«Գորշ բարեկամության» մայրաքաղաքը

07/05/2005 Աննա ԲԱՐՏԿՈՒԼԱՇՎԻԼԻ, Բաքու-Երեւան

«168 Ժամը», «Կովկասի լրագրողների ցանց» ծրագրի աջակցությամբ, Ադրբեջանի, Վրաստանի եւ Հայաստանի լրագրողների կողմից նախաձեռնեց ներկայացնել Սադախլոյի եւ Բագրատաշենի շուկան երեք կողմից: Սադախլոն ոչ միայն շուկա է եւ սահման, այլեւ` երեք ժողովուրդների համագործակցության գոտի, որը հայտնի է նաեւ որպես չվերահսկվող, ստվերային շրջանառության տակ գտնվող գոտի: Ղարաբաղյան հակամարտության ժամանակ էլ վրացիները, հայերը եւ ադրբեջանցիներն իրար հետ առեւտուր էին անում, նույնիսկ՝ կռվի ամենաթեժ պահին: Մենք արդեն մեր թերթում ներկայացրել ենք վրացի լրագրող Գիգա Չիխլաձեի, «168Ժամի» լրագրող Արմինե Ավետյանի հրապարակումները: Ադրբեջանական հայացքը Սադախլոյի մասին ներկայացրել է ազգությամբ վրացի լրագրող Աննա Բարտկուլաշվիլին, որը բնակվում է Բաքվում եւ համարվում է ադրբեջանական լրագրող: Նյութը ներկայացնում ենք առանց խմբագրման:

Մոսկովյան մետրոպոլիտենի կայարանների մեծ մասը, նաեւ Լենինյան գրադարանի դրսի պատերը, երեսպատված են վրացական «Սադախլո» մարմարով՝ շնորհիվ Իոսիֆ Ստալինի միջնորդության: Դա դեղին բծերով գորշավուն մարմար է. այսպես ասած՝ բոլոր ժողովուրդների միջեւ բարեկամության գորշ խորհրդանիշ: Այդպես էր ասում ընկեր Ստալինը:

Սադախլոն գտնվում է Հարավային Կովկասի երեք հանրապետությունների սահմանագծին: Այնտեղ մեծ մասամբ ադրբեջանցիներ են ապրում: ԽՍՀՄ-ի փլուզումից ու ժամանակ առ ժամանակ ծագող ու մարող ազգամիջյան բախումներից հետո այստեղ կարծես թե հիշեցին գյուղի համար` Կոբայի կողմից նախատեսված դերը։ Այսօր Սադախլոյի դերը՝ իբրեւ գորշ, ստվերային, մաքսանենգ բարեկամության պլացդարմ, վաճառողների ու մեծածախ գնորդների միջեւ, ընդունված է միջազգային մակարդակով` նույնիսկ ՄԱԿ-ի կողմից:

Կյանքն անցնում է հոգսերի մեջ

Երկու սահմանային տոնավաճառները՝ վրացական (Սադախլոյում) եւ հայկական (Բագրատաշենում), իրարից բաժանում է ընդամենը մի փոքրիկ գետակի վրայով անցնող կամուրջ: Կամրջի երկու կողմերում սահմանապահներ են: Չար լեզուներն ասում են, որ մինչեւ «Վարդերի հեղափոխությունը» որոշ հայ եւ վրացի ծնողներ ձգտում էին իրենց տղաներին զինակոչի ժամանակ «գցել» սահմանապահ զորամասեր, ընդ որում` դրանք «ամենաեկամտաբերն» էին: Դրանց հետ մրցակցում էր միայն, այսպես կոչված, «Կարմիր կամուրջը», որը դարձել է համակովկասյան դիվանագիտության «օջախ» եւ խորհրդանիշ: Եթե 2003թ. ամռանը կամրջի երկու կողմերում ասեղ գցելու տեղ չկար, ապա հիմա միայն հատուկենտ անցորդներ են՝ ցելոֆանե հսկայական տոպրակներով, ծանր պայուսակներով, երբեմն էլ սայլակներով: Սայլակով առեւտուր են անում հիմնականում Սադախլոյի ադրբեջանցիները. նրանք ապրանք են տանում պատվերով՝ 15 րոպե դեպի այն կողմ, 15 րոպե՝ դեպի հետ, եւ 15-20 լարին գրպանումդ է: Մի քանիսն օրը 10 անգամ գնում-գալիս են: Ճիշտ է, երեկոյան ստիպված են լինում շուկայի ադմինիստրացիային (հիմնականում` վրացիներ) որոշակի գումար վճարել:

Հեղափոխության ստվերը

Այսպես կոչված` շուկան՝ կեղտոտ, երկար շարքերով, ճարտարապետության ու կուլտուրայի տարրական նորմերին չհամապատասխանող, չորս լեզուներով հնչող հայհոյանքներով, միայն խայտառակում է Վրաստանի ազգային դրոշի հպարտ տեսքը: Հեղափոխությունից հետո շուկայի տնօրենին, որն ազգությամբ վրացի է, մեղադրեցին կոռուպցիայի, մաքսանենգներին աջակցելու եւ կաշառակերության մեջ ու կես տարով նստացրին: Այնուամենայնիվ, այստեղ տնօրինություն էր անում նրա որդին: Իսկ հետո տնօրենը վճարեց որքան հարկավոր է ու դուրս եկավ բանտից: Իմիջիայլոց նշենք, որ տնօրենը տեղացի չէ, այլ մառնեուլցի: Չնայած այդ հանգամանքին՝ չինովնիկները հենց նրան են վաճառել հողը, թեեւ տեղի ադրբեջանցիներից ոմանք նույնպես հավակնություններ ունեին: Շուկայի ահռելի տարածքը զարմացնում է իր կիսադատարկությամբ. զբաղված է տեղերի 1/3-ը: Մաքսավորները գտնում են, որ պատճառը վերջին ամիսներին Վրաստանում մաքսանենգության դեմ խստացված պայքարն է:

Վրաստանի իշխանությունները դժգոհ են, որ պետական բյուջեն մինչեւ հիմա չի ստացել հսկայական գումարներ՝ հարկերի տեսքով, քանի որ հասարակ առեւտրականները հարկ չեն վճարում: Դեռ 2001-ին Հայաստանի ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանը հայտարարել էր, որ Սադախլո-Բագրատաշեն անցակետով տարեկան անցնում է 300-400 մլն դոլարի ապրանք, եւ այդ գումարը չի հաշվարկվում ո՛չ Հայաստանում, ո՛չ Վրաստանում:

«Իսկ մեր պետքն էլ չի…»

Մի քանի տարի առաջ Երեւան-Սադախլո երթուղին Հայաստանի համար ուղղակի «կյանքի ճանապարհ» էր. այստեղով Հայաստան, մասնավորապես` Նոյեմբերյանի շրջան էր բերվում ամեն ինչ, սկսած հագուստից ու բենզինից` մինչեւ սննդամթերք: Հիմա սնունդ այնքան էլ շատ չի ներկրվում, անգամ` հակառակը, Հայաստանից Վրաստան են բերում կարտոֆիլ, սոխ, կաղամբ, ձուկ, ծխախոտ: Բայց Թուրքիայից բերված հագուստն ու կենցաղային տեխնիկան Հայաստան է հասնում հենց այստեղից: Հայերն էլ, իրենց հերթին, Իրանից են այստեղ ապրանք բերում: Շուկայում առեւտուր են անում լարիով, դրամով, մանաթով, ռուբլիով, դոլարով: Սակայն եվրոյով առեւտուր անել դեռ չեն սիրում: Առեւտրականներն առանց հաշվիչի կարող են ակնթարթորեն հաշվարկել ցանկացած տարադրամի փոխարժեք: Վաճառողներից, իրենց խոսքերով, այստեղ կաշառք չեն վերցնում, բայց վաճառասեղանի համար վճարում են 10-20, երբեմն` մինչեւ 50 դոլար:

Բարեխոսե՛ք տեղի խեղճ առեւտրականների համար

Իրականում ամենից շատ տուժում են տեղի առեւտրականները: Փող աշխատելու այլ ճանապարհ, բացի մաքսանենգությունն ու վերավաճառելը, նրանք չեն տեսնում եւ ծանր են տանում Վրաստանում տեղի ունեցող իշխանափոխությունը: Հանդիպելով հայրենակից լրագրողին՝ նրանք միաձայն դժգոհում էին ինձ. «Ամեն ինչ կվերջանա նրանով, որ ավելի շատ փող կվերցնեն մեզնից, էս չինովնիկները կաշառք չվերցնելուն երկար չեն դիմանա, կկոտրվեն…»: Ոստիկանության գործողությունները հանգեցրին նրան, որ շուկայում հիմա քիչ հայեր են հայտնվում: Տեսնենք, թե ինչով կավարտվի այս հակամարտությունը: Իբրեւ օրինակ բերենք հայաստանցի մի դիտորդի խոսքերը: Arev.ru կայքում նա գրում է (մեջբերում ենք որոշ խմբագրումներով). «Առեւտուր իսկապես իրականացվում է Վրաստանի տարածքով: Մերոնք Երեւանից ու որոշ այլ վայրերից ամեն երկուշաբթի գնում են Սադախլո, ոմանք` իրենց ավտոմեքենաներով, ոմանք՝ ավտոբուսներով ու միկրոավտոբուսներով: Սադախլոն հսկայական մեծածախ շուկա է: Այստեղ են բերվում ամենաէժան ու ամենաանորակ ապրանքներ Թուրքիայից, Իրանից, Չինաստանից ու Սիրիայից: Սադախլոյում հիմնականում ապրում են ադրբեջանցիներ: Նրանք մեզ հետ առեւտուր են անում արդեն 5-6 տարի, գուցեեւ` ավելի, չեմ հիշում: Հայերն ապրանքը հիմնականում «նիսյա» են վերցնում: Իմ ծանոթուհիներից մեկը պարտք է մոտ 10.000 դոլար: Ադրբեջանցիները դրան հանգիստ են վերաբերվում. մի օր կտա, էլի: Իմ դիտարկումներով՝ մերոնք ու ազերիները բավական լավ հարաբերությունների մեջ են…»:

Մի՛ վատաբանեք իրար

Եթե թույլ տաք, մի փոքր շեղվեմ նյութից: Բոլոր երեք ժողովուրդներն էլ միշտ իրար ավելի շատ են վստահել, քան կայսերական հովեր ունեցող եկվորներին: Դուք եղե՞լ եք Մոսկվայում: Չեմ կարծում, թե հայերն այնտեղ ռուսներին ավելի շատ են վստահում, քան ադրբեջանցիներին, թեեւ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է: Ի դեպ, Վրաստանի քաղաքացի ադրբեջանցի վարորդներն առանց պրոբլեմների մեկնում են Այրում կայարան ու Ռուսաստան ուղեւորվող հայերին առաջարկում` իրենց մեքենաներով հասցնել Վլադիկովկաս, Ցխինվալի, եւն: Հայ ուղեւորներն ասում են, որ ավելի շատ վստահում են ադրբեջանցի վարորդներին, քան հայերին ու վրացիներին: Նախ՝ նրանց առաջարկած գներն ավելի հարմար են, երկրորդ՝ ի տարբերություն հայերի ու վրացիների, նրանք «գործ չեն տալիս» վրացի ոստիկաններին ու «չեն ծախում» հայերին: Գաղտնիք չէ, որ հեղափոխությունից առաջ վրացական ճանապարհային ոստիկանությունն ուղղակի «թալանում էր» Վրաստանի տարածքով Ռուսաստան մեկնող հայերին ու ադրբեջանցիներին:

Խաղաղության ու բարգավաճման ճանապարհ

Սադախլոյի մասին խոսելիս չի կարելի շրջանցել նոր ավտոմագիստրալի թեման, որը շահագործման է հանձնվել այս աշնանը: Այն 30 կմ երկարություն ունի եւ կառուցվել է հիմնականում Քուվեյթի հիմնադրամի գումարներով՝ 16 մլն դոլար: Հայաստանցի բեռնափոխադրողներն անչափ ուրախ են. «Այդ ճանապարհը մենք անցնում էինք 4-5 ժամում, գնում էինք խմբերով, ամեն ինչից վախենում էինք, հատկապես` ավտովթարներից»,- ասում է Սլավիկ Դավթյանը՝ վարորդներից մեկը: Ի դեպ, Սլավիկն ասում է, որ եթե հայ խորհրդարանականների ջանքերը չլինեին, հազիվ թե իրենք այդպիսի հարմարավետ ավտոմայրուղի ունենային…

Աստված պահի Քալբատոնո Շորենային

Իսկ հիմա` ըստ էության: Տեղաբնակ ադրբեջանցիները (հիշենք Կուլարի գյուղի դեպքը) հնարավորություն չունեն ոտքները շեմից դուրս դնելու, թեեւ դեռ Շեւարդնաձեի օրոք Թբիլիսիից եկած ինչ-որ մարդիկ 1200 հեկտար հող էին առել՝ գործարան կառուցելու նպատակով: Այնինչ, ըստ սահմանադրության՝ կոպիտ ասած, «աբորիգեններն» առաջնահերթ իրավունք ունեն հող գնելու:

Երբ մենք Սադախլոյում էինք, գյուղացիներից շատերը մեզ պատմում էին քալբատոնո (տիկին) Շորենայի մասին: Նա ուսումնական տարվա սկզբից դստեր հետ ապրում է այստեղ: Տիկին Խուխուան սիրում է իր ազգին (ինչպես եւ` տողերիս հեղինակը, որ հանգամանքների բերումով երկար տարիներ ապրում եմ Բաքվում ու սիրահարված եմ այդ հրաշալի քաղաքին): Նա վրացերեն է դասավանդում Սադախլոյի միջնակարգ դպրոցում, միաժամանակ սովորում է Թբիլիսիի պետհամալսարանի ասպիրանտուրայում: Հենց այսպիսի մարդիկ կարող են կոտրել մեր ժողովուրդների միջեւ սառնությունը, հենց նրանք կարող են ապացուցել, որ կարելի է ապրել նաեւ առանց մաքսանենգության: Իսկ որպեսզի նրանց ջանքերն արդյունք ունենան, չինովնիկները պետք է ոչ թե նեղացածի կեցվածք ընդունեն, այլ օգնեն Շորենա Խուխուայի նմաններին: