Դեռեւս Հին Հռոմում ընտրություններին մասնակցելու համար օրենսդրորեն սահմանված էր գույքային ցենզ, ինչը նշանակում էր, որ ընտրվել կարող են միայն հարուստները: Ընդ որում, հռոմեացիները հաստատ հասկանում էին, որ հարստությունը մեծ հաշվով կապ չունի ինտելեկտի հետ: Օրենսդրական այդ նորմի իմաստը բոլորովին այլ էր. այն է` Հին Հռոմում հարստանալ կարող էր միայն իշխանություններին (Կայսրին) անվերապահորեն ծառայողը, հետեւաբար` գույքային ցենզի սահմանումը հնազանդ Սենատ ունենալու ամենակարճ ճանապարհն էր:
Նախընտրական հեռուստաեթերի սակագները սահմանելով` ՀՀ իշխանությունները փաստորեն նույն գույքային ցենզն են սահմանում: Տարբերությունը միայն մեկն է. եթե ընդդիմությունն իսկապես ասելիք ունի, հաստատ կհասցնի դա ասել անվճար 60 րոպեների ընթացքում: Եվ ընդհանրապես, եթե ասելիք կա, տեղ հասցնելը պրոբլեմ չէ: Պրոբլեմն ասելիքն է: