Ապացուցելու խնդիր չկա

18/02/2007 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Որոշ քաղաքական շրջանակներ կարծում են, որ «Դաշինք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանն իրականում կեղծ ընդդիմություն է, կամ ընդդիմություն է միայն, այսպես ասած, իշխանության թեւերից մեկին` Սերժ Սարգսյանին: Երեկ լրագրողներից մեկը «Փաստարկ» ակումբում հրավիրված ասուլիսում տարածված այս տեսակետը փոխանցեց Սամվել Բաբայանի «Դաշինք» կուսակցության քաղխորհրդի անդամ Անդրանիկ Թեւանյանին:

«Ես ասեմ, որ մեր պատկերացմամբ` իշխանության մեջ թեւեր չկան: Այդ մասին կարծիքները շուկայում լսված խոսակցությունների մակարդակի են: Մարդիկ հայտարարում են բացահայտ, ասում են` որեւէ խնդիր չկա: Թերթերը կարդում ես, ասում են` չէ, կա, լավ էլի, թող լինի: Ընդդիմության որոշակի թեւը վերլուծություն է անում` թող լինի, երկու շուն կռվեն` ճամփորդի գործը հաջողի: Այդպիսի բան չկա: «Դաշինքն» իր ծրագրերը կազմում է ելնելով իր ռազմավարությունից: Մենք չենք հաշվարկում, թե` այ, իշխանության թեւերը կբախվեն միմյանց, իսկ մենք` որպես, այսպես ասած, ճարպիկ կառույց, կօգտվենք դրանից: Ո՛չ»,- ասել է Անդրանիկ Թեւանյանը: Վերջինս անդրադարձավ նաեւ ՍԻՄ-ում տեղի ունեցող վերջին իրադարձություններին: Եթե մինչ օրս մյուս քաղաքական ուժերը փորձում են ձեռնպահ մնալ գոնե ՍԻՄ-ի այս կամ այն թեւին որակումներ տալուց, ապա Ա. Թեւանյանն անմիջապես հայտարարել է, թե իրենց համար ով է ընդդիմադիր եւ իշխանամետ՝ Հայկ Բաբուխանյա՞նը, թե՞ Հրանտ Խաչատրյանը: «Դաշինք» կուսակցության քաղխորհրդի անդամ Անդրանիկ Թեւանյանը նախ երեկ հայտարարել է, թե ՍԻՄ կուսակցության հետ տեղի ունեցող իրադարձությունները զուտ ներկուսակցական խնդիրներ են, եւ Սամվել Բաբայանը ցանկանում է, որպեսզի կողմերը միմյանց հետ պարզեն իրավիճակը: «Մեզ համար ցավալի է կուսակցության ներսում տեղի ունեցողը, քանի որ մենք լավ հարաբերություն ունենք ՍԻՄ-ի հետ, թե՛ Հայկ Բաբուխանյանի, թե՛ Հրանտ Խաչատրյանի հետ»,- ասել է Թեւանյանը՝ ավելացնելով, թե ժամանակին Հայկ Բաբուխանյանն ու Հրանտ Խաչատրյանը դիմել էին «Դաշինքին»՝ միջնորդելու եւ հաշտությանը նպաստելու համար: Սակայն, ըստ նրա, միջնորդությունը հաջողություն չի ունեցել՝ կողմերը չեն հաշտվել, եւ «Դաշինքը» նրանց հայտնել է, որ կողջունի իրավիճակից դուրս գալու ցանկացած որոշում, որը կկայացնի ՍԻՄ համագումարը: Այնուհետեւ «Դաշինքի» քաղխորհրդի անդամը՝ փետրվարի 8-ին ՍԻՄ գրասենյակում տեղի ունեցած իրադարձություններն անվանել է «կազմակերպված գրոհ» Հրանտ Խաչատրյանի կողմից, եւ գոհունակություն է հայտնել, որ երբ Հրանտ Խաչատրյանի կողմնակիցները փորձում էին մտնել կուսակցության շենք» հետ է մղվել: «Ընդդիմությունը փաստորեն հետ մղեց գրոհը, եւ դա լավ է»,- երեկ հայտարարել է «ներկուսակցական խնդիրների մեջ» խառնվելու ցանկություն չունեցող «Դաշինքի» քաղխորհրդի անդամը:

Ինչեւէ, Ա. Թեւանյանը երեկ նաեւ հայտարարել է, թե իրենց կուսակցությունն ապագա խորհրդարանում հավակնում է շատ մանդատներ ունենալ, որովհետեւ իրենց լիդեր Սամվել Բաբայանը հայտարարել է, որ՝ եթե «հինգ տոկոսի խնդիր լինի, եւ մենք չկարողանանք համակարգային փոփոխություններ կատարել, ապա պատրաստ ենք հրաժարվել մանդատներից»:

Իսկ ամենաուշագրավը, թերեւս, Ա. Թեւանյանի այն հայտարարությունն էր, թե «Դաշինք» կուսակցությունն ունի 41 թեկնածուներ, որոնք պետք է մայիսի 12-ի ընտրություններում պայքարեն մեծամասնական ընտրակարգով: Այսինքն՝ «Դաշինքը» ոչ թե միանալու է ընդդիմության այդ ծրագրին, այլ իրենք առանձին են իրականացնելու նույն ծրագիրը՝ ընդդիմադիր թեկնածուի դիմաց առաջադրելով իրենց թեկնածուին: Անդրանիկ Թեւանյանը երեկ, սակայն, փորձում էր հակառակը համոզել՝ ասելով, թե իրենք որոշակի «պայմաններ» են առաջադրելու ընդդիմությանը, որոնցից մեկը լինելու է այն, որ ընդդիմությունը պետք է հատ-հատ բոլոր ընտրատեղամասերում առաջադրած իր թեկնածուի շուրջ համաձայնության գա «Դաշինքի» հետ, եւ եթե կարողանա ապացուցել, որ իրենց թեկնածուն ավելի հզոր է, ուրեմն՝ «Դաշինքը» կհանի իր թեկնածուին:

Երեկ ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներում այս հայտարարությունը երկար ծիծաղի թեմա էր դարձել: Մեր փորձերը՝ պարզելու, թե ընդդիմությունն արդյոք պատրա՞ստ է ապացուցել «Դաշինքին» իր թեկնածուների հզոր լինելու հանգամանքը, նոր առաջադրել, որեւէ լուրջ պատասխանի չարժանացան: «Ուզում են ասել` իրենք ընդդիմությո՞ւն են: Ո՞վ չգիտի, թե Սամվել Բաբայանին ինչու են բերել Երեւան: Ս. Բաբայանին հենց դրա համար էլ բերել են, որ հենց այս ընտրություններում ընդդիմության դեմ բոլոր տեղամասերում թեկնածուներ դնի, անունն էլ դնի՝ ընդդիմություն»,- ասաց ընդդիմադիր պատգամավորներից մեկը՝ առայժմ չցանկանալով հրապարակել իր անունը: Իսկ «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը՝ ի պատասխան մեր հարցի, թե պատրաստվո՞ւմ են ընդդիմության միասնական թեկնածուների հզոր լինելն ապացուցել «Դաշինքին», նոր՝ առաջադրել, ասաց. «Ապացուցելու խնդիր չկա, բայց ավելի ճիշտ կլիներ հետեւյալ մոտեցումը. նախ ընդդիմության հետ ճշտել սկզբունքները, հետո կոնկրետ ընտրատարածքներում ասել, թե ով է թեկնածուն: Այսինքն՝ եթե իրենք ուզում են, որ միասնական մոտեցում լինի, ապա չպետք է առաջադրեն, փաստի առջեւ կանգնեցնեն, հետո ապացուցեն… Բայց մենք իրենց հետ բանակցություններ չենք վարել, հետեւաբար` իրենք ազատ են իրենց որոշումների մեջ»: Իսկ այն դիտարկմանը, թե «Դաշինքի» այդ քայլն արդյոք չի՞ ապացուցում տարածված տեսակետը, որ նրանք գործում են իշխանությունների հետ, Ս. Սուրենյանցը պատասխանեց. «Ես չէի ուզենա նման գնահատականներ տալ, բայց մի բան կարող եմ հաստատ ասել. եթե նրանք իրենց առաջարկած մոդելն ընդդիմությանն առաջարկելու խնդիր ունեին, շատ ավելի լավ կլիներ այդ հարցը նախ` քննարկել մյուս կուսակցությունների հետ, ապա նոր՝ մատուցել հասարակությանը»: