Ճիշտը չուշանալն է

18/02/2007

Օրերս մի ուղեւոր պատրաստվում է «Արմավիա» ավիաընկերության ինքնաթիռով Երեւանից մեկնել Մոսկվա («Դոմոդեդովո» օդանավակայան):

«Հայի խասյաթի» համաձայն, ուղեւորը 5 րոպեով ուշանում է հաշվառումից: Սակայն նրան չեն արգելում թռչել, այլ գանձում են 70.000 դրամ, վերաբացում են հաշվառման սեղանը եւ թույլատրում են նստել օդանավ: Ինչպես տեղեկացանք «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի հանրային կապերի պատասխանատու Գեւորգ Աբրահամյանից, նմանատիպ դեպքերում «Զվարթնոցը» գործ ունի միայն ավիաընկերությունների հետ: Նրա խոսքերով, հազվադեպ դեպքերում տվյալ ավիաընկերությունը պետք է դիմի օդանավակայանին` ռեգիստրացիայի սեղանը վերաբացելու խնդրանքով: «Եթե ուղեւորն ուշացել է ռեգիստրացիայից, եւ ծայրահեղ դեպքերում վերաբացվում է հաշվառման սեղանն, ապա սահմանված վճարի դեպքում վճարը փոխանցվում է օդանավակայանին: Այդ վճարն «Արմավիան» չի սահմանում»,- մեզ հետ զրույցում նշեց «Արմավիայի» մամուլի խոսնակ Ժասմեն Վիլյանը: Հաշվառման գործընթացը սկսվում է թռիչքից 3 ժամ առաջ, հաշվառման սեղանը փակվում է թռիչքից կես ժամ առաջ: ՀՀ կառավարությանն առընթեր Քաղավիացիայի Գլխավոր վարչության պետի մամուլի խոսնակ Գայանե Դավթյանի հավաստմամբ, հաշվառումից ուշացած ուղեւորը եթե դիմում է ավիաընկերությանն, ապա վերջինս, հաշվառման սեղանը վերաբացելու համար օդանավակայանին պետք է վճարի 70.000 դրամ: Այսինքն, այդ գումարները գնում են օդանավակայանին: Այդ դեպքում, էլ ո՞րն է ավիաընկերության օգուտն այս դեպքում: Չէ՞ որ ընկերությունը պարտավոր չէ ուշացած ուղեւորի համար վերաբացել հաշվառման սեղանը, առավել եւս, որ դրա դիմաց գանձված տուգանքն օդանավակայանին է փոխանցելու: Բնականաբար, այստեղ առաջ է գալիս հարցը «հայավարի» լուծելու տարբերակը: Բացառված չէ, որ ցանկացած ուշացած ուղեւոր կարող է ցանկացած պահի բացել տալ արդեն փակված հաշվառման սեղանը` դրա դիմաց որոշակի «պարգեւատրում» խոստանալով հաշվառումն իրականացնող աշխատակիցներին: Իսկ հավելյալ ծախսերից ու խնդիրներից խուսափելու ամենալավ տարբերակն, իհարկե, ճիշտ ժամանակին հաշվառումն անցնելն է: