Քաղծառայության ոլորտում մարդկային գործոնը հնարավոր չէ ամբողջությամբ բացառել, չնայած, որ տարեցտարի այս առումով առաջընթաց գրանցվում է: Այս միտքն է արտահայտել ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Բորիս Առուշանյանը` օրերս հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ: Խորհրդի նախագահի հավաստմամբ, քաղծառայության խորհուրդ-մարմին-քաղծառայող «եռանկյան» պարագայում միշտ էլ խնդիրներ են ծագում, որոնց լուծման համար օգտագործվում են տարաբնույթ մոտեցումներ:
Խորհրդի անդամ Սրբուհի Արզումանյանի խոսքերով, իրենց կողմից համապատասխան մարմիններում իրականացվում են կադրային գործի վերահսկողության կամ ստուգման աշխատանքներ: 27 մարմիններից 21-ում արդեն ստուգման աշխատանքներ են իրականացվել, որի արդյունքում` հայտնաբերվել են մի շարք խախտումներ` հիմնականում պաշտոնի անձնագրի պահանջները չբավարարող քաղաքացիներին այդ պաշտոնում թողնելու հետ կապված: Իսկ 2004թ. հոկտեմբերի 1-ից նման անձինք պետք է ազատվեին պաշտոնից: Ընթացիկ տարում 9 քաղծառայողներ արդեն ազատվել են պաշտոնից: Ս. Արզումանյանի հավաստմամբ, խախտումների մասով դատական գործեր են հարուցվել:
Խորհրդի անդամները նաեւ նշեցին, որ հանրապետության որոշ շրջաններում կադրերի դեֆիցիտն առավել ընդգծված է, մասնավորապես Քաշաթաղի եւ Շահումյանի շրջաններում, որտեղ կադրերի ապահովման համար ցուցաբերվում են յուրահատուկ մոտեցումներ: