«Գինի շատ խմեք, որպեսզի ինֆարկտ չստանաք»,- ասում է «Վեդի Ալկո» ընկերության նախագահ Մանվել Ղազարյանը

18/02/2007 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

– Պարոն Ղազարյան, դուք առարկություն հայտնեցիք «168 Ժամ» թերթի այն հրապարակմանը, թե հայկական գինին իր որակական ու համային հատկանիշներով աշխարհում ավելի ցածր է գնահատվում, քան, ասենք, վրացական կամ այլ երկրների գինիները: Ինչո՞վ եք բացատրում ձեր առարկությունը կամ ինչո՞վ կարող եք ապացուցել, որ հայկական գինին ավելի որակյալ է, քան մեզ թվում է:

– Նախ` մեր բնակլիմայական պայմանները թույլ են տալիս, որ մենք ավելի որակյալ խաղող ստանանք, իսկ որակյալ խաղողը որակյալ գինի ստանալու ամենաառաջին պայմանն է: Եվ հետո՝ ես մի օրինակ բերեմ՝ դուք ինքներդ դատեք: Նոյեմբերին Հայաստանի տարվա շրջանակներում մենք Ֆրանսիայում էինք եւ այցելեցինք գինի իրացնող մի կազմակերպություն: Այնտեղ մեզ թերահավատորեն վերաբերվեցին՝ թե հայկական գինին չի կարող լավը լինել: Այդ ընկերության ներկայացուցիչներին ես առաջարկեցի համտեսել մեր գինին եւ համեմատել այլ երկրների արտադրանքի հետ: Սկզբում մեր «Արենին» համեմատեցին վրացական գինու հետ, տեսան, որ մերը լավն է: Բացեցին վրացական մեկ այլ գինի, այս անգամ էլ զարմացան, որ մերը նորից լավն է: Բացեցին երրորդ շիշը, որն ավելի թանկ արժեր, եւ «ոսկե զապաս» էին պահել, եւ նորից զարմացան, որ դա էլ է զիջում մեր «Արենիին»: Հետո ընկերության ղեկավարը ֆրանսիական գինի բացեց, որն արտադրված էր բարձր տեխնոլոգիաներով եւ պահվում էր համապատասխան ջերմաստիճանային ռեժիմով: Համտես արեց, տեսավ, որ սա էլ է զիջում: Ասաց՝ էս գինին փչացած է: Ասացի՝ փչացած չէ, դա է իր համը: Այդ ժամանակ նոր համոզվեցին, որ մենք էլ լավ գինի ունենք: Եվ դրանից հետո այդ ընկերությունից պատվեր ստացանք: Նրանք նաեւ շահագրգիռ կողմ հանդիսացան, որ մենք աշխատենք ռուսական մեկ այլ խոշոր ընկերության հետ, որն այնքան պատվեր է տալիս, որ մենք չենք կարողանում ապահովել:

– Դուք ուզում եք ասել, թե մեր գինին մրցունակ է ֆրանսիական կամ եվրոպական այլ երկրների հայտնի ֆիրմաների գինիների հե՞տ:

– Իհարկե, ոչ բոլորի հետ, բայց շատ դեպքերում մրցունակ է: Պարզապես մեր գինին աշխարհին լավ չի ներկայացվում:

– Հայկական գինին գրկաբաց չի ընդունվում նաեւ Հայաստանում: Մերոնք գինի շատ չեն խմում:

– Ետխորհրդային տարիներին Հայաստանում գինեգործությունն ամբողջությամբ մեռել էր: Սկսեցին զարգացնել 1997-98 թթ.: 1990-ականներին ռեստորաններում գինի չկար: Տարբեր երկրների լիկյորներ, սպիրտային այլ խմիչքներ կային, բայց գինի չկար: 1950-60-ական թթ. ռուսական օրիենտացիան (կողմնորոշվածությունը) մեզ տարավ դեպի օղին: Գինի խմելու սովորությունը նոր-նոր սկսել է վերականգնվել:

– Ռուսական այդ օրիենտացիան միայն Հայաստանի վրա տարածվեց: Ինչո՞ւ վրացիները չհրաժարվեցին իրենց գինուց:

– Դա գալիս է նաեւ ներկայացնելուց, իրենց ժողովրդից: Վրացիները սիրում են գինի խմել, նրանց մոտ արմատացած է այդ սովորույթը: Նրանք հպարտանում են իրենց գինիներով: Խմելիս՝ նույնիսկ սեղանի վրայից դատարկ շշերը չեն տանում: Թողնում են սեղանի վրա կուտակված, որ կողքից տեսնեն, թե իրենք որքան գինի են խմել: Նրանք հպարտանում են նույնիսկ այդ դատարկ շշերով: Վրացիների մոտ գինի խմելն արդեն ազգային ավանդույթ է դարձել, պաշտամունքի նման մի բան: Հայերն էլ հաստատ վրացական կոնյակը չեն նախընտրի, կխմեն մերը: Բացի այդ, վրացական գինիների մեջ սպիրտայնությունը համեմատաբար ավելի թույլ է, եւ շատ է խմվում: Կապված բնակլիմայական խիստ պայմանների հետ՝ շատ շոգ ամառվա եւ շատ ցուրտ ձմեռվա հետ, մեր խաղողը վրացականի համեմատ ավելի քաղցր է, շաքարայնությունն ավելի բարձր է, դրա համար էլ սպիրտայնությունը բարձր է լինում: Իհարկե, ես չեմ էլ ասում, թե մեր գինին շատ-շատ լավն է: Բնականաբար, դեռ շատ տեղ ունի ավելի որակյալ դառնալու համար:

– Փաստորեն, Հայաստանի բնակլիմայական պայմանները բարենպաստ են որակյալ գինի արտադրելու համար: ՈՒրեմն տեխնոլոգիանե՞րն են շատ հին, դրա համար էլ որակյալ գինի չենք կարող արտադրել:

– Այո: Մենք դեռեւս 5 տարի առաջ տեղադրել ենք խաղող ճզմող ֆրանսիական մեքենա: Դա հնարավորություն է տալիս, որ գինենյութն ավելի որակով ստացվի, թեպետ դա էլ բավարար չէ: Պետք է ներդնել նաեւ այլ տեխնոլոգիաներ: Բայց մինչ այդ մենք ուզում ենք որակյալ խաղող ստանալ եւ դրա համար այգիներ ենք հիմնել: Խորհրդային տարիներից հետո խաղողի մեծ այգիները մասնատվեցին եւ մասնավորեցվեցին: Փոքր տնտեսություններն իրենց այգիները միատեսակ չեն մշակում՝ ոմանք լավ են մշակում, ոմանք՝ վատ: Դրա համար էլ խաղողը նույն որակի չի ստացվում: Իսկ տարբեր որակի խաղողից լավ գինի չի ստացվի: Ֆրանսիական ֆիրմաները հիմնականում ունեն իրենց այգիները: Այնտեղ մասնագետներն են որոշում, թե այգին երբ է պետք մշակել, բերքահավաքը երբ կատարել: Մինչեւ բերքահավաքը նրանք ստուգում են խաղողի համային հատկանիշներն ու հասունության աստիճանը: Մեզ մոտ մասնագիտական նման մոտեցում չկա: Այգիները ջրում են անկանոն գրաֆիկով՝ երբ ջուրը տվեցին: Բացի այդ, նոր ջրած այգու խաղողն ավելի ծանր է լինում: Իսկ մեր գյուղացիները նման խորամանկության գնում են: Վերջին անգամ այգին պետք է ջրել բերքահավաքից 20-25 օր առաջ: Դրա համար էլ Հայաստանում արտադրված գինին համային նույն հատկանիշները չունի: Ֆրանսիայում խաղողի այգիները չեն ջրում, տեղումներն այնտեղ բավարար են: Որպեսզի մենք կարողանանք համային նույն հատկանիշներով որակյալ արտադրանք ունենալ եւ անընդհատ որոշակի քանակ ապահովել, ստիպված այգիներ հիմնեցինք եւ մեր թիկունքն ապահովեցինք: Դրան պետք է հաջորդի նոր տեխնոլոգիաների ապահովումը: Հետո արդեն մեր գինին ավելի որակյալ կլինի: Մենք կկարողանանք մեր պատվիրատուին նույն համային ու որակական հատկանիշներով մշտական գինի ապահովել: Մի բան էլ ավելացնեմ, մեր գինու համը ֆրանսիական գինիների համին գրեթե չի զիջում, պարզապես նրանց բույրն է ուրիշ: Դա գալիս է այն հանգամանքից, որ նրանց այգիները չեն ջրվում: Արոմատիկ նյութերը մեր խաղողի մեջ համեմատաբար քիչ են լինում: Իսկ բույրը կարող է լրացվել պահպանման ընթացքում: Մեր գինին ավելի շատ ունի վայրի պտուղների հոտը: Ճիշտ պայմաններում, ճիշտ տակառներում պահպանելով՝ նրան գումարվում են նաեւ կաղնու փայտից վերցրած հոտն ու համը:

– Պարոն Ղազարյան, 2006 թվականը գինեգործների համար ծանր տարի էր: Նախ, Ռուսաստանն անցավ ակցիզային նոր համակարգի եւ երկար ժամանակ ոգելից խմիչք չէր ընդունում: Եվ հետո, Հայաստանում երաշտ էր, եւ որակյալ ու բավարար չափի խաղողի բերք չստացվեց: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ։

– Իրոք, անցած տարին երաշտի պատճառով բերքառատ չէր: Մեր ամբողջ հույսն այս տարվա վրա է, եւ ամեն տարի մտածում ենք, թե եկող տարին ավելի բերքառատ է լինելու: Ինչ վերաբերում է արտահանմանը, ռուսական շուկայում խմիչքների դաշտի կարգավորման հետ համակարգային փոփոխություններ արեցին, եւ այդ պրոցեսը բավական երկար տեւեց: Այդ ամիսներին ռուսական խանութներում արտասահմանյան ոգելից խմիչք չէր վաճառվում: Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին նոր կարողացանք մեծ քանակությամբ ապրանք արտահանել: Հիմա ունենք ահագին շատ պատվերներ: Բացի Ռուսաստանից, 1 կոնտեյներ՝ 13.000 շիշ, արդեն ուղարկել ենք Ամերիկա, արտահանելու ենք Ֆրանսիա: Այս տարին ահագին հետաքրքիր կլինի արտահանման իմաստով:

– Բայց ձեր արտահանման հույսը հիմնականում Ռուսաստանի՞ հետ եք կապում:

– Գիտեք, աշխարհի շատ երկրներ նույնպես փորձում են ռուսական շուկայում տեղ զբաղեցնել: Իսկ մեր երկիրն այնքան փոքր է, որ Ռուսաստանը մեզ համար բավական մեծ ու հարմար շուկա է: Ռուսական շուկան 1 օրում մեր տարվա արտադրանքը կարող է սպառել: Այնքան մեծ է, որ աշխարհի շատ երկրներ են հաշվարկներ անում: Նույնիսկ Չիլին, որ հարավային երկիր է, հույսեր է կապում Հյուսիսային Ռուսաստանի հետ:

– Անցյալ տարի, երբ ռուսական շուկայից դուրս մղվեցին վրացական ու մոլդովական գինիները, կարծիք եղավ, թե այդ բացը կլրացնեն հայկական գինիները: Սակայն կարծես թե Չիլիի գինին Ռուսաստանի շուկայում ավելի ակտիվորեն տարածվեց:

– Ոչ միայն Չիլիի գինիները: Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Արգենտինայի աշխատուժի էժանությունը հետաքրքրեց իտալական, ֆրանսիական արտադրողներին, որոնք տեղական արտադրողների հետ սկսեցին խաղողագործության եւ գինեգործության մեջ մեծ գումարներ ներդնել: Եվ այս երկրներում խաղողագործությունն ու գինեգործությունը սկսեց զարգանալ, ծավալները սկսեցին ավելանալ: Արտադրողները, բնականաբար, սկսեցին շուկաներ փնտրել եւ հասան մինչեւ Ռուսաստան: Չիլին մեզանից մոտ 10 տարի առաջ է սկսել զարգացնել գինեգործությունը: Չիլիի օրինակը ես շատ եմ բերում, որովհետեւ այդ երկրի իշխանությունները հետեւողականորեն աշխատեցին, որ իրենց գինիներն ամբողջ աշխարհում ներկայացվեն: Երբ մենք առաջին անգամ սկսեցինք ցուցահանդեսների մասնակցել, մարդիկ զարմանում էին՝ հայկական կոնյակ ճանաչում են, բայց գինին իրենց համար նորություն է: Մեր գինեգործությունը հազարավոր տարիների պատմություն ունի, բայց ներկայացված չի եղել: Ե՛վ Անգլիայում, եւ՛ Ֆրանսիայում ես ցուցահանդեսների եմ ներկա եղել, որտեղ Չիլիի իշխանությունները շատ մեծ տարածքներ էին վերցնում, որպեսզի իրենց արտադրողները գինին ներկայացնեն: Թեեւ չէի ասի, թե չիլիական գինին փառավոր է: Կան լավերը եւ վատերը: Հիմա ռուսական շուկայի բացը, որն առաջացավ վրացական եւ մոլդովական գինիների դուրսմղման պատճառով, գրավում է նաեւ Չիլիի գինին: Եթե այդ բացը չլիներ, միեւնույն է, Չիլիի գինին ռուսական շուկա կմտներ: Գինին այնպիսի ապրանք է, որ պետք է ճանաչել տաս:

– Ռուսաստանում լինի թե ֆրանսիայում` հայկական գինու հիմնական սպառողը հայկական սփյուռքն է, այդպես չէ՞:

– Սփյուռքը բավականին մեծ գործոն է: Հիմա Ֆրանսիա գինի ենք ուղարկում, որը վաճառվում է ֆրանսահայերի մեջ: Նոր գործընկերների հետ ենք սկսել աշխատել, որոնց շուկան Ռուսաստանից գնացած ետխորհրդային զանգվածն է: Երբ կարողանանք համային նույն հատկանիշներով ու կայուն քանակությամբ գինի արտադրել, այն ժամանակ կաշխատենք այլ շուկաների վրա:

– Կարծիք կա, որ մեր գինին թանկ է, այդ պատճառով էլ դրսում դժվարությամբ է մրցակցում այլ երկրների նույն որակի գինու հետ: Մեր գինին թանկ է նաեւ Հայաստանում:

– Ֆրանսիայում էլ կան էժան գինիներ, հիմա Ռուսաստան ֆրանսիական գինի են ուղարկում, որ բավականին էժան է: Այն գինին, որ Ֆրանսիայում համեմատեցին մեր «Արենիի» հետ,150-160 եվրո արժեր: Բայց մեր գինին այդ թանկ գինուն հաղթեց: Մի մոռացեք, որ մենք ճանապարհների խնդիր ունենք: 1 մեքենա գինի Ուկրաինա ուղարկում ենք մոտ 6000 դոլարով, դա էլ է բերում գնի թանկացմանը: Իսկ Մոլդովայից Կիեւ է մտնում 600-700 դոլարով: Ես կարծում եմ, որ մեր գինին ավելի թանկ արժի: Այնպես որ, այդ թերահավատությունը, որ կա մեր գինու նկատմամբ, այնքան էլ տեղին չէ: Ես չեմ ասում, որ մեր բոլոր գինիները լավն են: Բայց մենք ունենք գինիներ, որ շատ լավն են եւ մրցունակ: Իհարկե, դեռ տեղ ունի շատ ավելի լավը լինելու, եւ մենք դրան կհասնենք: Իսկ վրացական գինին չի կարող էժան լինել, եթե ճիշտ տեխնոլոգիայով է արտադրվում: Ռուսական շուկայից այն հենց այնպես դուրս չմղվեց: Ճիշտ է, քաղաքականություն էլ կար, բայց հիմնական պատճառը վատորակությունն էր:

Մի բան էլ հիշեք, գինին առողջ մարդկանց խմիչք է: Եթե մարդու որեւէ օրգան՝ հատկապես երիկամները, ստամոքսը հիվանդ են, կամ ճնշման խնդիր ունի, ապա գինին դա բացահայտում է: Բայց եթե առողջ մարդը շուտ-շուտ է գինի խմում, քիչ է հիվանդանում: Գինին անոթալայնիչ հատկություն ունի: Իզուր չէ, որ Ֆրանսիայում ինֆարկտների քանակը շատ քիչ է: