Երբ միջազգային կազմակերպություններն իրենց բացահայտ դժգոհությունն արտահայտեցին Հայաստանում նախընտրական քարոզարշավի հեռուստաեթերի սակագներից եւ դա գնահատեցին որպես «շատ կոպիտ քայլ», իշխանությունների «արժանի հակահարվածը» շատ չուշացավ: Պատասխանը կարելի է բաժանել երկու մասի. նախ նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանն իր զարմանքը հայտնեց առ այն, որ բարձր սակագներից դժգոհում են հատկապես նրանք, ովքեր տարին մի քանի անգամ հանգստանում են արտասահմանյան թանկարժեք հանգստավայրերում, ապա եւ հեռուստաընկերությունների ղեկավարները փորձեցին հիմնավորել սակագները:
Անկեղծ ասած, Վիկտոր Սողոմոնյանի տեսակետը մեկնաբանելու որեւէ ցանկություն չունենք, թեեւ ՀՀ պետական պաշտոնյաներն, իհարկե, ավելի հաճախ են հանգստանում արտասահմանում, քան ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները: Այսպես թե այնպես, պրն Սողոմոնյանը մոտավորապես կրկնեց այն, ինչ ժամանակին Քոչարյանն էր ասել մտավորականներին. «Մի՛ նվնվացեք»:
Շատ ավելի հետաքրքիր էին հեռուստաընկերությունների ղեկավարների հիմնավորումները, որոնք կարելի է ամփոփել մի նախադասությամբ` «Սակագները հիմնավորված են. գովազդը թանկ հաճույք է»: Իրականում, իհարկե, սակագները հիմնավորված չեն, եւ գովազդը թանկ հաճույք չէ: Հայկական հեռուստաեթերը շատ էժան է: Դրա համար էլ հեռուստաալիքներ կան, որ օրը տասն անգամ ժամերով նույն ճմրթված «Օպելն» են ցույց տալիս ու մանրամասն բացատրում, որ ղեկը հիդրավլիկ է, անվադողերը նոր են, մոխրամանը` համարյա թոփ-թազա… Հասկանալի է, չէ՞, որ 5 հազար դոլարանոց ավտոմեքենայի մեկանգամյա գովազդի (2-3 րոպե տեւողությամբ) սակագինը 10 դոլարից ավելի չի կարող լինել: Այսինքն` հասկանալի է, որ նախընտրական քարոզարշավի եթերային սակագները միջին հաշվով րոպեն 300 դոլար սահմանելը քաղաքական որոշման արդյունք է եւ քաղաքական նպատակներ է հետապնդում:
Այլ կերպ ասած, ամեն ինչ նորմալ է եւ հենց այսպես էլ պիտի լիներ: Բոլորն իրենց դերերը լավ են կատարում: Իշխանությունները հենց դրա համար էլ ժամանակին փակել են «Ա1+»-ը, որպեսզի այսօր ընդդիմությունը եթերի հնարավորություն չունենա: Եթե պիտի եթերի համար մատչելի գներ սահմանեին, էլ ի՞նչ կարիք կար փակել «Ա1+»-ը: Հեռուստաընկերությունների ղեկավարներն էլ են իրենց դերը լավ կատարում: Հենց դրա համար էլ նրանց թույլատրվում է օղի գովազդել, որպեսզի հարկ եղած դեպքում հլու-հնազանդ «սակագներ սահմանեն» իշխանությունների թելադրանքով: Ընդդիմությունն էլ իր դերն է լավ կատարում: Պիտի բողոքի այս ակնհայտ կամայականությունների դեմ` բողոքում է: Մի խոսքով, բոլորն իրենց անելիքը գիտեն:
Մնում է միայն մի հարց. իսկ ընդդիմության ինչի՞ն է պետք վճարովի եթերը: Հիշո՞ւմ եք խորհրդային տարիների հայտնի անեկդոտը, երբ մեկը փողոցում թռուցիկներ է բաժանում, որոնց վրա ոչինչ գրված չէ: ՈՒ երբ միլիցիոները զարմանում է, թռուցիկ բաժանողը բացատրում է` «ի՞նչ կարիք կա որեւէ բան գրելու, բոլորն ամեն ինչ գիտեն»: Չէ, իսկապես, մեր կարծիքով` 60 րոպե անվճար եթերն ընդդիմադիր ուժերին լիուլի բավական է, մանավանդ, որ ասելու բան առանձնապես չկա` բոլորն ամեն ինչ գիտեն: Ժամանակին Ֆրանսիայում հեղափոխություն տեղի ունեցավ երեք բառով` «Ազատություն, Եղբայրություն, Հավասարություն», իսկ այդ բառերն արտասանելու համար 15 վայրկյանը բավական է (արժե ընդամենը 20 հազար դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը): Ավելին. կարելի է ընդհանրապես ոչ մի բառ չասել: Հասկանալի է, չէ՞, թե ինչ հուզիչ տեսահոլովակներ են ցուցադրելու իշխանական ուժերը, ինչ լուսավոր դեմքեր են հայտնվելու Մասիս սարի, Եռագույնի ու տնտեսական աճի ֆոնին, ինչ լուսավոր մտքեր են հայտնելու… Իսկ հիշո՞ւմ եք այն թութակի պատմությունը, որն ամեն անգամ ոստիկանին հայհոյում է, ու, երբ սպառնում են եւս մի անգամ կրկնվելու դեպքում պատժել, հաջորդ անգամ ոստիկանին տեսնելիս ուշադիր նայում է նրան ու ասում` «մի խոսքով, դու ինձ հասկացար»: Այնպես որ, ընդդիմությունը կարող է իշխանական կուսակցությունների տեսահոլովակներից հետո պարզապես հայտնվել հեռուստաէկրաններին եւ ասել` «մի խոսքով, դուք մեզ հասկացաք»: Ժողովուրդը կհասկանա:
Իսկ եթե ավելի լուրջ, ապա իշխանություններն, իհարկե, պիտի փորձեն հնարավոր բոլոր միջոցներով լռեցնել ընդդիմությանը` օգտագործելով եւ՛ վարչական, եւ՛ ֆինանսական լծակները: Բայց իրականությունն այն է, որ 60 րոպեն քիչ ժամանակ չէ, եւ, եթե ասելիքը լուրջ լինի, դա էլ բավական է` քաղաքական ճահճում աշխուժություն առաջացնելու համար: Պարզապես պետք է գտնել այդ ասելիքը, գտնելուց հետո էլ` ոչ թե «Վիվառո-սպրինտի» գովազդի պես փայտփորիկի համառությամբ ազդել մարդկանց ենթագիտակցության վրա, այլ ասելիքը մարդկանց գիտակցությանը հասցնել:
Այնպես որ, բարձր սակագներն ընդդիմության ամենամեծ պրոբլեմը չեն: Եթե լուրջ ասելիք լինի, տեղ հասցնելու ձեւեր միշտ էլ կգտնվեն: