Հարցեր

18/02/2007 Տիգրան ՊԱՍԿԵՒԻՉՅԱՆ

Ներքաղաքական արդի իրավիճակում, երբ բոլորը պատրաստվում են առաջիկա խորհրդարանական ընտրություններին, դժվար, նույնիսկ անհնար է կողմնորոշվել՝ ո՞ւմ եւ ինչի՞ համար քվեարկել։ Բոլորը, կարծես թե, ամեն ինչի մասին խոսում են, բայց ոչինչ չեն ասում, որովհետեւ խոսելու համար ոչ միայն լեզու է պետք, այլ նաեւ՝ միտք, ինչը, ժողովրդական լեզվով ասած, քչություն է անում։

Բայց գուցե այդ միտքը կա, գուցե ամենեւին էլ քչություն չի անում, այլ պատճառ ու առիթ չկա այն գործադրելու, եւ մենք փոխարենն այդ մարդկանց (քաղաքական գործիչներին) երկխոսության հրավիրելու, նրանց պիտակավորում ու արատավորում ենք՝ անվանելով օլիգարխներ, կրիմինալի ներկայացուցիչներ եւ նմանատիպ այլ բաներ։

Քաղաքակիրթ հասարակություն ենք ու պետք է պահպանենք «անմեղության» կանխավարկածը, վրա չտանք, թե` սա հարկերը չի մուծել ու հարստացել է, թե` սա պետության միջոցները յուրացնելով ունեցվածք ու դիրք է ձեռք բերել, թե` մյուսն էլ առաջին երկուսի կողքերը ֆռֆռալով ապահովել է իր տեղն արեւի տակ։ Չէ, այդպես չէ։ Գուցե այս մարդիկ են հենց այն մարդիկ, ովքեր պետք է արժանանան համաժողովրդական քվեի ու պետք է լուծեն մեր առջեւ դրված բարդ խնդիրները։

Համենայնդեպս, ես այդպես եմ կարծում, որովհետեւ ինքս երբեք չեմ նետվել քաղաքական թատերաբեմ եւ չեմ նետվել ոչ այն պատճառով, որ նետվելու սովորություն չունեմ, եւ ոչ էլ այն պատճառով, որ նետվելու համար դրամ պետք է ունենաս, այլ որովհետեւ վաղ մանկությունից ինձ սովորեցրել են անտեղի մեջ չընկնել, ու եթե քեզ չեն հարցնում, չպատասխանել։

Հիմա գուցե այս մարդիկ էլ են վաղ մանկությունից սովորել առանց հարցի չպատասխանելուն եւ երկրի, ժողովրդի, հասարակության ապագայի մասին ոչինչ չեն ասում, որովհետեւ հարցնող չկա։ Եթե հարցնող լիներ, լավ էլ կխոսեին, բայց, մտածում են, որ հարցնող չկա, ուրեմն հետաքրքրվող էլ չկա, իսկ եթե չեն հետաքրքրվում, թող իրենք իրենց հոգսերով ապրեն, մենք էլ` մեր… քեֆին։

Եվ ուրեմն՝ հարգելով այդ մարդկանց, ովքեր այն մարդիկ են, որ են ու պիտի լինեն, ես կփորձեմ շարադրել մի քանի հարց, որոնք նրանց հնարավորություն կտան ինքնադրսեւորվելու։ Ինքնադրսեւորումը թեեւ սահմանադրական իրավունք չէ, բայց պակաս կարեւոր չէ հասարակության առողջ կենսագործունեության համար։

Եվ այսպես` առաջին հարցը։ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի ունի՞ ինքնադրսեւորվելու իրավունք, եւ որքանո՞վ է երաշխավորված այն։ Այս հարցը ես տալիս եմ նրանց, ովքեր պատրաստվում են մրցակցային պայքարի։ Հուշարարի դեր կարող է կատարել հպանցիկ հայացքը կուսակցական ցուցակներին, մեծամասնականով ընտրվելիք քաղաքացիների փաղանգներին եւ, վերջապես, Հայաստանի հանրային (հարկատուների հաշվին ֆինանսավորվող) հեռուստաընկերության եւ հեռարձակող այլ հաստատությունների սահմանած գներին։ Այս վերջինը ասում եմ նրա համար, որ պատասխանողները նյարդային ցնցումներ չապրեն եւ չասեն. «Ըտենց լավ տղա ես` դու էլ առաջադրվեիր»։

Մի անգամ հաշվել եմ, թե քանի րոպեում կարելի էր ներկայացնել Հայաստանի անկման մանրամասները, եթե որեւէ հեռուստաընկերություն բանավոր խոսքի հնարավորություն տար։ 20-30 րոպեն լիովին կբավարարեր պատմելու համար, թե ի՞նչ է կատարվում Երեւանի սահմաններից դուրս՝ Հայաստանի մարզերում, Լեռնային Ղարաբաղում (այստեղ էլ` Ստեփանակերտի սահմաններից դուրս) եւ գրավյալ տարածքներում։ Սրա համար (ըստ սահմանված տարիֆների) անհրաժեշտ կլիներ 1.600.000-2.400.000 դրամ, այսինքն՝ 4380-6500 ամերիկյան դոլար։

Իմ տարեկան եկամուտը, որ բավական բարձր է Հայաստանի քաղաքացիների միջին եկամտից, զգալիորեն հեռու է նշված թվերից։ Չորս տարի չուտել-չխմելու, սահմանադրությամբ նախատեսված հանգստի եւ առողջության խնդիրները չլուծելու դեպքում, ես կարող էի ինձ թույլ տալ նման շքեղություն, բայց պատկերացնո՞ւմ եք հեռուստացույցի էկրանից ձեզ հետ խոսող մի մարդու, ով անառողջ տեսք ունի, ոսկրացած դեմք ու ձեռքեր, ձայնը հյուծվածությունից հազիվ է լսվում, եւ այդ կերպարանքով տասնհինգ րոպե հայտնվում է ընտրազանգվածի տեսադաշտում ու, «մի քիչ հաց տվեք խեղճ թեկնածուիս» ասելու փոխարեն` փորձում ուշադրություն հրավիրել երկրի, ժողովրդի ու հասարակության խնդիրների վրա։ Բա նայողը չի ասի՞. «Էդքան խելոք ես, մի հատ քեզ նայիր ու քո վիճակին»։ Կասի եւ ճիշտ կանի։

Մյուս կողմից էլ` մարդը, ով չի օգտվում պետական գանձարանից, ով չի խնայում հարազատ պետությանը մուծվելիք հարկերը եւ ունի 4380-6500 ամերիկյան դոլար, կամ ունեցվածքի մի մասն է վաճառել, կամ արտասահմանում ապրող հարազատից է ներարկումներ ստանում, կամ էլ մանր-մունր բիզնես անելով` մի կերպ հետ է գցել։ Երեք դեպքում էլ 20-30 րոպե խոսելու համար նա չի մուծի այդ փողը հանրային կամ մասնավոր հեռուստաընկերություններին, որովհետեւ ունեցվածքի մի մասը վաճառել է, որ մի ուրիշ բան գնի (ասենք` մեքենան վաճառել է, որ կահույք գնի), որովհետեւ արտասահմանից ստացած փողը քամուն տալը ճիշտ չի հասկացվի դոնոր հարազատի կողմից, իսկ երրորդ դեպքում (մանր-մունր բիզնես) կվախենա մեյդան ընկնելուց ու պետական գանձիչ հաստատությունների աչքին ավելորդ անգամ երեւալուց։

Ինքնադրսեւորումից հետո գալիս է մի այլ կարեւոր հարց։ Ինչպե՞ս կարող է մեծահարուստն օրենքներ մտածել ի նպաստ նրանց, ովքեր զրկված են ձայնի իրավունքից։ Մի՞թե նա կարող է թույլ տալ, որ այսօրվա ձայնազուրկները վաղը դառնան ձայնավոր։ Մինչ նա մտածի (եթե մտածի) հասարակության բարեկեցության համար եւ այն մասին, որ յուրաքանչյուր քաղաքացի ունենա այսօրվա տարիֆներով խոսելու հնարավորություն, վաղն այդ տարիֆները կրկնակի կամ եռակի կմեծանան, եւ ավելորդ 4380-6500 ամերիկյան դոլար ունեցողը դարձյալ կմտածի` արժե՞ ծախսել այդ փողը 20-30 րոպե խոսելու համար, թե՞ ավելի լավ է ամառն անցկացնել Անթալիայում կամ Աջարիայում։ Իսկ ինչո՞ւ հենց Անթալիայում կամ Աջարիայում, որովհետեւ այդ ամենին զուգընթաց կաճեն նաեւ Ծաղկաձորում, Դիլիջանում կամ Սեւանում հանգստանալու առանց այդ էլ աղետալի գները։

Այս հարցերին, գիտեմ, ոչ ոք երբեք չի պատասխանի, բայց անպատասխան մնալուց հարցերը չեն դադարում գոյություն ունենալ։ Հարցերը մնում են ճիշտ այնպես, ինչպես պետությունից ու կառավարությունից անկախ մնում է բազմաչարչար հայ ժողովուրդը։