Երեկ լրատվամիջոցներին Տարոն Գեւորգյան ստորագրությամբ [email protected] էլեկտրոնային հասցեից նամակ էր ուղարկվել, որտեղ նշված է, որ ճանաչված երգչուհիներ Արմինկան (Արմինե Նահապետյան), Շպռօտը, Անդրեն, «Ռուբիկոն» հաղորդաշարի վարող Արսենը եւ այլ արտիստներ աղանդավորական շարժումների հետեւորդներ են.
«Հենց սկզբից նշենք, որ ստորեւ ներկայացված նյութում բերված բոլոր տվյալները համապատասխանում են իրականությանը, ճշտված են եւ արժանահավատ: Միաժամանակ այս նյութը նպատակ չունի վարկաբեկել սույն տեղեկատվությունում հիշատակված անձանց, այլ պարզապես վեր հանելու ճշմարտությունը»,- իբրեւ նախաբան գրում է նամակագիրը: Հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների շրջանում վաղուց էին շրջում այս լուրերը: Նամակագիրը հիշեցնում է, որ իր հարցազրույցներից մեկում Արմինե Նահապետյանն այսպես էր պատասխանել իր մասին շրջանառվող այդ լուրերին. «Ո՛չ, ես աղանդավոր չեմ: Երբեմն մասնակցում եմ հոգեւոր համերգների, որի ժամանակ հնչում են քարոզներ եւ հոգեւոր երաժշտություն: Երեւի դա էլ բամբասանքների տեղիք է տվել: Մարդիկ հաճախ այդ հանդիպումները շփոթում են աղանդավորական հավաքների հետ: Ես Աստվածաշնչից դուրս չեմ ընդունում որեւէ շեղում: Աղանդն այն է, երբ չեն ընդունում Աստվածաշնչում գրված որոշ բաներ, իսկ ես հավատում եմ Սուրբ Երրորդությանը: Երբեք չեմ հակառակվել ավանդական քրիստոնեությանը, խոր հավատքով եմ լցված ու չեմ խուսափում խոսել Աստծո գոյությունից»»:
Նամակագիրը գրում է. «Իրականում Արմինկան հարում է Հայաստանում բավական լայն ազդեցություն ունեցող «Ռեմա» աղանդին, իսկ նրա արբանյակ ընկերուհին` «Շպռօտը»` իր հարազատ քրոջ հետ միասին` «Կյանքի Խոսք» (www.wolarm.org) հարանման աղանդին: Ընդ որում, երգչուհիները կանոնավոր հաճախում են կազմակերպության հավաքներին եւ անգամ «տասանորդ» մուծում կազմակերպությանը: «Կյանքի խոսքին» եւ «Ռեմային» են հարում նաեւ Անդրեն, Ռուբիկոնի հաղորդավար Արսենը եւ բազում այլ արտիստներ: Անդրեն եւ մյուս արտիստները հաճախ են միմյանց հետ SMS հաղորդագրություններ փոխանակում, որոնցում իրար դիմում են. «Հիսուսի որդի» կամ «Հիսուսի զավակ» ձեւերով: Ովքեր ուշադիր հետեւում են վերոնշյալ անձանց հրապարակային ելույթներին, կհիշեն նրանց բազմաթիվ` երբեմն չափից ավելի հնչող «աստվածավախ» խոսքերը եւ Աստծո հիշատակումը: Դրանցից մեկի ապացույցն է նաեւ «Աղոթիր ինձ համար, սիրելի՛ս» երգը` Արմինկայի կատարմամբ: Վերլուծելով երգչուհու խոսքերը` մնում է եզրակացնել միայն, որ վերոնշյալ հարցազրույցում նա իր կարծիքով հմտորեն խուսափել է ուղղակի պատասխանից, բայց ստացվել է բավական ուղիղ եւ ինքնաբացահայտող պատասխան: …Այսօր արդեն կարելի է միանշանակորեն պնդել, որ Հայաստանում շոու-բիզնեսը եւ ոչ միայն այդ ոլորտը ձեռք են բերում գաղտնի, սակայն ընդգծված աղանդավորական բնորոշիչ գծեր»: Երեկ երեկոյան մեզ չհաջողվեց կապվել Արմինկայի հետ, սակայն «Panorama.am»-ի լրագրողի հետ զրույցում երգչուհին ասել է, թե «Ես հոգնել եմ նմանատիպ ասեկոսեներից»: Արմինկան ասել է նաեւ, թե այդ բամբասանքներն իր աստվածապաշտության հետեւանք են, եւ խորհուրդ է տվել` նման լուրեր տարածողը ճշտի՝ «Ռեման» աղանդավորական շարժո՞ւմ է, թե՞ ոչ: Արարատյան հայրապետական թեմի մամլո դիվանից պատասխանել են, որ եւ՛ «Ռեմա»-ն, եւ՛ «Կյանքի խոսք»-ն աղանդավորական շարժումներ են: Կայքի հաղորդմամբ` Տարոն Գեւորգյանը ճեմարանի ուսանող է: