Վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանում բիզնեսով զբաղվելը շատ դժվար գործ է, որովհետեւ, ասում են, որ անգամ ամենափոքրիկ գործի համար անհրաժեշտ է ունենալ «վերեւների դաբրոն»:
Ընդհանուր առմամբ համաձայնելով վերոնշյալ հրապարակումների հետ, այնուամենայնիվ, կհամարձակվեմ չհամաձայնել միջին եւ փոքր բիզնեսի վերաբերյալ այդ պնդումներին:
Բայց քանի որ հայերը մաքսիմալիստ են, միջին ու, առավել եւս, փոքր բիզնեսով շատ քչերն են ուզում զբաղվել: Եվ ստացվում է այնպես, որ մարդիկ մեծ հաշվով, ոչ մի կերպ չեն կարողանում «գործ դնել»: Այդ իսկ պատճառով ամենահարմար «գործը» դարձել է քաղաքականությունը: Իսկ ընտրություններից առաջ նման «գործ դնելը» կարող է շատ շահութաբեր լինել: Բայց, ինչպես եւ յուրաքանչյուր գործի մեջ, նման նախաձեռնությունից կարող եք եւ «տակ տալ»: Այստեղ եւս սկզբնական կապիտալ է հարկավոր: Ի դեպ, այստեղ էլ են սահմանված գործունեության կազմակերպչական տարբեր ձեւեր` «անհատ ձեռներեց», «սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն», «բաց բաժնետիրական ընկերություն», «փակ բաժնետիրական ընկերություն», եւ այլն: Փորձը ցույց է տալիս, որ ամենածանր վիճակում «անհատ ձեռներեցներն են»` մեծամասնական ընտրակարգով առաջադրվող թեկնածուները, որոնց համար սկզբնական կապիտալը, ըստ նախնական հաշվարկների, այս տարի կկազմի առնվազն 300.000 ԱՄՆ դոլար: Սա` այն դեպքում, եթե մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուն գրանցված չէ որեւէ կուսակցության ցուցակում: Այդ դեպքում «անհատ ձեռներեցը գլխանց պետք է մուծվի նաեւ օբշչագին»: Ընդ որում, որքան բարձր է նրա տեղը ցուցակում, այնքան մուծվելիք գումարը մեծ է: Այն կուսակցությունները, որոնց կթույլատրվի մի կերպ անցնել 5%-անոց արգելքը (կմտնեն ԱԺ), կունենան սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կարգավիճակ, որովհետեւ մի 5-6 ընկերների իրավունքները շատ սահմանափակ կլինեն: Այսօր այդ կարգավիճակի մեջ են «Օրինաց երկիրը» եւ ՄԱԿ-ը: Բաց բաժնետիրական ընկերությունները սովորաբար տարատեսակ իշխանական եւ ընդդիմադիր դաշինքներն են, որտեղ մուտքը շատերի համար բաց է: Բայց այստեղ այնքան մարդ է լցվում, որ յուրաքանչյուրին բաժին ընկած դիվիդենտը տարվա վերջում չնչին է լինում: Այդպիսի վառ օրինակ է այսօրվա «Արդարություն» դաշինքը: ԱԺ-ում ՀՀԿ խմբակցությունը փակ բաժնետիրական ընկերության լավագույն օրինակն է: Բայց դա` մինչեւ վերջերս: Այսօր արդեն ՀՀԿ-ն ավելի շատ տրասկորպորացիայի է նմանվել, որտեղ ներդրումներ արել են շատերը, սակայն դիվիդենտ կստանան ոչ բոլորը: Դե, իսկ ՀՅԴ-ն շատ փակ բաժնետիրական ընկերություն է: Այնքան փակ, որ սառեցված անդամներն անգամ «տաքանալուց» հետո չեն կարողանում բացվել: «Ազգային Միաբանությունը» միշտ էլ իր ակցիաները վաճառել է նրան, ով շատ գումար կներդնի: Բայց տվյալ դեպքում գումարը ներդրվում է ոչ թե ընդհանուր գործի մեջ, այլ հիմնականում Գեղամյանի հետագա հանգիստը Պալմա-դե-Մալյորկայում ապահովելու նպատակով: «Բարգավաճ Հայաստանը» լիքը փող է ներդնում, բայց դեռ պարզ չէ, թե հետագայում ինչքանով կարդարացվեն այդ ներդրումները, որովհետեւ ընտրություններին մնացել է ընդամենը երեք ամիս, իսկ ԲՀԿ-ն դեռ «էստի համեցեք»-ով է զբաղված: Դատելով Անդրանիկ Թեւանյանի երեկվա ասուլիսից, կարելի է ենթադրել, որ Սամվել Բաբայանն, ի դեմս «Դաշինք» կուսակցության, «խասյաթի» համաձայն, անսահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է բացել: Արամ Կարապետյանի «Նոր Ժամանակները» հայ-ռուսական համատեղ ձեռնարկություն է: ՀՀՇ-ն վաղուց արդեն բանկրոտ է ճանաչվել: Հետաքրքիր է, որ որոշ կուսակցությունների լիդերներ այս օրերին գտնվում են գործուղման մեջ Եվրոպայում եւ Ամերիկայում, որպեսզի վարսավիրներին համոզեն ներդրումներ կատարել հայկական քաղաքական «գեղեցկության սրահների» ոլորտում: Բայց փորձը ցույց է տալիս, որ ամերիկացիներին հայկական շուկան ընդհանրապես չի հետաքրքրում (դրա համար էլ անգամ դեսպան չունեն), իսկ ֆրանսիացիները չափազանց ծայրահեղ են` կամ կոնյակն են ընտրում, կամ «կանալիզացիան»: Բայց «Օրինաց երկիրը» կոնյակի չի ձգում: Իսկ երկրորդ դեպքում նրանք պետք է ծանրութեթեւ անեն բոլոր պլյուսներն ու մինուսները: Մնացած ուժերը, որոնք, չգիտես ինչու, իրենց քաղաքական կուսակցություն են անվանում, այս անգամ եւս «բուդկի» կամ «դուքանի» կարգավիճակով հանդես կգան:
Բայց չէ՞ որ ես լավատես եմ եւ գիտեմ, որ հայերը շատ լավ գործեր կարող են ձեռնարկել: Օրինակ, ընդամենը մի քանի օր առաջ համաձայնագիր կնքվեց «Microsoft» ընկերության նախագահ Բիլ Գեյթսի հետ: Էլ չեմ ասում, որ մեր գործարարները վաղուց արդեն մեզ կարողանում են ապահովել տեղական արտադրության սննդամթերքով: Մի խոսքով, կարողանում ենք` եթե ուզում ենք: Իսկ մենք ուզում ենք: Եթե չուզենայինք` աշխարհի տարբեր ծայրերում այդքան «գործ չէինք դնի»: