման հայցադիմումներ էր ներկայացրել Լոռու մարզի Առաջին ատյանի դատարան։ Հատկանշական է, որ դատավորներից մեկը մերժել էր հայցը, մյուսը` բավարարել։ Այն բնակիչներին, որոնց նկատմամբ պետությունը պարտավորություն ուներ, քաղաքապետարանն առաջարկում էր տեղափոխվել հանրակացարան։ Գործընթացն առայժմ ընթանում է դժվարությամբ։ Սկսած 1998 թ. պարբերաբար հայտարարվում է, որ Վանաձորում շուրջ 70 շենքեր ամրացման ենթակա են, սակայն գործնական ոչինչ չի արվում, եւ մարդիկ շարունակում են բնակվել այդօրինակ շենքերում։ Վանաձորցիներին այժմ մտահոգում է այն, որ քաղաքի կենտրոնում քանդված շենքերի տեղում (Բանյոյի փողոց, Տիգրան Մեծ պողոտա) նոր շենքեր չեն կառուցվում, ինչի հետեւանքով քաղաքի ճարտարապետական դիմագիծը թերի է։ Ավելին, քանի որ պետությունն այդտեղ չի նախատեսում շենքեր կառուցել, դա հնարավորություն է տալիս տեղական իշխանություններին` տարածքներն աճուրդով վաճառել` «օբյեկտներ» կամ սեփական տներ կառուցելու նպատակով։