Անունդ, ասա անունդ

18/02/2007 Արա ԳԱԼՈՅԱՆ

Մեծ կոմբինատորի հանրահայտ միտքը տեղեկատվական տեխնոլոգիաների դարում պետք է որ այլ կերպ հնչի: Մոտավորապես այսպես` «Ինտերնետը ճոխություն չէ»: Իսկ ի՞նչ է, միանշանակ դժվար է ասել: Փոխարենը կարող եմ վստահեցնել, որ դա մի անիրական տարածք է, ուր կարելի է տարօրինակ ու հետաքրքիր տվյալներ գտնել: Անգամ` հայկական տիրույթում: Օրինակ, մեր Ազգային վիճակագրության ծառայության կայքում կա հետեւյալ տեղեկատվությունը` «Նորածիններին ավելի հաճախ տրվող անուններն ըստ սեռի 2005-2006 թվականներին»: Մեր նորածիններին տրվող անունների նկատմամբ հասարակական հետաքրքրությունն առնվազն տասնամյակների պատմություն ունի: Վեց-յոթ տասնամյակ առաջ հայերը սկսեցին իրենց երեխաներին տարօրինակ անուններ տալ: 1930-40-ականներին անգամ ընդունված էր «կարմիր կնունք» անել ու փոխել եկեղեցական մկրտությամբ տրված անունը: Ամենահայտնին Գեւորգ Էմինի օրինակն է: Ժամանակին «կարմիր կնունքի» հետեւանքով նրան Կառլեն էին վերանվանել, ի պատիվ Կարլ Մարքսի ու Լենինի: ԺՉՈ Չ ՏՊվՏՎ: Պոետը հետո, շատ տարիներ անց էր վերականգնել իր նախնական անունը: Խորհրդային տարիներին միջին օղակի ղեկավարների մի ընտանիք կար, որը հանրահայտ էր դարձել անուններով: Եղբայրների անունները Շչորս ու Սնայպեր էր, քրոջը` Մեդսեստրա: Շչորսն ու Սնայպերը հավանաբար պիտի կռվեին կապիտալիզմի դեմ, Մեդսեստրան անհրաժեշտության դեպքում պիտի բուժեր նրանց: Գաղափարախոսական տոտալիտարիզմի մեղմանը զուգընթաց` միայն հայկական կամ հայկականացված անունները չէ, որ վերադարձան: Հայտնվեցին ու նոր անհասկանալի, բայց բարեհունչ համարվող անուներ` Գալանտերիա, Դեզինտերիա, Շեւրոլե: Այս տարօրինակ անունների մոդան կարողացավ կանխել Հովհաննես Շիրազը` իր երգիծական բանաստեղծությամբ, որ 60-ականներին դպրոցական դասագիրք մտավ: Օտար անունների նկատմամբ պաշտամունքի հասնող վերաբերմունքը, սակայն չհաղթահարվեց: Տարիներ առաջ, երբ գյուղերը հեռախոսիֆիկացված էին, որեւէ գյուղ ընկնելիս սիրածս զբաղմունքը հեռախոսագիրք թերթելն էր: Գյուղական հեռախոսագրքերում բաժանորդների անուն-հայրանունն ամբողջությամբ էր գրվում: Ինչ անուն ասես չկար` Սեկտոր, Վաշինգտոն, Լոնդոն, Ինդուստրալիզացիա, Դորվարդ, Գավրոշ: Վիճվարչության կայքում հրապարակված անունների դիտարկումն այսօր հնարավորություն է տալիս տեսնել, թե ինչ է փոխվել անցած տարիների ընթացքում: Հիշեցնեմ` տեղեկատվությունը հրապարակված է ըստ սեռերի: Հետեւաբար կարելի է դիտարկել, թե մենք` հայերս, ինչ վերաբերմունք ենք դրսեւորում մեր աղջիկ ու տղա զավակներին անուն ընտրելիս: Իսկ տարբերություն դնում ենք: Անգամ անուն ընտրելու հարցում: Տղաների անուններն «ավելի» հայկական են: Այստեղ հիմնականում գերակշռում են հայկական կամ շատ վաղուցվանից հայկական ընկալվող անունները: Նախ կարելի է անել հետեւյալ դիտարկումը` երեխաների անուններ ընտրելիս մենք այնքան էլ բազմազանության կողմնակից չենք: Վիճվարչությունը հրապարակել է տղայի եւ աղջկա 46-ական անուն: Այդ 46-ական անունով մենք անվանակոչել ենք մեր նորածինների 62 տոկոսին: Համաձայնեք, որ կրկնվող անունները շատ են: Մեր տղա նորածինների ամենամոդայիկ անունը Նարեկն է (նորածին տղաների 4.25 տոկոսը կրում է այս անունը): Համարյա նույնքանը` Դավիթ անունը: Անունների հիթ-շքերթում երրորդն Էրիկն է: Սա մի փոքր տարօրինակ է, որովհետեւ 46 տողանոց ցուցակում օտար անուններն ընդամենը 13-ն են: Այդ «օտար» անունների մեջ հարկավ մեծ տոկոս են կազմում պապիկի պատվին դրվածները: Վերջին երկու տարում 230 տղայի անվանակոչել են Ժորա: Եթե հաշվի առնենք, որ ԶԱԳՍ-ի աշխատակիցները նման անուններ գրանցելուց առաջ փորձում են համոզել ծնողներին` ավելի հայկական անուն ընտրել` ակնհայտ է, որ Ժորաներն անվանակոչվել են ի հեճուկս նրանց եւ ի փառս Ժորա պապիկի: Այսպես են հավանաբար Սերգեյ, Էդուարդ, Արտյոմ, Ալբերտ, Համլետ անունները գրանցվում: ՀՀ օրենսդրությամբ` ԶԱԳՍ-ն իրավունք չունի չգրանցել ծնողի պահանջած անունը: Էրիկն ակնհայտ չի կարող պապի անուն լինել: Վիճակագրությունն ապացուցում է, որ հիմա պապիկները ջահելացել են: Իսկ ավանդույթի համաձայն` «երիտասարդ» պապիկներն ավելի դժվար են համաձայնում, որ թոռնիկներն իրենց անունը կրեն: Երիտասարդ տատիկները (նկատեցի՞ք, որ տատիկների պարագային երիտասարդ բառը չչակերտեցի) ավելի դժվար են համաձայնում թոռնուհիներին իրենց անունով կոչել: Դա ակնհայտ է աղջիկների անուների ցուցակից: Էմմաները քիչ են, իսկ Կիմա, Ռոզա ու նման` խորհրդային շրջանում տարածում գտած անուններ ցանկում չկան: Փոխարենը` 46-ից 20-ն օտար անուններ են, տղաների 13-ի դիմաց: Ինչո՞ւ են հայ ծնողներն իրենց աղջիկներին ավելի շատ օտար անունով կոչում, քան տղաներին. այս հարցը մասնագիտական բացատրություն իհարկե ունի: Հայ մարդն իր շարունակությունը տղա երեխայով է տեսնում: Ուստի տղայի անուն ընտրելիս ավելի ավանդապաշտ է: Նշենք, որ հեռուստասերիալային անուններ դրանց շարքում չկան: 2006թ. ծնված հայ աղջնակներն ամենաշատը կրում են Միլենա անունը: Սա առեղծված է, որի բացատրությունը ոչ մի ազգագրագետ ու սոցիոլոգ չունի: Միլենա անունով սերիալային հմայիչ հերոսուհի ոչ ոք չհիշեց: Երկրորդ տարածված անունն Անին է, երրորդը` Էլենը: Աշխարհում կնոջ ամենատարածված անունը` Աննան, մեր ազգային հիթ-շքերթում հինգերորդն է: Երկու տարվա կտրվածքով Աննան իր տեղն արագ է զիջում: Մինչդեռ իմ երիտասարդության շրջանում տարածված կարծիք կար` եթե աղջկա անունը մոռացել ես, ապա դիմիր Աննա` 50 տոկոսանոց հավանականություն կա, որ կհամընկնի: Ցավոք, նույն հնարավորությունը Թաթան չունի: Չունի ու որպես ռոմանս երգում է «Անունդ, ասա անունդ»: