«Մենք էլ Պիզա ունենք»,- հաճախ կատակում են Էրեբունի համայնքի Արցախի 8/2 շենքի բնակիչները: Իսկ տնային տնտեսուհիներից մեկը ժպիտով ավելացնում է, որ թխած տորթը թեքվել էր, եւ նրանք դա կապել են շենքի թեքության հետ:
Լուսյա Աբելյանը 2000 թվականից այս «թեք» շենքի բնակիչ է. «Այն ժամանակ բնակարանը գնեցինք 2000 դոլարով: Այն բավականին վատ վիճակում էր. հիմնական պատն ուներ բավականին մեծ բացվածք, որն ամուսինս ամրացրեց: 2004-ի գարնանը շենքի հիմքի մի կողմն ամրացրեցին, իսկ մյուս կողմը խոստացան հետո ամրացնել, սակայն մինչ օրս խոստումն օդում է մնում: Անգամ ասում են, որ շենքը թեքություն է ունեցել մինչ հանձնելը»:
Բնակիչներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, ասաց, որ ժամանակին այդտեղով անցել է Գետառը, եւ գուցե դրանից է շենքի հիմքի մի կողմը նստել: Սակայն մեզ հետ զրուցել ցանկացողները պնդում էին, որ շենքի հիմքի թեքության հիմնական պատճառ կարող էր հանդիսանալ կոյուղաջրերի նկուղ լցվելը: 2004թ. սկսված եւ շուրջ մեկ տարի տեւած վերանորոգման աշխատանքների արդյունքում ամրացվել է շենքի հիմքի մի մասը, իսկ մյուս մասը լցրել են հողով, որպեսզի շենքն, ուղղվելու դեպքում, «նստի» հողի վրա: Սակայն այսօր ի հայտ է եկել նոր խնդիր. այս անգամ` հարեւան շենքի կոյուղաջրերն են լցվում շենքի նկուղ, ինչը կարող է ավելի թեքել շենքը: Լուսյա Աբելյանի ամուսինը՝ Գուրգեն Խաչատրյանը, չի կիսում կնոջ կարծիքը. «Շենքը վթարային չէ: Չնայած, որ այն թեք է, սակայն հիմնական պատերն ամուր են: Նախագծի հեղինակ Բաբայանը բնակիչներին ասել է, որ շենքն անգամ այս վիճակում բավականին անվտանգ է, եւ նույնիսկ երկրաշարժի դեպքում էլ այն չի վնասվի»:
Միմյանց հարեւանությամբ գտնվող երկու շենքերի ներքեւի մասի հեռավորությունը կրկնակի անգամ մեծ է 14-րդ հարկերի միջեւ ընկած հեռավորությունից: 14-րդ հարկում բնակվող Դավիդյաններն ասացին, որ անգամ տան մեջ նկատելի է թեքությունը, իսկ ըստ բնակիչներից մեկի` շենքը ոչ թե մի կողմ է թեքված, այլ ասես պտտվում է իր առանցքի շուրջ. 2000թ. մի շենքի տանիքից մյուսի տանիքն անցնելու համար մի լավ թռիչք էր պետք անել, իսկ այսօր համարձակ մի քայլն էլ բավական է:
Լիլյա Արեստակեսյանը շենքի առաջին բնակիչներից է եւ հետաքրքրվում է շենքի հետ կապված բոլոր խնդիրներով.
– Շենքը թեքվել է 12 տարի առաջ: Այս պահին եւս շենքի տակ կոյուղաջուր է լցված: Դիմել եմ համատիրություն` ասել են, որ ոչնչով օգնել չեն կարող, քանի որ բնակիչները հարկերը չեն վճարում: Բացի այդ, շքամուտքի դուռ չունենք, եւ վնասված են ջրագծերը: Դիմել եմ քաղաքապետարան, ասել են` դիմումը ներկայացրեք Հանրապետական կուսակցություն` նրանք մեզ կփոխանցեն: Թող գան, սարքեն, իսկ փոխարենը բնակիչներն իրենց ձայներն առաջիկա ընտրություններում կտան այդ կուսակցությանը: